HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հեղնար աղբյուրի 50 տարի առաջ կորսված «հրաշքը» վերականգնված է

«Նա լռեց մի քիչ, ապա ավելացրեց․

— Ու էսպեսով, իմ ախպուրս էլ ցամքավ...

Կարոն, որի կյանքն անցել էր տներ կառուցելով, ծանր հառաչեց ու խոսեց․

— Աշխըրքի օրենքն է էդպես, Մկրտիչ։ Բոլորի ախպուրն էլ մե օրըմ պիտի ցամքի։ Հմը մարդ կա, օր իրան ետևեն հիշատակ ունի, մարդ կա, օր չունի։ Քու ախպուրդ ցամքավ, հմը քառսուն հատ կա քու տեղակդ։ Էնոնք քեզի կօրշնեն քառսուն բերնով։ Ջրեդ խմող ամմեն մարդ քեզի պիտի հիշե հուր֊ հավիտյան...

Սակայն ուստա Մկրտիչը չէր լսում նրան։ Անշարժ հայացքը մի կետի հառած և ուշադրությամբ ուրիշ տեղ վերացած, նա կրկնեց ինքնիրեն․

— Իմ ախպուրս էլ ցամքավ Հեղնար ախպուրի պես...

Բոլորը քարացան։ Տիրեց հանկարծահաս, երկարատև լռություն։ Վաղուց, շատ վաղուց էր, որ նրանք չէին արտասանել և չէին լսել Հեղնար աղբյուրի անունը։ Եվ այժմ նրանց աչքի առջև վերակենդանացավ հեռու անցյալը...

Հեղնար աղբյուրը...Այն չէր մտնում ուստայի կառուցած քառասուն աղբյուրների շարքը և չէր էլ կարող մտնել՝ այնքա՛ն արտասովոր, այնքա՛ն զարմանալի և այնքա՛ն անհասկանալի էր այն...Եվ այդպես անհասկանալի էլ նա մնացել էր անցյալին, որովհետև Հեղնար աղբյուրն այլևս համարյա գոյություն չուներ աշխարհի վրա։ Համենայն դեպս, դրա հրաշքը, որ տեղի էր ունեցել քսան տարի առաջ, վերացել էր նույն օրը և այնուհետև չէր կրկնվել երբեք»:

                                                                        (հատված Մ. Արմենի «Հեղնար աղբյուր»-ից)

Մկրտիչ Արմենի հայտնի ստեղծագործություններից մեկի՝ «Հեղնար աղբյուրի» էկրանավորման սկիզբն անհարթ էր, ընթացքն՝ արագացված, ավարտը՝ սպասվածից հաջող, ֆիլմի ճակատագիրն՝ արգելքի կնիքով: Եթե սկսենք վերջից, ապա ասում են, որ 1970թ.-ին նկարահանված ֆիլմը համարձակ սյուժեի պատճառով որոշ ժամանակ արգելված է եղել՝ պրեմիերան կայացել է 1971թ. ապրիլի 17-ին, էկրաններին հայտնվել՝ 1972թ. հունվարի 25-ին:

Ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով նկարահանման նախապատրաստական աշխատանքներին, պատմել է, որ ֆիլմի նկարահանման համար սկզբում Հայաստան է հրավիրվել ռուսական կինոյի նորարարական ռեժիսորներից այն ժամանակ ամենահայտնին՝ Անդրեյ Տարկովսկին: Ֆիլմի գլխավոր օպերատոր Լեւոն Աթոյանցն էլ նշել է, որ ֆիլմի նկարահանումներն, ըստ նախնական պայմանավորվածության, վստահված է եղել Կարեն Գեւորգյանին, սակայն գեղխորհուրդը մերժել է նրա թեկնածությունը: Ի վերջո, որպես ֆիլմի ռեժիսոր ընտրվել է Արման Մանարյանը:


Մարմաշենի վանք

Նկարահանումներն իրականացվել են ռեկորդային, շատ կարճ ժամանակահատվածում՝ 4 ամսում: Հենց սկզբից էլ նախատեսված է եղել, որ ֆիլմը լինելու է գունավոր, սակայն արդյունքում ստացվել է սեւ-սպիտակ, քանի որ ժամանակ չի եղել երեւակման համար հասնելու Մոսկվա: «Հեղնար աղբյուր»-ի որոշ տեսարաններ նկարահանվել են Երեւանում, որոշ տեսարաններ՝ Գյումրիում, անգամ մտադրություն է եղել ինչ-որ հատված էլ Բաքվում նկարելու, որ չի իրականացվել, իսկ Հեղնար աղբյուրի կառուցման հայտնի տեսարանը նկարահանվել է Մարմաշենի վանքային համալիրի հարակից տարածքում: Ուստա Մկրտիչի երիտասարդ կնոջ՝ Հեղնարի ու Երանոսի դատապարտելի սիրո մասին պատմությունն էկրանավորելու փաստը միանշանակ չեն ընդունել լենինականցիները, սակայն դա չի խանգարել, որ ֆիլմը սիրվի եւ ծնունդից 50 տարի անց էլ պահպանի իր հետաքրքրությունը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանն էլ է փաստում, որ էկրանին առաջին անգամ ցուցադրված ֆիլմը լենինականցիներն ընդունել են զուսպ, ծափահարել են, սակայն չի եղել այն ոգեւորությունն ինչ «Կտոր մը երկինք», «Մեր մանկության տանգոն» ֆիլմերի դեպքում: Ըստ ֆիլմի գլխավոր օպերատոր Լեւոն Աթոյանցի` իրենք ընտանեկան դավաճանությունը դարձրին մեծ սեր: «Մկրտիչ Արմենը մեր դեմ էր, լենինականցիներն էլ էին վատ մտածում ֆիլմի մասին, բայց մենք լրիվ այլ երանգավորմամբ նկարեցինք այն»:

Մոսկվայում բնակվող, արմատներով Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից 39-ամյա Արթուր Գալստյանը խոստովանում է՝ ֆիլմը դիտել է 29 անգամ: Սա ոչ տարօրինակ, ոչ էլ հետաքրքիր մի փաստ կլիներ, եթե զրույցի ժամանակ չհստակեցներ, որ այդքան անգամ դիտել է մեկ ամսվա ընթացքում:

«Իմ գիտակցական կյանքի ընթացքում երբեք առիթ չեմ ունեցել «Հեղնար աղբյուրը» դիտելու, դե հիմա այդպես է ստացվել, առաջին անգամ նայել եմ այս տարի հունվարին,- խոստովանում է Արթուրը,-ամանօրյա արձակուրդներին Մոսկվայից եկել էինք Երեւան եւ հեռուստացույցի ալիքները թերթելիս հանդիպեցի ֆիլմին, կինս էլ, որ այդ պահին սենյակ էր մտնում, կադրում տեսնելով Մարմաշենի վանքը՝ նկատեց, որ իմ հարազատ գյուղի տարածքում է նկարված: Հետո ես նայեցի հաղորդում ֆիլմի մասին, որտեղ ասվում էր, որ նկարահանումներից հետո կառուցված աղբյուրը նվեր է թողնվել վահրամաբերդցիներին: Սա շատ տարօրինակ էր ինձ համար: Իմ կապը գյուղի հետ շատ սերտ է եղել, թեկուզ հենց այնքանով, որ մինչեւ 10-րդ դասարանս բոլոր արձակուրդներն այնտեղ եմ անցկացրել, բազմիցս եղել եմ վանքի տարածքում ու գոնե մեկ անգամ այդ աղբյուրը տեսած կլինեի, եթե իրականում լիներ»:

Տեղեկությունն ու իր հիշողությունները եւս մեկ անգամ ստուգելու նպատակով Արթուրը զանգահարում է Վահրամաբերդում ապրող մանկության ընկերոջը՝ Համլետ Գեւորգյանին եւ խնդրում ճաշկերույթ կազմակերպել վանքի տարածքում: Ընկերը, հաշվի առնելով եղանակային պայմանները, առաջարկում է հանդիպել տան պայմաններում, սակայն Արթուրն իրենն է պնդում: Եվ միայն ճաշկերույթի ընթացքում է պարզվում խնդրանքի շարժառիթը: Խնջույքին մասնակից վահրամաբերցիները հաստատում են տեղեկությունը՝ այո՛, ֆիլմի այդ հատվածը նկարվել է վանքի հարակից տարածքում, տարել ու Արթուրին ցույց են տվել պահպանված աստիճանները եւ բլրի այն հատվածը, որտեղ ենթադրաբար պետք է կառուցված լիներ աղբյուրը:

«Այնտեղ միայն բլուր էր ու ուրիշ ոչինչ: Հայտնի չէր անգամ, թե ֆիլմի նկարահանումից հետո ինչ ճակատագիր է ունեցել աղբյուրը, եթե նվիրել են գյուղին, այդ դեպքում ինչու՞ չի պահպանվել: Պարզ էր, որ ինչ-որ մի բան այն չէր՝ կամ քանդել էին նկարահանումից հետո, կամ... »: Արթուրը որոշում է վերակառուցել իրեն այնքան գրաված ու սեփական ծննդավայրից իր մեջ մի մասնիկ կրող ֆիլմում տեղ գտած հայտնի աղբյուրը նույնությամբ: «Կարելի է ասել պեղումներով ենք զբաղվել,- ընկերոջ խոսքը ժպտալով շարունակում է Համլետ Գեւորգյանը,- տարածքը փորել ենք, հողի շերտի տակից հանել ենք բոլոր քարերը: Աղբյուրի հատակն ամբողջությամբ պահպանված էր, ինչը որ ավիրված է եղել՝ վերականգնել ենք, միայն 4 քար է այդտեղ նոր, մնացածը լրիվ նախկինում օգտագործված քարեր էին, որ քանդած էդտեղ թափած էին»:

Աղբյուրի հուշաքարը, որի վրա փորագրված է եղել «Ամեն կնիկ իրա մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմե էնոր ջրեն» հայտնի տողը, չի հայտնաբերվել: Պարզվել է, որ հետագայում քարի վրայի գրվածքը ջնջել են եւ որպես ռեկվիզիտ օգտագործել մեկ այլ ֆիլմում: Աղբյուրի վերականգնման ընթացքում հարկ է եղել պատրաստել նորը:

«Եղբայրս է օգնել Մոսկվայից ֆինանսապես, կողքիս կանգնած են եղել ընկերներս, Վահրամաբերդ գյուղի բնակիչները: Տարածքը սեփականաշնորհված է, տեր ունի ու երեւի էդտեղ էլ էինք բախտավոր, որ սեփականատերը Համլետի եղբայրն է եւ պատրաստ է այն նվիրաբերելու համայնքին: Մնում է մի քանի շատ կարեւոր հարցեր լուծել, որոնք երեւի համայնքի ու պետության խնդիրն են. դա Մարմաշենի վանք իջնող ճանապարհի սարսափելի վիճակն է, տարածքում աղբամաններ տեղադրելու հարցն է ու մեկ էլ հասարակական զուգարան ունենալու պահանջը, որովհետեւ հազարավոր ուխտավորներ են այստեղ գալիս, ժամեր են անցկացնում ու տարածքը չմաքրելով հեռանում՝ պատճառաբանելով, որ պայմաններ չկան: Ես իմ նվերն արել եմ՝ վերականգնել եմ աղբյուրը, ու մարդիկ այսուհետ կարող են ջուր խմել, որովհետեւ այն հոսելու է արդեն առանց «գաղտնիքի», բայց կան հարցեր, որ պետական մոտեցում են պահանջում, ու պետությունը պետք է մտահոգվի»,- ասում է զրուցակիցս:

Նշված անհարմարությունները հունիսի 10-ին «վայելեցին» նաեւ աղբյուրի բացմանը ներկա հարյուրավոր տեղացիներն ու արտերկրից ժամանած հյուրերը: Մոտ 2 կմ քարուքանդ ճանապարհ, կիզիչ, այրող արեւ, սպասումի լարված ժամեր ու որպես պարգեւ՝ տպավորիչ անակնկալ, որ Մարմաշենի վանք հասավ ֆայտոնչի Գրիշի թոռան՝ վարպետ Սամվելի ֆայտոնով: «Հեղնար աղբյուր»-ի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էր ֆիլմի օպերատոր, 88-ամյա Լեւոն Աթոյանցը, որ թեպետ ուներ տեղաշարժվելու խնդիր, սակայն համաձայնել էր կեսդարյա ընդմիջումից հետո կրկին հայտնվել նկարահանման հրապարակում: Կառքով տեղ հասած հյուրերի թվում էին ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Երանոսի դերակատար Հակոբ Ազիզյանը, Մկրտիչի դերակատար Սոս Սարգսյանի դուստրը՝ Անուշ Սարգսյանը եւ օրվա անակնկալը՝ Հեղնարի դերակատարուհի Յուլիա Ռուստամյանը:

Ձախից՝ Յուլիա Ռուստամյան եւ Անուշ Սարգսյան

«Երբ Կարեն Գեւորգյանն ինձ հրավիրեց Հեղնարի դերակատարման համար ես 20 տարեկան էի: Հայրս արմատներով Լենինականից էր, ու ինձ համար հաճելի էր նրա ծննդավայրում նկարվելը: Դժվար էր, իհարկե, պատկերացնել, որ երբեւէ կվերադառնամ այստեղ 48 տարի անց, սակայն Արթուրի շնորհիվ դա իրականություն դարձավ, որի համար անչափ շնորհակալ եմ` թե´ Հայաստան, թե´ այս վայր կրկին այցելելու հնարավորության համար»,- հուզված ասում է դերասանուհին:

Յուլիա Ռուստամյանը Հայաստան էր հասել Փարիզից: Այն, որ իրեն սպասում են Գյումրիում, դերասանուհին տեղեկացել էր Երեւան-Փարիզ ինքնաթիռի տոմսը ստանալուց ընդամենը 5 օր առաջ: «Իրականում մենք նրան շատ դժվարությամբ ենք գտել,- խոստովանում է Արթուրը,- փնտրում էինք ինտերնետով` բոլոր հնարավոր տարբերակներով՝ նկարով, անվան միջոցով, ի վերջո հայտնաբերեցինք Փարիզում, հետո սկսվեց ակտիվ նամակագրություն, ավելի ճիշտ` դա նման էր մենագրության, քանի որ Յուլիան սկզբում դրան վերաբերվում էր կասկածանքով, մտածում էր ինչ-որ մեկը կատակ է անում: Հաղթեց իմ համառությունը, ու հաջողվեց մոտ 50 տարվա ընդմիջումից հետո նրան բերել Հայաստան»:


Լեւոն Աթոյանց

Աղբյուր-հուշարձանը բացելու պատիվը վերապահվեց Յուլիա Ռուստամյանին եւ Անուշ Սարգսյանին: Առաջինը աղբյուրից ջուր խմեց Լեւոն Աթոյանցը, հետո մոտեցան մյուսները՝ փորձելով բացահայտել աղբյուրի գաղտնիքն ու մանկան նման ուրախանալով` նայում էին ջրի հոսող շիթերին:

«Կարծում եմ` սա կլինի յուրատեսակ ուխտատեղի սիրահարների համար ու կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, չնայած Մարմաշենի վանքը տեսնելու համար հազարավոր ուխտավորներ են գալիս, ուղղակի սա լրացուցիչ խթան կհանդիսանա»,- նկատում է Արթուր Գալստյանը՝ խոստանալով հաջորդ մեծամասշտաբ միջոցառումը կազմակերպել 2020 թ.-ին՝ «Հեղնար աղբյուր»-ի նկարահանման 50-ամյակի առթիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter