Երկուշաբթի, 18 հունիսի

Եղեգնաձորի օդանավակայանի շենքի սեփականատերը ցանկանում է այն հյուրանոց դարձնել կառավարության աջակցությամբ


Այն, որ ժամանակին Եղեգնաձորն ունեցել է իր օդանավակայանը, քչերը գիտեն: Չիմացողները դժվար էլ գլխի ընկնեն, որ այսօր եղեգներով ծածկված տարածքը նախկինում թռիչքուղի է եղել, ու այստեղ օդանավեր են վայրէջք կատարել:

Եղեգնաձորին ու նախկին համանուն շրջանին սպասարկող աերոդրոմի ու «Ան-2» («Կուկուռուզնիկ») ինքնաթիռների միջոցով կապ էր պահվում Երեւանի «Էրեբունի» օդանավակայանի հետ: Նախկինում, երբ Հայաստանում զարգացած էր ներքին օդային ցանցը, շրջաններից օդանավերը ժամանում էին հենց «Էրեբունի» (մինչեւ 1980-ականները կոչվում էր «Հարավային»):

49-ամյա Գայանե Հարությունյանը հիշում է, որ հատկապես 1970-ականներին օդանավակայանը լավ էր աշխատում, աշխուժություն կար: Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ՝ այն շահագործվել է 1960 թվից ու լուծարվել 1994-ին:

Գրունտային աերոդրոմը տեղակայված է երկու համայնքների՝ Եղեգնաձոր քաղաքի ու դրան հյուսիսից կից Գլաձոր գյուղի տարածքում: Գ. Հարությունյանի ամուսինը՝ 57-ամյա Արա Վարդանյանը, պատմում է, որ նախկին աերոդրոմն այսօր ճահճի է վերածվել այն պարզ պատճառով, որ այստեղով գրունտային ջրեր են հոսում, որոնց մի մասը դուրս է գալիս հողի մակերես: Ըստ նրա՝ այս խնդիրը միշտ էլ եղել է, բայց օդանավակայանի աշխատելու տարիներին, թերեւս, դրենաժային համակարգի միջոցով հնարավոր է եղել ապահովել թռիչք-վայրէջքները:  

1971-1987 թթ. հայկական քաղավիացիայի ղեկավար Դմիտրի Աթբաշյանի տվյալներով՝ 1300 մ բարձրության վրա գտնվող թռիչքուղին 900 մ երկարություն եւ 60 մ լայնություն ուներ: Նրա ասելով՝ իր պաշտոնավարման տարիներին նպատակ կար Եղեգնաձորում ու Գավառում ասֆալտապատ թռիչքուղիներ կառուցել, սակայն պաշտոնանկության պատճառով ծրագիրն իրականություն չդարձավ:

Բարդիներից այն կողմ հին թռիչքուղին է, որը ծածկվել է եղեգների դեղին շերտով

Այդուհանդերձ, 1976-ին թե՛ Եղեգնաձորում, թե՛ Կամոյում (Գավառը ժամանակին այսպես էր կոչվում) կառուցվեցին նոր սպասասրահներ: Բայց եթե Գավառի օդանավակայանի շենքը հիմա ավերակ է, ապա Եղեգնաձորի կառույցում մարդիկ են ապրում:   

Ամեն ինչ սկսվել է 1999-ի օգոստոսի 3-ին, երբ Վազգեն Սարգսյանի կառավարությունը որոշեց ««Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական ՓԲԸ-ի գույքից առանձնացնել Ջերմուկի, Եղեգնաձորի, Վարդենիսի ու Օձունի օդանավակայանները եւ դրանց գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել նույնանուն համայնքներին (Օձունինը՝ Ալավերդի համայնքին. հետագայում սրանց ավելացվեցին Գավառի ու Կապանի օդանավակայանները):

Այսպիսով՝ Եղեգնաձորի օդանավակայանի շենք-շինությունները դարձան համայնքային սեփականություն: Արա Վարդանյանը պատմում է, որ անտերության պատճառով շենքը, որում ներառված էին սպասասրահը, կարգավարական աշտարակը, տարբեր աշխատասենյակներ, ժամանակի ընթացքում թալանվել էր, նույնիսկ տանիք չկար: Եղեգնաձորի քաղաքապետարանը 2001-ին աճուրդով փորձել է օտարել շենքն ու կից հողատարածքը, սակայն, ըստ Ա. Վարդանյանի, քանի որ բարձր գին էր սահմանված՝ մի քանի միլիոն դրամ, գնորդ չկար, իսկ երբ հետո եւս 2 աճուրդ հայտարարվեց, գինն արդեն իջել էր: Հիշում է, որ իր պես էլի 2 հոգի ուզող կար, բայց, ի վերջո, գնեց ինքը մոտ 1,5-2 մլն դրամով: Սեփականաշնորհված հողակտորը մոտ 8000 քմ է: Արայի ընտանիքը եւս մի 2 հա հող է վարձակալել թռիչքուղու տարածքում:

Գայանեն ու դուստրը

Ինչպես ասվեց, աերոդրոմը գտնվում է երկու համայնքների՝ Եղեգնաձորի ու Գլաձորի տարածքում: Օդանավակայանի նախկին շենքը Գլաձորի վարչական տարածքում է, հիմա դա Արա Վարդանյանի ու Գայանե Հարությունյանի տունն է: Նրանք հենց Գլաձորից են:

Իսկ նախկին թռիչքուղու հողը օտարման ենթակա չէ, այն պետական սեփականություն է համարվում: Օդանավակայանի պետական հողերից 5,75 հեկտարը Եղեգնաձորի վարչական տարածքում է, իսկ 4,47-ը՝ Գլաձորի:  

Արան պատմում է, որ դրանք վարձակալման են տրվել տարբեր մարդկանց, այդ թվում՝ իրեն: Կոնկրետ ինքը շենքը գնելիս եւ հողեր ձեռք բերելիս նպատակ է ունեցել հանդիսությունների սրահ բացել Գլաձորում, սակայն հետագայում ծրագրերը փոխվեցին: Հիմա նախկին կարգավարական աշտարակը նրանց երկհարկանի տունն է, սպասասրահն էլ, որից պատերն ու առաստաղն են մնացել, ավտոտնակ է ծառայում:

Նախկին սպասասրահը

Դրա դիմաց գլխիվայր դրված է ռադիոլոկատորի ծածկը, որի մեջ Գայանեն անձրեւաջրեր է հավաքում ու ջրում ծաղիկները: Ասում է, որ իրենք են աշտարակի տանիքից իջեցրել ծածկը, որի տակ անտենա այլեւս չկար:  

Թռիչքուղու հատվածում վարձակալած հողակտորում փորձել են պտղատու ծառեր տնկել, բայց Արան ասում է, որ տարածքի խոնավության ու հողի որակի պատճառով հաջողության չհասան:

Բարդիներից ձախ նախկին թռիչքուղին է՝ եղեգներով ու պտղատու ծառերով

Հիմա Վարդանյանները նպատակ ունեն իրենց տունը դարձնել հյուրանոց, տարածքն էլ՝ հանգստյան գոտի, որը կծառայի զբոսաշրջիկներին:

Արան ասում է, որ նախկինում բոլոր շինություններն այս մեկի պես ավերակ էին. հիմա ծրագրում է ընտանիքով տեղափոխվել այստեղ, իսկ վերեւի շենքը դարձնել հյուրանոց

Ըստ Արայի՝ ցանկանում էր պետական աջակցության համար դիմել դեռ նախորդ կառավարությանը, սակայն քաղաքական իրավիճակի փոխվելուց հետո մտադիր է ծրագիր ներկայացնել նոր գործադիրին ու երկարաժամկետ վարկ վերցնելու համար ակնկալում է կառավարության աջակցությունը: Ասում է, որ եթե արտոնություններ տրվեն, պատրաստ են ծրագիրը կյանքի կոչել:

Եղեգնաձոր քաղաքում, ինչպես նաեւ Գլաձոր համայնքում (ներառում է Գլաձոր, Վերնաշեն, Գետափ գյուղերը) հյուրանոցներ գրեթե չկան, հիմնականում հյուրատներ են, սակայն սրանք էլ շատ չեն: Այնինչ Եղեգնաձորը եւ դրան կից բնակավայրերը՝ իբրեւ տուրիստական ուղղություն, իրենց բնությամբ ու պատմամշակութային հուշարձաններով մեծ ներուժ ունեն:

Նախկինում այս աստիճաններով ուղեւորները սպասասրահից գնում էին դեպի օդանավը

Արա Վարդանյանն ասում է, որ եթե Եղեգնաձորում կրկին օդանավակայան ունենալու ծրագիր լինի, աերոդրոմը կարելի է կառուցել ներկա տարածքից ավելի հյուսիս, որտեղ հարթ, ավելի հարմար տարածքներ ունեն: Մյուս կողմից, նրա ասելով, մարդիկ մաս-մաս արդեն զբաղեցրել են նախկին օդանավակայանի տարածքը: Գայանեն էլ հիշում է, որ 2000-ականներին թռիչքուղու մի հատվածում զինվորականները ուղղաթիռադաշտ էին պատրաստել իրենց կարիքների համար, սակայն հիմա այն չի օգտագործվում:

Ուղղաթիռադաշտը, աերոդրոմի մի հատվածն ու շենքը 2003-ին եւ 2016-ին

Ամուսինները հիշում են, որ «Ան-2»-ով առավելագույնը 25-30 րոպեում հասնում էին Երեւան: Տոմսի արժեքը 3 ռուբլի 70 կոպեկ էր: Արան նշում է, որ այսօր միկրոավտոբուսով Եղեգնաձորից Երեւան կարելի է հասնել 1 ժամ 20 րոպեում, գինը 1200 դրամ է: Փոխարենը, ըստ նրա, եթե օդային գիծ աշխատի, տոմսի արժեքը 10.000 դրամից էժան չի կարող լինել, բայց մարդիկ այդքան վճարունակ չեն:    

Մյուս կողմից՝ եթե հաշվի առնենք, որ կառավարությունը երբեք չի դիտարկել Եղեգնաձորի օդանավակայանի վերագործարկման հարցը (ի տարբերություն այլ օդանավակայանների), կարող ենք ասել, որ քաղաքի պատմության այս էջը փակված է:

Հ.Գ. Հայաստանի օդանավակայանների մասին մեր հոդվածաշարը ներկայացնում ենք նաեւ այս քարտեզի միջոցով: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել դրանց վերաբերյալ մեր հոդվածների կարճ հղումները: 

* Կապույտ - քաղաքացիական աերոդրոմներ
   Դեղնականաչ - ռազմական աերոդրոմներ
   Կանաչ - համատեղ բազավորման աերոդրոմներ 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։