HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում գործող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ի աշխատակիցները առավոտից բողոքի ակցիա և գործադուլ են իրականացնում թռչնաֆաբրիկայի դիմաց: Ցուցարարները կանգնել են թռչնաֆաբրիկայի դարպասների դիմաց և արգելում են որևէ մեկին մուտք գործել թռչնաֆաբրիկայի տարածք:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց Նոր Գեղիի բնակիչ Արթուր Հովհաննիսյանը, թռչնաֆաբրիկայի տնօրինությունը աշխատանքից հեռացրել է ավելի քան 60 աշխատակցի՝ առանց ծանուցագիր ուղարկելու եւ հեռացման պատճառների մասին տեղեկացնելու: Ցուցարարների շարքում են ինչպես թռչնաֆաբրիկայի նախկին, այնպես էլ ներկա աշխատակիցներն ու գյուղի բնակիչները: Արթուրն ասում է, որ 60 աշխատակիցները աշխատանքից ազատվել են տարբեր օրերի՝ հունիսի 8-ից սկսած:

Քիչ առաջ բողոքող աշխատակիցների հետ հանդիպման է եկել նաև Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Արթուրի հաղորդմամբ՝ մարզպետը հանդիպում է ունեցել թռչնաֆաբրիկայի տնօրենի հետ, ով Պետրոսյանին տեղեկացրել է, որ աշխատակիցները հեռացվել են թռչնաֆաբրիկայի ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով:

Թռչնաֆաբրիկայի տնօրինությունն ու մարզպետը, ըստ Արթուրի, համաձայնության են եկել, որ ուրբաթ օրը հանդիպում կկազմակերպեն թռչնաֆաբրիկայի սեփականատերերի, մարզպետի և բողոքի ակցիա իրականացնողներից ընտրված երկու աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպմանը առաջնային կարգով կքննարկվի այն հարցը, թե հեռացված աշխատակիցներից քանիսը, որ ամսին հետ կվերադառնան իրենց աշխատանքին:

Արթուրն ասում է, որ ցուցարարներին միացել են  նաև թռչնաֆաբրիկայի ներկա աշխատակիցները, քանի որ նրանք ևս համոզված են, որ կարող են նույն ճակատագրին արժանանալ, անգամ եթե աշխատանքից չհեռացվեն էլ, ապա պարտադրված են լինելու հեռացված աշխատակիցների փոխարեն աշխատել:

լուսանկարները՝ Արթուր Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter