HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լավատեսությամբ քայլել է պետք»,- ասում է 2 անչափահասներին մեծացնող մայրը

10-ամյա Լիլիան ու 9-ամյա եղբայրը՝ Էմանուելը, հեռուստացույց էին դիտում, երբ ներս մտանք նրանց սենյակ: Մայրը՝ Արմինե Ղազարյանը, խնդրում է նստել՝ առաջարկելով սենյակի միակ աթոռը:

Անծանոթների ներկայությունը մի փոքր կաշկանդվածություն ու անհարմարավետություն է ստեղծում երեխաների համար. ստիպված լինելով իջեցնել հեռուստացույցի ձայնը՝ նրանք մոտենում են էկրանին. «Անվախ Հենրի» ֆիլմն են դիտում: Կաշկանդող մթնոլորտը փոխելու համար սկսում եմ հարցեր տալ ֆիլմից, կտրուկ են պատասխանում: Հարցնում եմ՝ իսկ Հենրին որտե՞ղ է, Էմանուելն առանց աչքը հեռացնելու հեռուստացույցից պատասխանում է, թե ինքնաթիռում է: Լիլիան ժպտում է:

Էրեբունու հանրակացարանի առաջին հարկի փոքր սենյակում են ապրում՝ վարձակալությամբ: Տունը կոկիկ է, ամեն իր, կարծես, իր տեղն ունի: Բացված բազմոցը նաև մահճակալ է Էմանուելի և 39-ամյա Արմինեի համար, իսկ Լիլիան քնում է տատիկից նվեր ստացած մահճակալին:

Երիտասարդ մայրն ասում է, որ այստեղ են արդեն 4 տարի, ամսական 25 հազար դրամ վարձ են տալիս: Ամուսնալուծվելուց հետո է եկել հանրակացարան: Մինչ այդ ամուսնու հետ ապրում էին Խարբերդում, հետո, ասում է, իրար չհասկացան, ընտանիքում արդեն բռնություն կար: Սա պատմելիս Արմինեի ձայնի մեջ ոչ մի թրթիռ չկա: Շարունակում է պատմությունը, ասում է՝ ամուսնալուծվել են, բայց երբեք իրեն թույլ չի տվել երեխաների մոտ ամուսնուն վատաբանել: «Երեխաներիս մեջ երբեք թույն չեմ լցրել իրենց հոր հանդեպ, իրենց հայրն է, պետք է սիրեն ու հարգեն, հետո մեծանան, գուցե շատ բան հասկանան»,- սա ասելուց ժպտում է, ապա գլուխը կախում, հետո ավելացնում, որ ամուսինը գալիս, տեսնում է երեխաներին:

Արմինեն հաճախ է ժպտում, բայց ժպիտի մեջ տխրություն կա: Հիմա հավաքարար է աշխատում հացի փռում, օրական 1500 դրամ է ստանում: Բացի դրանից՝ երկու կամ երեք օրը մեկ լավաշի խմորն է գրտնակում. մի գունդը 5 դրամով է գրտնակում, ընդհանուր մոտ 2600 դրամ է աշխատում: Բայց աշխատանքի բուռն շրջանը Նոր տարվա նախաշեմին է. ռեկորդ է գրանցել՝ օրվա մեջ 500 գունդ է գրտնակել:

Ամռանն օրերն է հաշվում, որ դեկտեմբերը շուտ գա, որպեսզի կարողանա ապառիկ գնած սառնարանի գումարը փակել: Ասում է՝ ստիպված է գնել. սնունդը փչանում էր:

Երեխաների համար 31 հազար դրամ նպաստ է ստանում: Արմինեի ասելով՝ նույնիսկ 5 հազար դրամն իրենց համար մեծ գումար է: Եթե գումարը բավականացներ, շատ կցանկանար Լիլիային տանել քանոնի դասերի, Էմանուելին էլ՝ ֆուտբոլի խմբակ:

Լիլիային հարցնում եմ, թե ինչ երազանք ունի, անմիջապես չի պատասխանում: Քույր ու եղբայր ամաչկոտ են: Հարցս տալուց մտածում էի, թե երեխաները կասեն, որ տուն են ուզում ունենալ:

«Քանոն եմ ուզում, որ նվագեմ»,- 10-ամյա աղջկա ձայնը փոխվում է, հայացքն էկրանից կտրվում է, ոգևորվում է: Արմինեն՝ հակառակը, կուչ է գալիս, ձեռքերն իրար մեջ է առնում: «Շատ եմ ուզում, որ երեխաներս լավ մարդ դառնան, երկրորդը՝ փոքր սենյակ ունենանք, որ իմանամ մերն է»,- նշում է մայրը:

Իսկ Էմանուելն ասում է, որ ֆուտբոլիստ է երազում դառնալ, բայց, շարունակում է, քույրը՝ Լիլիան, չի թողնում, որ հեռուստացույցով ֆուտբոլ նայի, դրա համար էլ հիմա ոչ մի ֆուտբոլիստի անուն չգիտի: Բարկանում է, Լիլիան՝ ծիծաղում: 

Պահարանի տակ դրված են Լիլիայի չմուշկները: Մեկ ամիս առաջ հայրն է նվիրել, դրանց կողքին ևս մեկ զույգ չմուշկ կա՝ տատիկից է նվեր ստացել: Ասում է, որ ամենաշատը հոր նվիրածն է սիրում: Արմինեն գովում է աղջկան՝ ասելով, որ լավ չմշկորդ է, դուստրը հաստատում է: Հետո հագնում է չմուշկներն ու տան մեջ մի պտույտ փորձում անել, բայց հազիվ է իրեն պահում, քիչ է մնում ընկնի: Էմանուելը վերցնում է փոքր պտուտակահանն ու քրոջ չմուշկները, ուշադիր նայում դրանց: Անիվներից մեկը չի պտտվում, և պատանի «վարպետն» ուզում է հանել այն: 9-ամյա տղան այնպես արհեստավարժ է հանում  պտուտակը, որ կողքից զարմանալի է թվում:

Մայրը ծիծաղում է իմ ասածից, հաստատում է, որ որդին սիրում է քանդել-սարքել, Լիլիան էլ դիզայներ է դառնալու, հագուստ է կտրում-ձևում: Երեխաները հաճախում են «Օրրան» բարեգործական կազմակերպություն:

Էմանուելը սքեյթբորդն է հանում, դա էլ է հայրը նվիրել: Բակ ենք դուրս գալիս, Էմանուելը՝ սքեյթբորդով: Բակի տղաներն իրար մեջ խոսում են, գրազ գալիս, որ Էմանուելը մինչև փողոցի մյուս հատվածը չի հասնի: 9-ամյա տղան շատ հեռու է, չի լսում:

Մայրն ու քույրը հանրակացարանի մուտքի մոտից են հետևում Էմանուելին: Արմինեն ասում է, որ չնայած սենյակը փոքր է, վարձով են ապրում, իր ներսում խաղաղություն է. ճանապարհը հեշտ չէր ու չէ, բայց, ավելացնում է, լավատեսությամբ քայլել է պետք:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

HAGOP
I WEEP when I see families like this in Armenia. Families like this COULD HAVE BEEN SAVED if the government was not CORRUPT. All that stolen money could have been invested in ARMENIA TO CREATE JOBS so the MEN OF ARMENIA WOULD NOT LEAVE. SAD.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter