Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Մարգարայում ՀՀԿ-ական համայնքապետը չի վերընտրվել



Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքում: Արմավիրի մարզի Մարգարա գյուղում ևս համայնքապետ էին ընտրում: Թեկնածուները երկուսն էին՝ 2006 թվականից համայնքապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀԿ-ական Խաչատուր Ասատրյանը և անկուսակցական, սակայն ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Էդգար Ենոքյանը:

Մագարայում ընտրելու իրավունք ուներ 1028 մարդ, որից քվեարկությանը մասնակցել է 644-ը, կամ՝ 62,65%: Նախնական տվյալներով, գործող համայնքապետը չի ընտրվել: Խաչատուր Ասատրյանի օգտին քվեարկել է 201 ընտրող, իսկ 30-ամյա Էդգար Ենոքյանի օգտին՝ 433: Վերջինս էլ ընտրվել է Մարգարայի համայնքապետ: 10 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Մարգարայի` իրականություն չդարձող ծրագրերը

Մարգարան սահմանակից է Թուրքիային: Արաքս գետի վրայով է անցնում երկու երկրներն իրար կապող կամուրջը: 2009թ. թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների արտաքին գործերի նախարարների կողմից արձանագրությունների ստորագրումից հետո Մարգարայում աշխուժություն տիրեց: Վերանորոգվեցին միջպետական նշանակություն ունեցող ճանապարհները, որը ուղիղ կապ պետք է ապահովեր Թուրքիայի հետ: Մեծահարուստները ճանապարհի երկայնքով սկսեցին հողակտորներ գնել՝ հետագա բիզնես ծրագրերի համար: Սակայն, կարճ ժամանակ անց աշխուժությունը մարեց, և Մարգարայի մասին ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չհիշեց:

Համայնքի ենթակայության տակ գտնվող մշակույթի տունը չի գործում, անմխիթար վիճակի պատճառով: Կապիտալ վերանորոգման և բարեկարգման կարիք ունեն, թե մշակույթի տունը, թե համայնքային ճանապարհները: 

Համայնքապետարանում դժգոհում էին, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացման պատճառով դժվարություններ են առաջացել համայնքի բյուջե մուտքագրվող հողի հարկի և գույքահարկի գանձման գործընթացում:

Նշված հիմնահարցերի լուծման համար առկա դժվարությունները կապված են հիմնականում համայնքի եկամուտների հետ: Համայնքը չունի անհրաժեշտ եկամուտներ իր առջև դրված հիմնահարցերը միանգամից լուծելու համար:

Համայնքի բյուջեի մուտքերը, կարելի է ասել, ձևավորվում են բացառապես վարչական բյուջեի միջոցների հաշվին: Իսկ վարչական բյուջեի եկամուտները ձևավորվում են սահմանափակ թվով եկամտատեսակների՝ հարկերի, տեղական տուրքերի և գույքի վարձակալությունից եկամուտների հաշվին: Համայնքի բյուջեի կանխատեսվող եկամուտների մեծ մասը ձևավորվում է պետական բյուջեից համայնքներին տրամադրվող ֆինանական համահարթեցման դոտացիաների հաշվին: 2017թ. եկամուտները եղել են 75.0%, 2018թ-ին կանխատեսվում է 75.3%, իսկ 2019թ.՝ 75.6 %:

Ինչպես մյուս համայնքները, այնպես էլ Մարգարան ունի է իր զարգացման 5-ամյա ծրագիրը:  Այդ ծրագիրը վերջին տարիներին գրեթե կրկնվում է, քանի որ այդպես էլ կապիտալ ծրագրեր համայնքում չեն իրականացվում: Առաջիկա 5 տարիներին  համայնքի հիմնական ծրագրերն են`

  1. Նորագույն տեխնոլոգիաների ուսուցման կենտրոնի հիմնումը,
  2. Մշակույթի տան վերանորոգումը,
  3. Խմելաջրի ցանցի շարունակության կառուցումը
  4. Համայնքի փողոցների և ճանապարհների  հիմնանորոգումը
  5. Համայնքի արտաքին լուսավորության ցանցի շարունակության կառուցումը
  6. Համայնքի զբոսայգու կառուցումը
  7. Կանգառների պատրաստումը, տեղադրումը
  8. Ֆուտբոլի դաշտի վերանորոգումը:

Օրինակ` նորագույն տեխնոլոգիաների ուսուցման կենտրոնի համար նախատեսվում է հատկացնել 1 մլն դրամ: Հնգամյա ծրագրով որոշվել է, որ գումարը հատկացվելու է այս տարի: Ֆուտբոլի դաշտի վերանորոգման համար ևս նույնքան գումար է անհրաժեշտ, սակայն, ֆինանսավորումը կլինի 2019թ.:

Առաջին լուսանկարում` Խաչատուր Ասատրյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Harut20:14 - 11 հունիսի, 2018
Նյութի վերնագիրը նենց գրել եք, որ չիմացող մարդը մենակ վատ բան կարա հասկանա, դուք էլ չեք մեղավոր,չէ որ ,,խոսքի ազատություն.. է, որը միշտ չի, որ տեղավորվում է բարոյականության սահմաններում: Ընտրությունները ավարտվել են և գյուղապետին պաշտպանելու խնդիր այլևս չունեմ,գրածս արդարության համար է: 2006 թվականից Մարգարան և իր չնչին բյուջեն ղեկավարող գյուղապետը արել է ամենը գյուղը զարգացնելու համար:ՀՀԿ-ն ինչ կապ ունի գյուղապետի հետ եթե ոչ վաղ անցյալում գյուղապետարանի աթոռներն էլ ունեին հանրապետականի անդամատոմս: Լինելով լրագրող պատկերացում ունեք համայնքի զարգացման ծրագրից?, չգիտեք որ դա շարադրություն է, ցանկություն, թե ինչ կարելի է անել տվյալ համայնքի համար:Զարգացման ծրագիրը բերել, ասումեք չի իրագործվել: Նշեք խնդրեմ այն ֆինանսական միջոցները, որոնք եղել են իսկ ,,ՀՀԿ-ական գյուղապետը,, չի վերանորոգել մշակույթի տունը, որը վերանորոգելու համար անհրաժեշտ կլինի Մարգարա համայնքի և շրջակա համայնքների մի քանի տարվա բյուջեն: Առաջարկում եմ մեկ ամիս անց այցելել Մարգարա և տեղում ծանոթանալ կադրային ջարդին,թե ինչպես են համայնքային ծառայողնեը դուրս թռչում, թե ինչպես են աշխատում նոր մարդիկ որոնք ՏԻՄ օրենքը հեռվից չեն տեսել…
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ