HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորման պրակտիկայի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ կձեռնարկվեն. դատախազություն

Գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատախազության պաշտոնական կայքը հայտնում է, որ նիստի ընթացքում քննարկվել են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորվածության պրակտիկային առնչվող հարցեր՝ նախորդ տարի օգոստոսի 4-ի դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ընդունված որոշումների կատարման համատեքստում:

Ընդգծվել է խափանման միջոց կալանքի ընտրության և կալանքի ժամկետը երկարացնելու լիարժեք օրինականության ապահովմանն ուղղված դատախազական հսկողությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Նշելով, որ չնայած կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների քանակի նվազումը, դատարանների կողմից այդ միջնորդությունների բավարարման ցուցանիշների բարելավումը վկայում են չհիմնավորված միջնորդություններ ներկայացնելուց խուսափելու պրակտիկայի ամրապնդման մասին՝ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այս ոլորտում արձանագրված ձեռքբերումները, առկա միտումները չեն արդարացնում ինչպես մեր սպասելիքները, այնպես էլ հանրային ընկալումը: Նրա դիտարկմամբ խնդիրը շարունակում է մնալ արդիական և այն արագ, հիմնավորապես լուծելու նպատակով անհրաժեշտ է անցնել կտրուկ միջոցառումների՝ ապահովելով բարեփոխումների շարունակականությունը:

Առաջին, ըստ Արթուր Դավթյանի, յուրաքանչյուր գործով խափանման միջոցի ընտրության միջնորդության՝ դատախազության կոլեգիայի կողմից ընդունված կանոններին լիարժեք համապատասխանության ապահովման համատեքստում անհրաժեշտ է հատկապես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների պարագայում շեշտը դնել կալանքի հիմքերի ոչ թե հավանական կանխատեսելիության, այլ քրեական գործի նյութերով կալանքի հիմքերի մասին ռեալ փաստական տվյալների առկայության վրա:

Գլխավոր դատախազը նաև հանձնարարել է խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման ցանկացած դեպքում պարտադիր դիտարկել այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության հարցը և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելով ռիսկերը, լայնորեն կիրառել անձնական կամ կազմակերպությունների երաշխավորությունը, նաև գրավը՝ որպես խափանման միջոց:

Բացի այդ, շեշտվել է, որ հատկապես կալանքի ժամկետների երկարացման դեպքում մանրամասն քննության առարկա պետք է դարձնել կալանավորման հիմքերի իրական շարունակականության առկայությունը, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմինների կողմից նախաքննության խնդիրների լուծման գործում պատշաճ ջանասիրության ցուցաբերումը:

«Այս ամենը, իհարկե, չի նշանակում, թե մենք միաժամանակ պատասխանատու չենք մեղադրյալի հետագա վարքագծի ճիշտ գնահատման, անազատության մեջ գտնվող մեղադրյալի դրսևորած բացասական վարքագծի հետևանքների առումով: Անխոս, գերխնդիրը յուրաքանչյուր գործով պատշաճ վարույթի ընթացքն ու արդյունքներն ապահովելն է: Բայց միաժամանակ՝ որպեսզի դա չհանգեցնի մեղադրյալի ապագա վարքագծի գնահատման ընդարձակ հավանականությամբ վերջինիս իրավունքների չհիմնավորված սահմանափակման, յուրաքանչյուր դեպքում, երբ կընտրվի անազատության հետ չկապված խափանման միջոց, անհրաժեշտ է ապահովել, որ հետաքննության մարմիններն իրենց ողջ գործիքակազմի գործադրմամբ հետևեն, որպեսզի մեղադրյալի կողմից անազատության հետ չկապված խափանման միջոցի պայմանների խախտման յուրաքանչյուր դեպքում անմիջապես պատշաճ արձանագրվի այն, տրվի իրավաչափ արձագանք և վարույթ իրականացնող մարմնին անհապաղ տեղեկացնեն այդ մասին: Նույն նպատակով անհրաժեշտ է ցուցումներ տալ քննիչներին՝ քննչական գործողությունների միջոցով ստուգելու նույն պայմանների պատշաճ պահպանումը մեղադրյալների կողմից: Իսկ երբ օրենքով սահմանված կարգով կարձանագրվի այդ պայմանների խախտումը՝ դա իրավաչափ գնահատականների կարժանանա»,-նշել է Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազը հանձնարարել է խիստ հետևողական լինել նշված պահանջների՝ քննիչների, հսկող դատախազների կողմից ապահովման նկատմամբ, իսկ խախտման յուրաքանչյուր դեպքում պարտադիր կիրառել դատախազական ներգործության համաչափ միջոցներ:

Նկատի ունենալով քրեական դատավարության նոր օրենքի ընդունման գործընթացի ձգձգումը, մյուս կողմից Հայաստանում պրոբացիոն ծառայության կայացումը՝ գլխավոր դատախազը հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում միջազգային փորձի ուսումնասիրության հենքի վրա մշակել կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման իրավակարգավորումների՝ այդ թվում այլընտրանքային փախանման միջոցների ներդրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթ և միջոցներ ձեռնարկել հանրային մասնակցայնությունն ապահովելու նպատակով մասնագիտական շահագրգիռ շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախագիծը քննարկելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ (1)

ԱՇՈՏ ԱԹՈՅԱՆ
Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով: Իմ կարծիքով պետք է նաև մարդասիրական ոգի ներշնչել Երևան քաղաքի դատախազությունում որպեսզի վերացնեն քանոնով գծած, հնի մնացուկներով և սովորութային նորմերով քրեական գործեր քննելուց: Ես գտնում եմ որ նախաքննական մարմնին տված ցուցումները պետք է լինեն միայն գրավոր: Հարգելի գլխավոր դատախազ երևի համամիտ կլինեք՝ առաջարկում եմ քրեական գործերով բաց քննարկումներ՝ գաղտնիության պահպանմամբ, թե չէ ստացվում է ոչ մի կերպ չենք կարող ապացուցել օրենքի պահանջը: Նախաքննական մարմինը մերժելով միջնորդությունը հակառակ ճշմարտությունը ապացուցել ոչ մի կերպ կամ գործիքակազմով այլևս հնարավոր չէ:Ում ուզում ես բողոքի, բոլորը կարծես պայմանավորված լինեն: Եթե այդպես է ապա խնդրի միակ լուծումը տեսնում եմ ունենալ միայն փաստահավաք հետաքննություն, վերացնել նախաքննությունը և նյութերը հանձնել դատարան: Այս դեպքում դատարանը պարտավորված կլինի անաչառ, անկողմնակալ, լրիվ և օբյեկտիվ դատաքննություն կատարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter