HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ուժը կորցրած ճանաչվեց Վաղարշապատի հիվանդանոցը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց անվավեր ճանաչել առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի առաջարկով ապրիլի 12-ին ընդունված որոշումը:

Այդ որոշումով «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս բաժնետոմսերը պետք է հանձնվեին հավատարմագրային կառավարման: Նշենք, որ գույքը պայմանագրով հավատարմագրային կառավարման է հանձնվում հավատարմագրային կառավարչին, որը պարտավորվում է գույքի կառավարումն իրականացնել ի նպաստ կառավարման հիմնադրի:

Նախարարը կառավարության անդամներին հայտնեց, որ 2000-ականներին առողջապահության ոլորտում օպտիմալացման ծրագիր է իրականացվել և գրեթե բոլոր շրջանային հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները միավորվել են բժշկական միավորումների մեջ, դարձել բժշկական կենտրոններ: Սակայն, եղել են որոշ բացառություններ` պայմանավորված այդ հիմնարկների ղեկավարների միջամտությամբ: «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ն դրանցից մեկն է եղել: «Այսինքն՝ երբ եղել է դիմադրություն պետական քաղաքականության դեմ, այս հիմնարկը չի միացվել: Այսինքն՝ պոլիկլինիկան ու հիվանդանոցը չեն միացվել իրար ու չեն դարձել մի բժշկական կենտրոն, և դրանից հետո վերաբերմունքը այս բուժհիմնարկին եղել է ավելի ստորադասված մյուս բուժհիմնարկի հանդեպ, ու իր վիճակը աստիճանաբար դարձել է ավելի անմխիթար: Եկել է մի պահ, որ միտք է ծագել՝ բերեք տանք հավատարմագրային կառավարման»,- ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝ բուժհիմնարկը հավատարմագրային կառավարման վերցնելու հետաքրքրություն ցուցաբերել է մեկ այլ բուժհիմնարկ, սակայն այդ հետաքրքրությունը փաստաթղթավորված չէ: Նախարարն անհեթեթ համարեց մի պետական հիմնարկը մյուսին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը:

Նախորդ կառավարությունը «Վաղարշապատի հիվանդանոց»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշում կայացնելիս հիմնվել էր առողջապահության նախարարության ուսումնասիրությունների վրա, որոնց համաձայն` «Վաղարշապատի հիվանդանոց»-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում բժշկական սպասարկմանը ներկայացվող ժամանակակից պահանջներին, բժշկական սարքավորումները և կահույքը բարոյապես և ֆիզիկապես մաշված են (մի մասն արտադրված է դեռևս խորհրդային տարիներին): Արդյունքում՝ նշված հաստատությունը գործում է թերծանրաբեռնված, ինչն էլ իր հերթին անդրադառնում է հիվանդանոցի ֆինանսական կայունության վրա:

Նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը կառավարությանը հավաստիացրեց, որ առողջապահության նախարարությունը բժշկական օգնության և սպասարկման ոլորտում նոր քաղաքականություն է մշակում և ոլորտի զարգացման նոր մոտեցումներ է առաջադրելու, որոնք կբարձրացնեն  հիվանդանոցային ծառայություններ մատուցող հաստատությունների գործունեության արդյունավետությունը:

Այդ իսկ պատճառով առողջապահության նախարարն առաջարկեց «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի հարյուր տոկոս բաժնետոմսերը չհանձնել հավատարմագրային կառավարման, փոխարենը մշակել առավել արդյունավետ մեխանիզմներ՝ ուղղված մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, բժշկական սարքավորումներով վերազինմանը, կահույքով և պարագաներով հագեցմանը, որը և կառավարությունը ընդունեց:

Լուսանկարը՝ yerkir.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter