HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծափահարություններ «Նուբարաշեն» բանտում. մարդիկ ազատվում են

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սովորաբար լռության մեջ գտնվող «Նուբարաշեն» բանտում վերջերս հաճախ ծափերի ձայներ եմ լսում: Առաջին անգամ զբոսախցում էի, երբ ուրախության բարձր ճիչեր լսվեցին, հետո՝ բարձր ու երկար ծափահարություններ: Բանտի կլոր կառուցվածքից ելնելով`դժվար է հասկանալ՝ որ կողմից, որ հարկից են գալիս ձայները: Հարցրեցի տանիքում շրջող աշխատակցին, ասաց՝ 3-րդ հարկից մարդ ազատվեց: Օրեր անց նույնը կատարվեց արդեն 4-րդ հարկում, որտեղ մարզախցում մարզվում էինք: Քանի որ դռան վրայի «волчок»-ը (փոքրիկ դռնակը) բաց էր, տեսանք ազատվողին. մոտ 30 տարեկան էր՝ ժպիտը երեսին ու սպորտային պայուսակը ձեռքին, հսկիչի ուղեկցությամբ գնում էր դեպի ելքը… դեպի Լույս Աշխարհ: Խցակիցների ծափահարությունները դեռ լսվում էին, չնայած, որ նրանց վրա ծանր երկաթյա դուռը փակված էր:

Ազատության մասին լուրեր, ծափահարություններ ու ոգևորության ձայներ արդեն քանի անգամ լսում եմ նաև հեռուստացույցով` քաղաքական դատավարությունների ժամանակ: Տեսա, որ խափանման միջոցները փոխողներից, դատարանի դահլիճից մարդ ազատող դատավորներից մեկը Արտուշ Գաբրիելյանն է: Հենց նա էր, ով անցած տարի բավարարեց իմ դիմումը և բանտի վարչակազմին պարտավորեցրեց վերացնել հարազատներիս հետ տեսակցությունների անօրեն սահմանափակումը: Նա իմ 22 տարվա պայքարում՝ հանուն արդարության, հիշողությանս մեջ մնացել է որպես Մարդ-դատավոր:

Ասեմ, որ մինչև հիմա շարունակում եմ շնորհավորանքներ ստանալ իրավաբան դառնալուս առթիվ: Բանտի աշխատողները, որոնք տարբեր հերթափոխներով են աշխատում, մոտենում են, շնորհավորում: Հարազատներս էլ ասում են, որ շնորհավորում են անգամ անծանոթ մարդիկ: Այս ամենը շատ-շատ է ոգևորում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բարի կամեցողներին:

Ինձ այցելեցին «Civilnet» ինտերնետային կայքից` հարցազրույցի նպատակով: Հաճելի զրուցակիցներ էին թե՛ լրագրողը, թե՛ օպերատորը, ի դեպ, երկուսի անունն էլ Գևորգ էր: Ինձ թվում էր, որ պարզապես մի տեղ հավաքվել և զրուցում ենք, այդ պատճառով էլ խոսքիս ընթացքում բոլորին էլ նայում էի, բայց օպերատորը զգուշացրեց, որ միայն լրագրողին նայեմ նկարահանման ժամանակ: Խոսեցինք բանտում պայքարելու, ուսման ու աշխատելու պայմանների, մոտիվացիա ունենալու, գործերի վերանայման անհրաժեշտության, դատական սխալների հավանականության մասին: Շնորհակալ եմ «Civilnet»-ին, նաև ՔԿ վարչությանը և կլոր բանտի վարչակազմին նման հնարավորություն տալու համար: Ծանոթացա նաև ՔԿ վարչությունից հանրային կապերի բաժնի աշխատակից Տիգրան Տոնոյանի հետ: Կարճ զրուցեցինք, բայց զգացողությունն այնպիսին էր, թե, ասես, ազատության մեջ ծանոթանում եմ գրեթե հասակակցիս հետ: Հետո վերադարձա խուց: Մինչև ուշ երեկո տպավորությունների տակ էի:

Ինձ տեղափոխել են կլոր բանտի 4-րդ հարկ, որտեղ լուսամուտը՝ համեմատած նախկին մահապատժականների 5-րդ հարկի խցերի, շատ ավելի մեծ է, հետևաբար՝ խուցն էլ լուսավոր, հատակը փայտից է (վերևում՝ ասֆալտից է): Այս հարկում անընդհատ ձայներ կան, տարբեր բացականչություններ, անընդհատ ոտնաձայներ: Նրանից է, որ այս հարկում ցմահների խցերը քիչ են, փոխարենը՝ կալանավորվածների խցերն են շատ: Երեկոյան 4-րդ հարկի հսկիչը շրջում էր, մոտեցավ նաև իմ խցին.

  • Ցմահների հանգիստ 5-րդ հարկը չի, ստեղ շարժն ուրիշ ա…

Դե´, իրոք շարժը նկատվում է առավոտից, երբ կալանավորներին դատարաններ են տանում, մինչև ուշ երեկո, երբ արդեն դատարաններից բերում են:

Աշխատանքային օրերին 3 ժամով շարունակում եմ այցելել համակարգչային սենյակ՝ 5-րդ հարկ, որտեղ աշխատում եմ, հետո վերադառնում խուց: Սկսել եմ թարմացնել անգլերենի իմացությունը: Զրուցարան ունեմ, բարձր-բարձր ինքս ինձ հարցեր եմ տալիս, հետո պատասխանում, նայում եմ նաև՝ CNN, որ անգլերեն խոսք լսեմ: Կարդում եմ նաև թանկ մարդուց նվեր ստացած անգլերեն գիրք, մեկ ուրիշ թանկ մարդուց նվեր ստացած՝ իրավաբանական տերմինների հայ-անգլերեն բառարան: Նաև կարդում եմ մասնագիտական գրքեր, գրառումներ եմ անում և անհամբեր հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխություններին՝ հույսով, որ հերթը կհասնի նաև բազմաչարչար ցմահ ազատազրկման հարցին: Համոզված եմ, որ այս հարցի վերաբերյալ, պետք է լինի միայն և միայն օրենքի վրա հիմնված մոտեցում՝ պայմանական վաղաժամկետ ազատում, գործերի ու պատժաչափերի վերանայում, օրենսդրական փոփոխություններ և այլն:

Արդեն նկատելի է, որ դատավորները կամաց-կամաց դուրս են գալիս նախկին նախագահների անօրեն ճնշումների տակից, սակայն պետք են գործուն մեխանիզմներ, որ չշարունակվի ազդեցիկ զանգերով առաջնորդվելով կամ շահադիտական նպատակներով որոշումների կայացումը, այլ միայն և միայն իրավունքի գերակայություն լինի:

Համաձայն եմ բոլոր այն մասնագետների հետ, ովքեր դատական համակարգի փոփոխության արմատը տեսնում են հենց Վճռաբեկ դատարանից: Ես սա իմ մաշկի վրա եմ զգացել տարիներ շարունակ, երբ հերթական անգամ այդ դատական ատյանից ստանում էի շաբլոնային մերժման որոշումները:

Մեկնաբանություններ (4)

Ռոզա
Հուսանք, որ իսկապես շատ շուտով Մհերը նույնպես կվայելի ազատության բերկրանքը: Ազգի գենի համար մեծագույն վնաս է նրա տեսակ մարդուն անազատության մեջ պահելը
Հասմիկ Ա. Ա.
Բան չի մնացել, Մհեր ջան, շուտով ազատության մեջ կլինես: ✌
Գագիկ
Ըհը, Մհեր ջան, մի շաբաթ հետո ել քեզ կիջեցնեն երրորդ հարկ, մի շաբաթից ել երկրորդ ու մի տաս օրից ել ուզած չուզած առաջին հարկի եթ ժանգոտ ու անտաշ դռները կբացվեն քո առաջ ու մենք ել ծափահարություններով կդիմավորենք քեզ։ Քեզ բանտապանները իրանց ուսերի վրա դրած պիտի դուրս հանեն եղբայր։ Համբերի, բան չմնաց։ Ոնցեմ քեզ հասկանում ու պատկերացնում թե դու ինչ ես զգում այդ ծափահարությունների ու ուրախաթյան ճիչերը լսելուց Եղբայր։ Բայց դե բան չմնաց, հույսթ հանկարծ չկտրես։ Սպասում ենք.....
Ստեփան
Բավականին երկար ժամանակ հետևում եմ Մհերի հոդվածներին: Նման կամքի տեր մարդու կարելի է հազվադեպ հանդիպել: Զարմանքս աննկարագրելի էր, երբ տեղեկացա, որ բանտում կարելի է ստանալ բարձրագույն կրթություն: Մհեր հանկարծ չհուսահատվես: Ես հավատում եմ, որ դու մի օր դուրս ես գալու ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: Այն, ինչ դու անում ես այդտեղ, իր արձագանքն է գտնելու գալիք ժամանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter