HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

8 պատգամավոր Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն է ներկայացրել

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը քիչ առաջ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն է ներկայացրել: «Քիչ առաջ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ և երաշխավորագիր ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Սիմոնյանը:

Բացի այդ, Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն են ներկայացրել նաև «Ծառուկյան» խմբակցության 7 պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Վարդան Բոստանջյանը, Վարդևան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսոյանը:

Պատգամավորները երաշխավորել են, որ Սեֆիլյանը, ազատության մեջ լինելով, կդրսևորի պաշտաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց, քրեական վարույթ իրականացնող մարմնի կանչով կներկայանա: Պատգամավորները դատարանին հավաստիացրել են, որ խափանման միջոցը փոխելու կամ փոխարինելու դեպքում ստանձնում են դրանից բխող պարտականությունները:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 ու կես տարվա ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝  5 տարի 5 ամիս, ակտիվ քաղաքացի, երեք անչափահաս տղաների հայր Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝  3-ական տարվա ազատազրկման: Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Ի սկզբանե, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ սա դատավարություն չէ, այլ թատերական բեմադրություն: Մյուս 6 ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ, իսկ Գևորգ Սաֆարյանը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության: Ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման, ներկայացված որևէ մեղադրանք չի ապացուցվել դատարանում, փոխարենը քրեական հոդվածների տակ իրականացվել է քաղաքական գործչի հետապնդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter