HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալը հրաժարվեց ցուցմունք տալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր ամբաստանյալ Նորիկ Սահակյանը հրաժարվեց ցուցմունք տալ: Վերջինս հայտարարեց, որ չի պատասխանելու դատավարության կողմերից և ոչ մեկի, այդ թվում՝ իր պաշտպան Հովիկ Արսենյանի հարցերին:

Դատարանը, նախագությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, որոշեց հրապարակել Նորիկ Սահակյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Նախաքննության ընթացքում Սահակյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, նշել է, որ Հայկազ Բարսեղյանի մահվան մասին իմացել է  հունվարի 29-ի առավոտյան, այսինքն՝ այն ժամանակ, երբ ռազմական ինստիտուտի մյուս կուրսանտներն են իմացել:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել է ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակից:

Ըստ Նորիկ Սահակյանի ցուցմունքի՝ դեպքի նախորդ օրն ինքն այլ կուրսանտների հետ եկեղեցի է գնացել, երեկոյան «քուն» հրամանից հետո գնացել քնելու, ապա ժամը 01:00-ի սահմաններում արթնացել: Ամբաստանյալի խոսքով՝ իր խնդրանքով ժամը 01:10-ի սահմաններում սպա Թելման Մխիթարյանն իրեն արթնացրել է, որպեսզի դաս սովորի:

Ըստ Սահակյանի նախաքննական ցուցմունքի՝ արթնանալուց հետո ինքն այս գործով վկա Հովիկ Հովհաննիսյանի և մեկ այլ կուրսանտի հետ դաս է սովորել, ընթացքում սուրճ են խմել, ապա գնացել  քնելու:

Սահակյանի մեզի փորձանմուշում ալկոհոլ է հայտնաբերվել: Վերջինս, սակայն, հերքել է, թե դեպքի կամ դրան նախորդող օրերին ալկոհոլ է օգտագործել ու պահանջել կրկնակի փորձաքննություն:

Ինչպես արդեն նշեցինք, ըստ գործի նյութերի՝ սպանության գործով անցնող ամբաստանյալները Հայկազ Բարսեղյանին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել ռազմական ինստիտուտի սպորտհրապարակից: Հայկազ Բարսեղյանի հետ նույն սենյակում քնող վկաները ցուցմունքներ են տվել այն մասին, որ Հայկազի սպանության մեջ մեղադրվող անձինք քննարկել են զինվորական համազգեստների քուղերը հանելու ու դրանց միջոցով Հայկազ Բարսեղյանին կախելու հանգամանքը: Հատկանշական է, որ Հայկազ Բարսեղյանը սպորտհրապարակում հենց զինվորական համազգեստի քուղերով կախված վիճակում է հայտնաբերվել: Սահակյանը, սակայն նախաքննական ցուցմունքում գրել է, որ սպանությունն ինքնասպանության նմանեցնելու հանգամանքներ իրեն հայտնի չեն և առհասարակ որևէ կապ չունի սպանության հետ:

Այս կուրսանտն առերեսվել է սպանության գործով վկայի կամ տուժողի կարգավիճակ ունեցող  կուրսանտների հետ, որոնք իր դեմ ցուցմունքներ են տվել և հերքել իրեն մեղադրող բոլոր վկայությունները:

Ըստ գործի նյութերի՝ Նորիկ Սահակյանն ավելի վաղ վիճաբանել է նաև կուրսանտ Տիգրան Մանասերյանի հետ ու ձեռքին եղած եղունգկտրիչով վնասել նրա գլուխը: Այս հանգամանքը ևս ամբաստանյալը հերքել է: Հարցաքննություններից մեկի ժամանակ քննիչը Սահակյանին հարց է ուղղել այն մասին, թե արդյոք նա սուր կտրող գործիքով վնասել է Հայկազ Բարսեղյանի դեմքը, ինչին ի պատասխան Սահակյանը նշել է, թե նման բան չի եղել:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո մեղադրող կողմը մի շարք հարցեր ուղղեց Սահակյանին, սակայն վերջինս հրաժարվեց դրանց պատասխանել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանն ամբաստանյալից հարցրեց, թե արդյոք վերջինս չի ցանկանում նշել գոնե մեկ փաստարկ, որով կհամոզի, որ ինքը Հայկազ Բարսեղյանին չի սպանել, սակայն այս հարցին ևս Սահակյանը հրաժարվեց պատասխանել:

Այսօր ցուցմունք տալուց հրաժարվեց նաև ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը: Վերջինս սպանության գործով չի անցնում, այլ մեղադրվում է կանոնադրային հարաբերություններ խախտելու մեջ: Մասավորապես՝ ըստ մեղադրանքի՝ Վարազդատ Սաֆարյանը Հայկազ Բարսեղանի սպանության գործով մեղադրյալներ Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի հետ երկու կուրսանտի՝ Տիգրան Մանասարյանին և Արտուշ Սիմոնյանին ծեծի է ենթարկել:

Այս կուրսանտը նախ հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ապա դարձել ամբաստանյալ: Նախաքննության ընթացքում հերքել է իր առնչությունն իրեն վերագրվող արարքներում: Ընդունել է հանգամանքը, որ Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի հետ ավելի վաղ հացկերույթ են ունեցել ու ալկոհոլ օգտագործել: Վարազդատ Սաֆարյանի հարցաքննությունից հետո ամբաստանյալներ Վաչե Սահակյանի և Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում Սաֆարյանի իրավունքները խախտվել են:  Մասնավորապես՝ թեև Սաֆարյանն առաջին անգամ հարցաքննվելիս վկայի կարգավիճակ է ունեցել, քննիչը նրան ակնհայտորեն մեղադրական ուղղվածությամբ հարցեր է տվել: Ըստ Արա Զաքարյանի՝  նման իրավիճակում քննիչը պետք է ընդհատեր հարցաքննությունը, նրան կասկածյալի դատավարական կարգավիճակ տար, բացատրեր կասկածյալի իրավունքների և պարտականությունների մասին, որից հետո միայն նրան հարցաքննել կասկածյալի կարգավիճակով:

Մեղադրող Կարեն Հարությունյանն, արձագանքելով Զաքարյանի խոսքին, նշեց, թե վկայի հարցաքննության ընթացքում պահպանվել է Սաֆարյանի՝ վկայի կարգավիճակում ունեցած իրավունքները:

Այսօրվա դատական նիստին Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալներ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը ցուցմունք չտվեցին: Նրանք հայտնեցին, որ առողջական խնդիրներ ունեն:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց հունիսի 18-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter