HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Սեֆիլյանի ցանկությամբ իր կալանքի փոփոխության հարցը կքննարկվի վերջում

Վերաքննիչ դատարանի՝ «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործը լսող կազմը խորհրդակցական սենյակում է. երկու օրից կհրապարակի դատական ակտը: Բոլոր 6 քաղաքացիների պաշտպանները պահանջել են արդարացնել իրենց պաշտպանյալներին՝ հռչակելով ու ճանաչելով նրանց անմեղությունը:

Նույն օրը դատարանը կլուծի նաև բոլոր վեց քաղաքացիների խափանման միջոցների փոփոխությունների մասին պաշտպանների միջնորդությունները: Նրանց խափանման միջոց կալանավորումները փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորներ: Դրանք այսօր հրապարակվեցին դատարանում:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը նշեց, որ իր պաշտպանյալը խնդրել է խափանման միջոցի իր փոփոխության հարցին անդրադառնալ ամենավերջում, երբ կլուծվեն մնացածների հարցերը:

Դատախազներն ինչպես այս, այնպես էլ քաղաքական հնչեղություն ունեցող այլ դատավարություններում, դիրքորոշում են հայտնում, որ իրավիճակի փոփոխությունը նվազեցրել է հանրային վտանգավորությունն ու նոր հանացանք կատարելու հավանականությունը: Ուստի, դատախազները չեն առարկում խափանման միջոցների փոփոխության հարցերում:

Դատախազները միջնորդեցին Գևորգ Սաֆարյանի պատիժը պայմանականորեն չկիրառել, իսկ Ժիրայր Սեֆիլյանի համար՝ 7 տարվա ազատազրկում: Այս տարվա մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 ու կես տարվա ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝  5 տարի 5 ամիս, ակտիվ քաղաքացի, երեք անչափահաս տղաների հայր Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝  3-ական տարվա ազատազրկման:

Վերաքննիչ դատարանի դահլիճում, որտեղ արդեն մի քանի անգամ լսվում է «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործը, դարձյալ մարդաշատ էր: Պայմաններ, մեծ դահլիճ չլինելու պատճառով շատ քաղաքացիներ մնում են դատարանի բակում: Դատարանի բակում էին օրեր առաջ կալանավորումից ազատված Արեգ Կյուրեղյանն ու Արամ Մանուկյանը, տասնյակ այլ քաղաքացիներ:

Առաջնահերթության կարգով կարգադրիչները ներս են թողնում Ժիրայր Սեֆիլյանի և մյուս 5 քաղաքացիների հարազատներին ու լրագրողներին:

Մինչ նիստը սկսվելը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը և Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը հորդորեցին քաղաքացիներին՝ «անգամ եթե այսօր ցանկալի որոշում չկայացվի, պահպանել հանդարտություն»: 

Արդեն քանի անգամ ներկաները բարձրաձայնում են՝ ոչինչ լսելի չէ, այդուհանդերձ բարձրախոսներ չեն տեղադրվում:

Իսկ մուտքի մոտ դարձյալ կարգադրիչները գրանցում են միայն այս նիստին մասնակցողների անձնական տվյալները՝ անձնագրերի համարներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter