HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միլիոնանոց եկամուտներն ու բանկում ունեցած «չնչին» տոկոսը

46-ամյա Մհեր Հերբերտի Գրիգորյանը մայիսի 12-ին փոխվարչապետ է նշանակվել որպես «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, չնայած անկուսակցական է: Մեր տեղեկություններով՝ Գրիգորյանը Կոտայքի նախկին մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի ընկերն է:

Մասնագիտությամբ իրավագետ Գրիգորյանը, ըստ պաշտոնական կենսագրության, 1994-ից բիզնեսի մեջ է: 1994-1996 թթ. Ռուսաստանում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ: Ըստ ՀՀ պետռեգիստրի՝ 1997-ին Մ. Գրիգորյանն անհատ ձեռնարկատեր է գրանցվել Հայաստանում, սակայն հետագայում ԱՁ-ն հանվել է հաշվառումից: 1996-ից մտել է հայաստանյան բանկային ոլորտ որպես իրավաբան: Աշխատել է Կենտրոնական բանկում, «Հայներարտբանկում» (ներկայում՝ «Ամերիաբանկ»), Համաշխարհային բանկում, «HSBC»-ում, «Ինեկոբանկում», «ՎՏԲ»-ում:

2011-2018 թթ. Մ. Գրիգորյանը եղել է «Արդշինբանկի» վարչության նախագահ, իսկ 2012-2018 թթ.՝ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ: 2006-2018 թթ. եղել է նաեւ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» վարկային բյուրոյի տնօրենների խորհրդի անդամ: Դասավանդում է Հայ-ռուսական համալսարանի Տնտեսագիտության եւ բիզնեսի ինստիտուտում:   

Փոխվարչապետի դրամական միջոցներն ու գույքը

Հունիսի 8-ին փոխվարչապետը պաշտոնի ստանձնման առիթով ներկայացրել է իր գույքի եւ եկամուտների հայտարարագիր: Մ. Գրիգորյանն Աշտարակից է, այստեղ նույն հասցեում է գրանցված ծնողների ու ավագ եղբոր՝ Էդգարի հետ: Այդուհանդերձ, հայտարարագրում պաշտոնյան որպես ընտանիքի կազմի մեջ մտնող անձ նշել է կնոջն ու երկու անչափահաս երեխաներին, ինչից կարող ենք ենթադրել, որ նա չի ապրում հաշվառման հասցեում:

Ըստ հայտարարագրի՝ փոխվարչապետն ունի 1-ական հողամաս եւ բնակարան, ինչպես նաեւ 2 ավտոտնակ: Պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ Մհեր Գրիգորյանն ունեցել է 77.016.000 դրամ: 2018-ի հունվարից մինչեւ մայիսի 12-ը, երբ պետական պաշտոնի է նշանակվել, 3 տեղից ընդհանուր 28 մլն դրամի աշխատավարձ է ստացել: Այսինքն՝ եթե այս գումարը բաժանենք 5 ամսի (իրականում այս ժամկետն ավելի փոքր է, քանի որ մայիսի սկզբից Գրիգորյանն արդեն կառավարությունում է), կստացվի, որ ամեն ամիս ստացել է 5,6 մլն դրամ եկամուտ: Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, Մ. Գրիգորյանը միայն «Արդշինբանկից» որպես դրա վարչության նախագահ ամեն ամիս շատ ավելի մեծ աշխատավարձ է ստացել, քան հետեւում է նրա հայտարարագրից:   

Փոխվարչապետը նաեւ բաժնետոմս է հայտարարագրել, որի արժեքը նշված է 5023 դրամ: Սա իրականում պետք է լինի 502.300.000 դրամ. դա «Արդշինբանկում» ունեցած նրա մասնաբաժինն է:

Փոխվարչապետն «Արդշինբանկի» բաժնետեր է

Փոխվարչապետ Գրիգորյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 1,000056 տոկոսի սեփականատեր է: Քանի որ բանկի կանոնադրական կապիտալը 50.227.200.000 դրամ է, ստացվում է, որ պաշտոնյայի մասնաբաժինն այստեղ 502.300.000 դրամ է:

Իսկ ընդհանրապես «Արդշինբանկի» ամենամեծ բաժնետերը 67,9 տոկոս ունեցող «Արինս Գրուպ» ՍՊԸ-ն է: Մ. Գրիգորյանը 2017-ից մինչեւ փոխվարչապետ դառնալը նաեւ «Արինս Գրուպի» գլխավոր տնօրենն էր (2013-2017 թթ. այս ընկերությունը կոչվում էր «Բիզնես ներդրումների կենտրոն»):   

«Արդշինբանկի» երկրորդ խոշոր բաժնետերը 29,5 տոկոսով ««Ռեգիոն» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ-ն է: Ընդ որում՝ հենց այս ընկերությունն է նաեւ «Արինս Գրուպի» միակ սեփականատերը: Սա նշանակում է, որ բանկի 97,4 տոկոսի տերը ուղղակի եւ անուղղակի ձեւով «Ռեգիոնն» է: Իսկ այս ընկերության միակ սեփականատերը (փաստորեն՝ բանկի վերջնական շահառուն) 55-ամյա Կարեն Սուրենի Սաֆարյանն է: Վերջինս «Արդշինբանկի» խորհրդի նախագահն է, ծագումով Արցախի Տող գյուղից է, գրանցված է Երեւանում:

Մի փոքր շեղվելով՝ նշենք, որ ժամանակին «Արդշինինվեստբանկի» (2002-2014 թթ. այսպես էր կոչվում «Արդշինբանկը») խորհրդի անդամ էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, ով հետագայում դարձավ Երեւանի քաղաքապետ, ապա՝ երկրի վարչապետ: 2006-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրել էր Կ. Սաֆարյանին եւ Կ. Կարապետյանին:

Մ. Գրիգորյանի՝ փոխվարչապետ դառնալուց հետո «Արդշինբանկի» վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման տնօրեն Արտակ Անանյանը: Վերջինս 2012-2017 թթ. եղել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը: Հիշեցնենք, որ 2017-ին Կարեն Սաֆարյանի «Ռեգիոնը» ռուսական «Գազրպոմբանկից» գնեց նշված ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը, ինչից հետո «Առէկսիմբանկը» միացվեց «Արդշինբանկին»: Ըստ վերջինիս կայքի՝ «Արդշինբանկն» այսօր Հայաստանի խոշորագույն բանկն է, այդ թվում՝ իր կապիտալով, ակտիվներով եւ մասնաճյուղային ցանցով:   

«Արմենիա Ինշուրանսում» Գրիգորյանին փոխարինողի անունը նշված չէ

Ինչպես ասվեց, փոխվարչապետ Գրիգորյանը մինչեւ պետական պաշտոնի նշանակվելը՝ 2012-2018 թթ., եղել է նաեւ «Արմենիա Ինշուրանս» (2004-2012 թթ. կոչվում էր «Ռասկո») ապահովագրական ՍՊԸ-ի խորհրդի նախագահը: Ընկերության կայքում այժմ նշված չէ, թե ով է խորհրդի նախագահը կամ ժամանակավոր պաշտոնակատարը:

2004-ին «Ռասկո» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է «Ռասկո-Արմենիա» ՓԲԸ-ի կողմից: Վերջինս 2008-ին միացվել է «Ռեգիոն» ֆինանսական արդյունաբերական կորպորացիային: Այսօր «Արմենիա Ինշուրանսի» շուրջ 95 տոկոսը պատկանում է «Ռեգիոնին», իսկ մնացած մոտ 5 տոկոսը՝ «Արդշինբանկին»:  

Փոխվարչապետի եղբայրը՝ վրացի գործարարների ներկայացուցիչ

48-ամյա Էդգար Գրիգորյանը «Ռենինվեստ» ՍՊԸ-ի տնօրենն է: Ընկերությունը հիմնադրվել է 2016-ի նոյեմբերին Երեւանում: Հիմնադիրները վրացիներ են: ՍՊԸ-ի 99,9 տոկոսը պատկանում է «Georgian International Energy Corporation» (GIEC) ընկերությանը, իսկ 0,1 տոկոսը՝ Դավիդ Բեժուաշվիլուն:

Վերջինս Վրաստանում հայտնի գործարար է, 1999-2016 թթ. եղել է խորհրդարանի պատգամավոր: Նա նաեւ «GIEC»-ի նախագահն է: 2005-ից գործող այս ընկերությունը, ըստ պաշտոնական կայքի, Վրաստանում հիդրո- եւ ջերմաէլեկտրակայանների ոլորտի խոշոր խաղացողներից է, զբաղվում է ոչ միայն սեփական արտադրության, այլեւ ներկրվող էլեկտրաէներգիայի վաճառքով Վրաստանի ներսում եւ դրանից դուրս, այսինքն՝ թե՛ ներկրող է, թե՛ արտահանող: Ադրբեջանական «SOCAR»-ից հետո այն Վրաստանում երկրորդն է գազի մեծածախ ու մանրածախ վաճառքով, ունի լցակայանների մեծ ցանց:

«GIEC»-ն ամբողջությամբ պատկանում է «Georgian Industrial Group Holding»-ին (GIG), որը հիմնադրվել է 2006-ին: «GIG»-ը Վրաստանի խոշոր հոլդինգներից է, որի հետաքրքրության տիրույթում են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, անշարժ գույքը, մեդիան, կրթությունը, սննդի արդյունաբերությունը եւ այլն: Հոլդինգի միակ սեփականատերը օֆշորային գոտի հանդիսացող Մարշալյան Կղզիներում գրանցված «Chemexim International»-ն է:

«GIG»-ի տնօրենների խորհրդի նախագահը նույն Դավիդ Բեժուաշվիլին է: Վերջինիս եղբայրը՝ Գելա Բեժուաժվիլին, ով եղել է Վրաստանի արտաքին գործերի, պաշտպանության նախարար, ինչպես նաեւ երկրի հետախուզական ծառայության տնօրեն, «GIG»-ի խորհրդի նախագահն է, տնօրենների խորհրդի անդամ:

«GIG»-ի կայքում Էդգար Գրիգորյանը ներկայացված է որպես հոլդինգի ներկայացուցիչ Հայաստանում:

Մեկնաբանություններ (1)

Վախթանգ Սիրադեղյան
Եթե վարչապետը տեղյակ է եղել Վրաստանի հետ փոխվարչապետի եղբոր՝ Էդգար Գրիգորյանի կապի մասին նախքան նշանակումը, ապա ասելիք չունեմ, եթե չի իմացել՝ ազգային անվտանգության խնդիր կարող է ծագել հետագայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter