Շաբաթ, 23 հունիսի

Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել



Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստին Նազարյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանն իրենց պաշտպանյալին անձնական երաշխավորությամբ կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրին:
Պատգամավորները պետք է ներկայանան դատարան, որպեսզի դատարանում զգուշացվեն երաշխավորության դեպքում իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Այս պահին նիստն ընդմիջվել է՝ պարզելու համար, թե նրանք երբ կարող են ներկայանալ:
Նշենք, որ այս դատարանում քննվող գործով անցնում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը: 
Այսօր դատարան են ներկայացել ՊՊԾ գնդում հրազենային ծանր վնասվածքներ ստացած եւ մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը և գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյանը:
Վերջիններս նախկինում նիստերին չեն եկել, այսօր գործով ներգրավվեցին՝ որպես տուժողների իրավահաջորդներ:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ