HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանքերի ստուգումների մասին

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսով պատասխանում էր օգտատերերի հարցերին: Քաղաքացիներից մեկը գործադիրի ղեկավարից հետաքրքրվեց, թե արդյոք մեկնարկել են հանքերի ստուգումները:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հին և նոր սահմանադրության անցումային փուլում տեսչական մարմինների կարգավիճակների փոփոխություններ են տեղի ունենում, և այս պահին դեռևս ստուգումները չեն սկսվել, սակայն առաջիկայում դրանք պաշտոնապես կմեկնարկեն.

«Ստուգումների համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ պետք է տեղի ունենան, հուսով եմ՝ մի քանի օրվա, մեկ շաբաթվա ընթացքում այդ կառուցվածքային փոփոխությունները կարվեն և ստուգումները կսկսվեն»,- հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ Հայաստանում հանքերի շահագործման ստանդարտները պետք է բարձրացվեն միջազգային մակարդակի, և ստուգումների գործընթացը պետք է տեղի ունենա օբյեկտիվորեն՝ քաղաքացիական հասարակության, մասնագիտացված լրատվամիջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ, որպեսզի ստուգումների արդյունքում լինեն միայն անառարկելի փաստեր, որոնք էլ կկանխորոշեն կառավարության հետագա որոշումները.

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք որոշումները կայացնենք՝ հենվելով փաստերի վրա, սա կառավարման արդյունավետության ամենակարևոր չափանիշներից մեկն է»,- նշեց վարչապետը՝ ավելացնելով, որ նման մոտեցումը կբացառի քմահաճույքով կամ կոռուպցիայի միջոցով կայացված որոշումները:

Հիշեցնենք, որ հանքերում ստուգումներ իրականացնելու մասին հանձնարարականը Նիկոլ Փաշինյանը տվել էր կառավարության մայիսի 24-ի նիստում: Հավելենք նաև, որ ավելի վաղ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցրել էր, որ առաջին ստուգումը տեղի կունենա Ամուլսարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter