Երկուշաբթի, 18 հունիսի

Կրճատված աշխատողները պահանջում են այլ բնակավայրերից «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատողների փոխարեն իրենց վերականգնել աշխատանքում



Այսօր առավոտյան՝ 06:30-ից  աշխատանքից կրճատված շնողցիները  փակել էին «Թեղուտ» ՓԲԸ գնացող ճանապարհը:  Ցուցարաները հիշեցնում էին, որ Թեղուտի հանքավայրը շահագործելիս, «Թեղուտ» ՓԲԸ -ն վերցրել է իրենց հողերը: Այդ պատճառով աշխատանքից կրճատվելուց հետո  ապրուստի այլ միջոց չունեն և  հայտնվել են սոցիալական վատ վիճակում:  Նրանք  աշխատանքից ազատվելուց  առաջ  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից  վերցրել են նաև մեծ վարկեր և այս պահին չեն կարողանում մարել դրանք:   Ցուցարարները մատնանշում են, որ  այս տարվա մարտ, ապրիլ ամիսներին, իրենց  աշխատանքից կրճատելուց հետո, «Թեղուտ» ՓԲԸ-ում շարունակում է աշխատել մոտ 400 աշխատող, որից Շնող համայնքի բնակիչներ են միայն 200-ը:  Նրանք  պահանջում  են  այլ բնակավայրերի աշխատողների փոխարեն  «Թեղուտ» ՓԲԸ -ում  աշխատանքի ընդունել իրենց:

Նախկին մաքրուհի, ցուցարար Անուշ Ասատրյանի խոսքով,  դեռ հունիսի 4-ին են որոշել  փակել ճանապարհը և ներկայացնել իրենց  պահանջները: «Թեղուտ» ՓԲԸ -ում իմացել են այդ մասին  և նախաձեռնողներին հրավիրել են ժողովի: «Գնացինք, բայց պետք է չգնայինք: Մեր ոչ մի հարցի չպատասխանեցին: Մեզ Թագուհի Կարապետյանը և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Թադևոսյանը լռեցնում էին իրենց  անորոշ պատասխաններով: Մեր հողը խլեցին, հիմա  երեխաս հաց է ուզում,  գյուղի բոլոր խանութներին արդեն պարտք ենք»,-պատմեց  Անուշը:

Ցուցարար կանայք հիշեցին, որ հունիսի 4-ին հրավիրված ժողովին իրենց համար նաև հյուրասիրություն էր կազմակերպվել, բայց դա չի ազդել ճանապարհը փակելու իրենց մտադրության վրա: « «Թեղուտ» ՓԲԸ –ն աշխատելու 50 տարվա գարանտիա էր տվել, ուրա՞:  Ընկերության վիճակը  ծա՞նր է, թող կառավարությունն ինչ-որ բանով աջակցություն անի, ընկերությունը քիչ-քիչ աշխատի»,-առաջարկում էր մի շնողցի:  

Նրան ի պատասխան՝ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը բացատրում էր, որ  «Թեղուտ» ՓԲԸ-ն չի կարող  քիչ-քիչ աշխատել: Ընկերության ղեկավարները հստակ ասում են, որ  «Թեղուտ» ՓԲԸ -ն բացվելու է մյուս տարի: Հնարավոր չէ  այս տարի վերագործարկել:

«Իրենց նախնական հաշվարկով, եթե հրաշք տեղի չունենա, չեն աշխատելու: Մյուս տարվա  փետրվարից պետք է սկսվեն աշխատանքները»,- ասում էր  համայնքի ղեկավարը: Ընկերության աշխատանքերը վերսկսելու մասին «Հետքի» հեռախոսային հարցմանը «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության  և հասարակայնության  հետ կապերի  բաժնի պետ  Թագուհի Կարապետյանը հայտնեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի  վերագործարկման հետ կապված  այս պահին  կոնկրետ ժամկետ չեն կարող հայտնել: 

Թ. Կարապետյանի խոսքով պոչամբարի անվտանգությունն ուսումնասիրող 5 փորձագետներն էլ տվել են իրենց  եզրակացությունները: Դրանք քննարկման փուլում են: Մինչև պոչամբարի անվտանգությունն ապահովելու վերջնական  եզրակացություն չունենան, չեն կարող ճշտել շահագործման ժամկետը:   

Ասպուրակ  Շախկյանը 5 տարի է աշխատել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Հիմա վարկերի տակ է: Այս պահին վարկը 1,3 մլն  դրամ է կազմում: Ասպուրակի ասելով՝ «ՎՏԲ»- ն չի սպասում,  արդեն մարդկանց տներն են առգրավում. «Մենք հիմա պահանջում ենք աշխատանք: Երկու վարկ ունեմ, վարկը չեմ փակում, տոկոսը տոկոսի վրա գալիս է»,- ասում է Ասպուրակը:

Արտակ Գալինյանը երեք երեխա է պահում, 1,5 մլն դրամի վարկ ունի: Նա վեց տարի աշխատել է «Թեղուտ» ՓԲԸ -ի  մաքրման կայանում, երկու հոգով են աշխատել: Գործընկերը ալավերդցի է: Արտակին կրճատել են, նրան՝ թողել. «Ես եմ  Թեղուտի հանքի շահագործման համար 1,5 հա  հողս տվել, ոչ թե Ալավերդուց եկած աշխատողը: Նա իր թոռներին է պահում, ես՝ իմ 3 անչափահաս երեխաներին: Թող փակեն լրիվ, ոչ մի մարդ էլ չաշխատի, որ մեր սիրտն էլ չցավի»,- պահանջեց  Արտակը:

Աբո Ավետյանը երկար տարիներ «Թեղուտ» ՓԲԸ-ի շինարարության վրա է աշխատել: Ասում է՝ աշխատանքից կրճատվելուց հետո վարկի տակ կորած է: Բանակում ծառայող և  ուսանող երեխաներ ունի, տանից երկուսը՝ ինքը և կինն են  աշխատել «Թեղուտ» ՓԲԸ -ում, երկուսին էլ  կրճատել են: «Մեկ հա հողս  տվել եմ իրենց»,- դժգոհեց Աբոն:

Նարեկ  Ավետիսյանը երեք տարի  հանքում է աշխատել՝ 2 մլն դրամ վարկ ունի: «Դեռ հլա «ՎՏԲ»-ն  4 տոկոս ավելացրել է վարկի տոկոսադրույքը, քանի որ  աշխատավարձիս քարտին փող չի նստում»,-բացատրեց նա:

Աբո Ավետյանը պատմեց, որ 10 տարում  է իր տունը կառուցել: Նա վախենում էր վարկի դիմաց իր տունը վերցնելուց. «էսա գալու են՝ տունս  իմ ձեռիցը վերցնեն, իրենք վայելեն: Վարկ եմ վերցրել , տուն սարքել, գոնե տեղեկություն էլ չեն ասում, երբ է «Թեղուտ» ՓԲԸ-ն վերագործարկվելու: Որ մեր հողը չէին վերցրել,  մեր անտառը բաց էր, մոշ քաղեինք, հոն քաղեինք, ծախեինք, ապրեինք: Հմի փշալար են քաշել»,- դժգոհեց նա:  

Արմեն Ուլիխանյանն իր ընտանիքի միակ աշխատողն է: Նա 1,2 մլն դրամ վարկի տակ է: Շնողցի Արտակ Չիթչյանը պահանջեց՝ աշխատանք չեն տալիս, թող իրենց անտառների փշալարերը հանեն. «Մենք կգնանք սունկ կքաղենք, մոշ կքաղենք, ոնց որ առաջ ապրելիս ենք եղել, այդպես կապրենք: Որիս հողը  չեն օգտագործում, թող մեզ տրամադրեն, մենք մեր հողը կմշակենք: Եթե մեր հողերը հիմա վատ վիճակում են, թող տեղը ուրիշ հող տրամադրեն: Ես իրենց 2 հա հող եմ տվել: Տվել եմ այն նպատակով, որ աշխատանքով ապահովեն: Հիմա աշխատանքով չեն ապահովում: Հիմա ի՞նչ անենք, ոչ հող ունենք, ոչ աշխատանք»,-դժգոհեց Արտակը:

«Թեղուտ» ՓԲԸ-ի վարչական  ներկայացուցիչ  Ֆրունզե Նորեկյանը բացատեց, որ  մարդիկ անգործ են մնացել,  դուրս են եկել իրենց բողոքն արտահայտելու: Նրա խոսքով,  հունիսի 2-ին  «Թեղուտ» ՓԲԸ -ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Թադևոսյանն է ասել, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն մեկ էլ 2019թ.-ի փետրվարին կարող է աշխատել: Ժողովուրդն էլ ասում է, եթե աշխատելու տեղ կա, առաջ մենք աշխատենք, նոր՝ մյուսները:

Ֆ.Նորեկյանի կարծիքով, «Թեղուտ» ՓԲԸ -ն կարող է  գյուղացիների պահանջը բավարարել: Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը պատմեց, որ  համայնքի բնակչության կողմից բարձրացվող  խնդիրների մասին  գրավոր տեղեկացրել  է «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին: Պատասխանել է՝ կաշխատենք մարդկանց  տեղավորել աշխատանքի կամ տրամադրել օգնություն:

 Դ. Ղումաշյանի ասելով՝ Վ. Մեջլումյանը նույնիսկ «ՎՏԲ»-ի հետ բանակցություններ  է  տանում վարկերի ավելացված  4 տոկոս դրույքաչափերը հանելու համար. «Եթե չտանք վարկերը, «Թեղուտ» ՓԲԸ-ում մեր աշխատած  տարիներն իզուր են կորչում: Էլ մի բան էլ ա չունենք: Մեր հողը,  արոտավայրերը, անտառները վերցրեցին, շարքից հանեցին, հիմա վարկի դիմաց կվերցնեն մեր տները»,-նեղսրտեց Նարեկ Ավետիսյանը:

Շուրջ 4 ժամ ճանապարհը  փակ պահելուց հետո համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը կազմակերպեց «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր  տնօրեն Սահակ Կարապետյանի և  ցուցարարների ներկայացուցիչների օնլայն հանդիպում: Լրագրողներին չթույլատրվեց  ներկա լինել հանդիպմանը: Ցուցարաների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սահակ  Կարապետյանը խոստացել է 2-3 օր հետո  ցուցարաներին հանդիպել  Շնողում, և ցուցարաները  բացեցին ճանապարհը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ