ՈՒրբաթ, 17 օգոստոսի

Արմավիրում հակակարկտային կայանները կան, իսկ արդյունքը՝ չկա



Մայիս ամսին բնական աղետներից տուժել է Արմավիրի մարզի 22 համայնք: Վնասվել է մոտ 743 հա հողատարածք, 1146 քմ շենք-շինություն: Մարզում ուժեղ կարկուտներ են գրանցվել մայիսի 8-ին, 10-11-ին, 14-15-ին, 20-22-ին, 26-ին: Միայն մայիսի 21-ի ջրհեղեղից Լեռնագոգ համայնքը կրել է 9 մլն 766 հազար դրամի վնաս, վնասվել է 1046 քմ շենք-շինություններ, ջրհեղեղի հետևանքով խեղդվել են Արմինե Խաչատրյանին պատկանող 600 հատ մեկ ամսական հավի ճտերը: Հունիս ամսվա կարկտահարության հետևանքները դեռ ուսումնասիրվում են:

Կարկուտից ամենաշատը տուժել են Ջանֆիդա և Արգինա համայնքները, համապատասխանաբար՝ մոտ 227 և 223 հեկտար հողատարածք: Արգինայում կարկուտ է տեղացել մայիսի 11-ին և 20-ին:

Ուշագրավն այն է, որ Արգինա համայնքում եղել է 6 հակակարկտային կայան, սակայն ինչպես համայնքապետ Ռոստամ Արոյանն է փաստում, այդ կայանների օգտակարության գործակիցը հավասար է զրոյի: Համայնքապետը նշում է, որ այս տարվա ընթացքում համայնքը 4 անգամ տուժել է կարկուտից: Կարկտաբեր ամպերը գալիս են Թուրքիայից, և իրենց համայնքը տուժում է, քանի որ մոտ տարածության վրա են գտնվում:

Ռոստամ Արոյանը նշում է, որ Արգինայում տեղադրված են ամենաթույլ հակակարկտային կայանները: Համայնքապետն ասում է, որ ամենաուժեղ հակակարկտային կայանի տարածքում ամենամեծ վնասն է պատճառվել: Տուժել են հիմնականում այգիները, առվույտի դաշտերն ու ցանքատարածությունները: Հատուցման մասին առայժմ խոսակցություն չկա:

Արգինայի համայնքապետը նշեց, որ վերջին ամիսներին տեղացած կարկուտի ժամանակ գործել են բոլոր կայանները, սակայն ապարդյուն: Արոյանի ասելով՝ հակակարկտային կայանները սպասարկվում են ԱԻՆ-ի կողմից:

Կողբավան համայնքը ևս ունի հակակարկտային կայաններ: Համայնքապետ Սերոբ Սերոբյանի խոսքերով՝ 3 հակակարկտային կայանները մասնավոր են, տեղադրված են խաղողի այգիների մերձակա տարածքներում: Համայնքապետը նշեց, որ թույլ կարկուտի դեպքում կայաններն օգնում են, սակայն, ուժող կարկուտի դեպքում ոչ մի օգտակարություն չունեն:

Գրեթե յուրաքանչյուր տարի կարկտահարությունը մեծ վնասներ է հասցնում Արմավիրի մարզի գյուղատնտեսությանը: Տարիներ շարունակ տեղադրում են հակակարկտային կայաններ, դրանց սպասարկման համար զգալի միջոցներ ծախսում, սակայն ապարդյուն: «Հետք»-ը դեռևս երկու տարի առաջ անդրադարձել էր Արմավիրի մարզում տեղադրված հակակարկտային կայանների գործունեությանը: ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ գազագեներատորային հեռակառավարվող հակակարկտային կայանքներն աշխատում են հիդրոմետ ծառայության համակարգում 24-ժամյա աշխատանքային ռեժիմով գործող օդերևութաբանական ռադիոտեղորոշիչների դիտարկումների տվյալների հիման վրա: 24-ժամյա հերթապահություն իրականացնող մասնագետները հեռակառավարմամբ գործարկում են այն կայանները, որոնց կողմից պաշտպանվող տարածքներին են մոտենում կարկտաբեր ամպեր: 1 միավոր հակակարկտային կայանքի պաշտպանող տարածքը կազմում է 80 հեկտար:

Օրինակ՝ 2013թ. դարձյալ մայիս ամսին կարկտահարության հետևանքով տուժել էր մարզի 46 համայնքի 12,787 հողօգտագործող: Վնասվել էր 11137,701 հեկտար հողատարածություն՝ 50-100%: Իսկ վնասի չափը կազմել էր 25 միլիարդ 268 միլիոն դրամ:

3 միլիարդ 15 միլիոն դրամի վնաս էլ կարկուտը պատճառել էր 2015թ.: Բերքի կորուստը կազմել էր 22,000 տոննա: Կարկտահարության հետևանքով տուժել է 15 համայնքի 1129 հողօգտագործող: Վնասվել էր 1641,3 հեկտար հողատարածություն՝ 70%-ով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ