Շաբաթ, 18 օգոստոսի

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հեղափոխության օրերին եւ հետո (Մաս 2)


Մանե Գեւորգյան

Թավշյա հեղափոխության օրերին հաճախ էինք տեսնում, որ երիտասարդները նստարաններով փակում էին փողոցներն ու դրանք վերածում փոքրիկ աշխատասենյակների։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ամենուր էին՝ իրենց համակարգիչներով ու անհրաժեշտ իրերով։

Շարունակում ենք զրուցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ` հասկանալու համար, թե ինչն էր ստիպել նրանց միանալ շարժմանն, ու ի՞նչ առաջարկներ ունեն ՏՏ ընկերությունները ոլորտն ավելի արագ զարգացնելու համար։

Այս անգամ զրուցել ենք PicsArt ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական գծով տնօրեն (CTO) Արտավազդ Մեհրաբյանի եւ արտադրանքի գծով գլխավոր տնօրեն, գործադիր տնօրեն (CPO, GM) Միքայել Վարդանյանի հետ։

Ձախ կողմում Միքայել Վարդանյանն է, աջում՝ Արտավազդ Մեհրաբյանը

PicsArt-ը հիմնադրվել է 2011 թվականին։ Android եւ iOS համակարգերում հասանելի հավելվածը բազմաֆունկցիոնալ ֆոտոխմբագրիչ է, որն ունի ավելի քան 3.000 գործիք։ Ընկերության հիմնադիրները նշում են, որ PicsArt-ը ոչ թե հերթական ֆոտոխմբագրման հավելված է, այլ փոխում է լուսանկարները խմբագրելու, նոր պատկերներ ստեղծելու ամբողջ փորձառությունը։ Հավելվածը, իհարկե, օգտագործում են տարբեր նպատակներով, բայց ակտիվ կիրառություն ունի Instagram-ի կամ մյուս սոցիալական ցանցերի համար լուսանկարներ մշակելու գործառույթը։ Հավելվածն ունի անսպառ հնարավորություններ, որոնք օգտագործելու համար ֆոտոխմբագրման հատուկ գիտելիքներ չեն պահանջվում։ Շատ ընկերություններ PicsArt-ն օգտագործում են որպես գործիք մարքեթինգային խնդիրները լուծելու, լոգոներ ու տարբեր պաստառներ պատրաստելու համար։ Բացի այդ, այն համագործակցում է այլ ընկերությունների ու հայտնի մարդկանց  հետ՝ համատեղ գովազդային արշավներ կազմակերպելու եւ կոնկրետ բրենդի, կազմակերպության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։

Ինչպես նշում է Արտավազդը՝ սկսել են Հայաստանից ու իրենց հաջողությամբ փորձել Հայաստանը տեղափոխել նոր ներդրումներ ստանալու հարթակ։ Սկզբում ունեին ընդամենը 10 աշխատակից, որոնց մեծ մասը եղել են ուսանողներ։ Թիմը ժամանակի ընթացքում շատ արագ աճել է, իսկ ընկերությունն իր հիմնական գրասենյակն է բացել ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում: 2017 թվականին մասնաճյուղ է բացվել Չինաստանում։ Վերջերս PicsArt-ը  ամբողջ չինական շուկայում թոփ 100 ամենահայտնի անվճար հավելվածների ցուցակում դարձել է 8-րդը։ Չնայած մրցակիցները շատ են, իսկ չինական շուկա մտնելը` դժվար, ստարտափը կարողացել է գրավել մարդկանց ու լայն տարածում ստանալ։

Հիմա ընկերության աշխատակիցների թիվը հասնում է 350-ի, որոնցից 320-ն ընդգրկված է հայաստանյան թիմում։ Հավելվածն ունի ավելի քան 500 մլն ներբեռնում եւ ամսական 100 մլն-ից ավել ակտիվ օգտատեր։ Հաջողության գրավականը համարում են համառությունը, ճիշտ ժամանակին ճիշտ գործիքներ առաջարկելն ու ճիշտ տեղում լինելը։

Հեղափոխության օրերին ընկերությունը չի միջամտել աշխատակիցների՝ ցույցերին մասնակցելու ու փողոցներ փակելու ինքնակազմակերված գործողություններին։ Աշխատակիցներն իրենք են որոշել` միանալ կամ չմիանալ շարժմանն ու միանալու դեպքում փորձել ճկուն գրաֆիկով աշխատել՝ անհրաժեշտ աշխատանքները ժամանակին հասցնելու համար։

Այդ օրերին Միքայելը եղել է ԱՄՆ-ում ու նորություններով հետեւել հեղափոխության ընթացքին։ Նշում է, որ այնտեղ նորությունների առաջին տեղում Հայաստանն էր ու ճիշտ լույսի ներքո էին ներկայացնում տեղի ունեցողը։ ԱՄՆ-ի թիմի աշխատակիցները շատ են զարմացել՝ որքան խաղաղ են անցնում ցույցերը, հատկապես, երբ փողոց է դուրս գալիս ավելի քան 200.000 մարդ, բայց ոչ մի անկարգություն տեղի չի ունենում։ Միքայելի խոսքով՝ դա ցույց է տալիս ժողովրդի կամքը, համախմբվածությունն ու կազմակերպվածությունը, ինչն էլ, իհարկե, ստեղծում է վստահություն Հայաստանի նկատմամբ ու նպաստում ապագայում Հայաստանում նոր ներդրումներին։

Հեղափոխությունից հետո Արտավազդն ու Միքայելը վերլուծել են հեղափոխության գաղափարախոսությունն ու արժեքները եւ փորձել զուգահեռներ անցկացնել իրենց ընկերության հիմնական արժեքների հետ՝ առանձնացնելով ընդհանրությունները։

Առաջին բանը, որ ընկած էր հեղափոխության հիմքում, երկրի նկատմամբ սեփականության զգացումն էր։ Մարդիկ դուրս էին գալիս փողոց իրենց բողոքը ներկայացնելու, որովհետեւ երկրի ու ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացում ունեին։ Ընկերության ստեղծման օրվանից հիմնադիրները փորձել են այնպես անել, որ աշխատակիցները ընկերության նկատմամբ ունենան այդ նույն սեփականության զգացումն ու ընկերության ներսում խնդիրներ նկատելիս բարձրաձայնեն ու պահանջեն ուշադրություն դարձնել դրանց։ Այսինքն՝ երբ աշխատանքին պարզապես որպես աշխատանք ես վերաբերվում, արդյունքի չես հասնում, իսկ երբ ընկերությունը համարում ես նաեւ քոնը, ավելի մտահոգ ես լինում ու ավելի արդյունավետ աշխատում։ Հենց այդ նույն մթնոլորտն էր նաեւ հեղափոխության օրերին։

Երկրորդը խիզախությունն է, «դուխով» լինելը։ Ընկերության ներսում միշտ խրախուսում են չվախենալ սխալվելուց ու ցանկացած քայլ ձեռնարկելիս գնալ մինչեւ վերջ։ Արտավազդը նշում է, որ ավելի լավ է գործես, սխալվես, ներողություն խնդրես, քան ոչինչ չանես։ Լավ է արագ փորձել, արագ սխալվել, արագ հասկանալ սխալներն ու առաջ գնալ։ Սխալվելուց չէին վախենում նաեւ շարժմանը միացած մարդիկ՝ արագ որոշումներ, հստակ քայլեր։

Երրորդ ընդհանրությունը թափանցիկությունն է։ Մարդիկ ցանկանում էին/են, որ ամեն ինչ թափանցիկ լինի երկրի ներսում։ Հենց այդ թափանցիկությունն է հիմք դառնում վստահության ու օրենքի գերակայության հաստատման համար։ Ամեն ինչ սկսվեց շարժման ուղիղ հեռարձակումներով, լրատվամիջոցների ամենօրյա լուսաբանմամբ, ինչն էլ ապահովում էր շարժման թափանցիկությունը։ Այդ նույն թափանցիկությունը հիմնադիրները փորձել են միշտ պահպանել ընկերության ներսում։

Վերլուծությունից հետո փաստում են, որ այս հեղափոխության հաջողության հիմքը հենց երիտասարդներն էին։ Մեծ էր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների դերը, որոնք ունեն սեփականության այդ զգացումը ու ոչ թե ուզում են երկրից գնալ, այլ մնալ ու ինչ-որ բան փոխել։ Որպես ընկերություն՝ դրական են վերաբերվում այն ամենին, ինչ կատարվեց, որովեհտեւ դա եւս մեկ առիթ էր, որ աշխատակիցները համախմբվեն մի նպատակի շուրջ ու միասին որոշումներ կայացնեն. այն իսկական team bulding (բառացի՝ թիմի կառուցում) էր։

Հեղափոխությունից հետո աշխատակիցներն ավելի մոտիվացված են, որովհետեւ արդեն ավելի շատ են հավատում իրենց ուժերին։ Արտավազդը նշում է. «Սա լավ սկիզբ է, բայց պետք է սպասենք զարգացումներին։ Շատ ներդրողներ նախքան Հայաստան գալը միշտ որոնում ու տարբեր հոդվածներ են կարդում, տվյալներ ստուգում Հայաստանի մասին։ Իսկ մինչ այս պահը հիմնականում բացասական լուսաբանում է եղել՝ կոռուպցիան բարձր է, շատ հարցեր ծանոթով են լուծվում, օրենքը գերակա չէ։ Այս ամենը միշտ խանգարել է ավելի շատ մարդկանց Հայաստան բերել, բայց հենց գալիս են, շատ են հավանում Հայաստանը, հայերին, մեր ապրելակերպը, խոհանոցը։ Դա է պատճառը, որ հիմա ցանկացած դրական լուսաբանում, այդ թվում՝ հեղափոխությունը դրական լույսի տակ ներկայացնելը միջազգային մամուլի կողմից լավ հիմք է նոր զարգացումների համար»։

Հեղափոխությունից հետո ընկերության հիմնադիրներն անհրաժեշտ են համարում ճիշտ հարկային դաշտի ձեւավորումը։ Կարծում են, որ եկամտային հարկն արդարացված չէ, շատ բարձր է։ Միքայելը նշում է. «Տարբեր ընկերությունների հետ քննարկել ենք, փորձում են ինչ-որ առաջարկներով հանդես գալ։ Գուցե պետք է ֆիքսված դրույքաչափ սահմանել ու դրա փոխարեն երկամտային հարկն իջեցնել։ Պետք է այնպես այնել, որ ոչ թե աշխատակցիները քիչ լինեն, եկամտահարկը` բարձր, այլ հակառակը։ Արդյունքում՝ նույն գումարը կմուծվի։ Պետք է հաշվարկների լավ մոդելներ առաջարկել ու կիրառել»։ Նրա կարծիքով, պետք է եկամտային հարկից ազատել կամ այն շատ իջեցնել արտասահմանից Հայաստան եկած մասնագետների համար։ Կան ոլորտներ, որտեղ Հայաստանում դեռ բացեր կան մասնագետների տեսանկյունից։ Պետք է Հայաստանը գրավիչ տեղ դարձնել՝ այստեղ աշխատելու եւ ապրելու տեսանկյունից, որ լավ մասնագետները գան, մնան Հայաստանում, երկարաժամկետ աշխատեն ու վերապատրաստեն հայկական ընկերությունների աշխատակիցներին։ Անհրաժեշտ են համարում նաեւ շահութահարկի վերանայումը, որպեսզի ավելի շատ կազմակերպություններ ցանկանան իրենց ընկերությունները Հայաստանում հիմնադրել, գրանցել։ Այսինքն՝ պետք է զուգահեռ մի քանի հարց վերանայել հարկային դաշտում ու ստեղծել համապարփակ ու ընդհանուր լուծումների փաթեթ։  

Կարեւորում են օրենքի գերակայությունը, որպեսզի արտասահմանյան ընկերություններն ավելի վստահ համագործակցեն հայկականների հետ ու համոզված լինեն, որ ինչ-որ խնդրի դեպքում կարող են դիմել դատարան ու ստանալ համապատասխան լուծում։  Դա է պատճառը, որ շատ ստարտափներ կամ կազմակերպություններ հաճախ իրենց ընկերությունները ԱՄՆ-ում կամ, օրինակ, Սինգապուրում են գրանցում, որովեհտեւ կան երկրներ, որոնց նկատմամբ վստահությունը մեծ է, քանի որ դատական համակարգն ավելի առողջ է։

Արտավազդի համոզմամբ` պետք են կտրուկ փոփոխություններ կրթական համակարգում։ Բիզնես-համալսարան կապը շատ ամուր պետք է լինի ու որոշ ուղղություններ, ծրագրեր միասին մշակեն։ Կարծում են, որ հիմա Հայաստանը մեծ ներուժ ունի արհեստական բանականությունը (ԱԲ) երկրում զարգացնելու տեսանկյունից։ Հենց այդ նպատակով ընկերությունը տարբեր երկարաժամկետ դասընթացներ է կազմակերպում, որոնք բաց են հետաքրքրված ուսանողների ու ցանկացողների համար։ Բայց այն, ինչ անում են, չի կարող հիմնական լուծում համարվել։ Այս ամենում մեծ ներդրում պետք է ունենա կրթական համակարգը։ Փորձել են համագործակցել համալսարանների հետ, նույնիսկ առաջարկել արհեստական բանականության մագիստրոսական ծրագիր մշակել ու այն իրականացնելու համար ներդրումներ գտնել, սակայն համալսարանները պատրաստակամ չեն եղել համագործակցության համար։ Բացի այդ, ինչպես նշում է Միքայելը, ոլորտն արագ է զարգանում, իրենք սովոր են արագ որոշումներ կայացնել, դինամիկ աշխատել, իսկ համալսարաններում ամեն ինչ շատ դանդաղ է շարժվում առաջ, ցանկացած փոքր հարց մի քանի տարի է պահանջում լուծելու համար։ Հենց այդ պատճառով էլ չեն կարողացել կառուցողական համագործակցություն զարգացնել։


Ակնկալում են, որ հեղափոխությունից հետո ավելի շատ ուշադրություն կդարձնեն կրթական համակարգին, ու ՏՏ ոլորտն ավելի արագ զարգացնելու համար համալսարանները պատրաստ կլինեն ոլորտի ընկերությունների հետ համագործակցելուն, միասին ծրագրեր մշակելուն ու լավ մասնագետներ պատրաստելուն, որոնք ավարտելուց հետո կկարողանան աշխատանքի անցնել ու միանգամից ներդրում ունենալ ընկերությունների զարգացման մեջ։

Արտավազդի ու Միքայելի համոզմամբ` Հայաստանում ստարտափ էկոհամակարգը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ շատ զարգացած է, իսկ արհեստական բանականության տեսանկյունից երկիրը մեծ պոտենցիալ ունի, որովհետեւ դա այն ոլորտն է, որտեղ քիչ ռեսուրսներով կարելի է շոշափելի արդյունքի հասնել։ Քանի որ ՏՏ-ն շատ լայն հասկացություն է, իրենք փորձում են այս պահին կենտրոնանալ հենց Հայաստանում ԱԲ-ն զարգացնելու ուղղությամբ ու, օրինակ, նպաստել Հայաստանում ԱԲ հետազոտական կամ վերապատրաստման կենտրոններ ստեղծելուն։

Վստահ են, որ Հայաստանն ունի մեծ ներուժ։ ՏՏ-ի զարգացումը նպաստում է ոչ միայն տնտեսական աճին, այլեւ թույլ է տալիս այլ երկրներից տարբերվել ոլորտում ունեցած հաջողություններով ու նորարություններով։ 


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։