Շաբաթ, 18 օգոստոսի

Փոքր Վեդիի խմելաջրի քայքայված համակարգը ջրամատակարար ընկերությունները փոխանցում են միմյանց. ներդրումներ կատարելու ցանկություն չունեն



Փոքր Վեդի գյուղի խմելաջրի ցանցն ամբողջովին մաշված է: Գյուղացիների ասելով՝ վթարված հատվածներից ջուրն այնքան առատ է ժայթքում, որ հարակից հողամասերը կարողանում են ոռոգել դրանով: Գյուղի փողոցներն ասֆալտապատ չեն, բայց վթարված խողովակներից հոսող ջուրը շարունակաբար քանդում է գրունտային ճանապարհները: Բնակիչների ասելով՝ գրեթե ամեն օր նոր վթար է լինում, որը վերացնելը 2-3 շաբաթ է տեւում, բայց հաջորդ օրը նույն խողովակի մեկ այլ հատվածից ջուրը կարող է ժայթքել:

«Խմելաջրի ցանցը 60 տարվա վաղեմություն ունի, թեթեւակի ճնշման դեպքում վթարներ են լինում: Այս պահին էլ 3-4 վթար կա գյուղում»,- ասում է Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը:

Փոքր Վեդին խմելաջրի կառավարումը 2003 թ.-ին անհատույց հանձնել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Համայնքի ղեկավարն ասում է, որ դրանից հետո էլ մեկ տասնամյակ գյուղը ջուր չի ունեցել: Ջրամատակարարումը փոքր ինչ բարելավվել է 2013 թ.-ից, օրումեջ ջուր են տվել գյուղին` մի օր Փոքր Վեդիին, մյուս օրը՝ հարեւան Լուսառատ գյուղին: «Օրական 5 ժամ ջուր էին տալիս, ընդ որում՝ 2,5 ժամ գյուղի մի հատվածին էին տալիս, 2,5 ժամ՝ մյուս հատվածին»,- պատմում է համայնքի ղեկավարը եւ ավելացնում, որ դա մեծ առաջընթաց էր, որովհետեւ բնակիչներն արդեն ջուրը չէին գնում:

Փոքր Վեդի համայնքի ղեկավարը 2013 թ.-ին գրությամբ դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին՝ խմելաջրի խողովակները փոխելու համար: «··· ավելի քան 50 տարի, միջոցների սղության պատճառով, հնարավոր չի եղել իրականացնել, ուստի այսօր կենսական կարեւորություն եմ համարում ներքին ցանցի նորոգման հիմնարար աշխատանքների իրականացումը»,- հայտնել է նա:

«Հետագա որեւէ ներդրումային ծրագրի շրջանակներում կդիտարկվի նաեւ Փոքր Վեդի համայնքի ներքին ցանցի բարելավման հնարավորությունը»,- ի պատասխան հայտնել է Պատրիկ Լորենը: Սակայն, կառավարման հետագա 4 տարիներին էլ այդ հնարավորությունը չի ստեղծվել:

2016 թ. հոկտեմբերի 27-ի արձանագրային որոշումով Կառավարությունը 5 ընկերությունների, այդ թվում նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի եւ  գույքի օգտագործման իրավունքը 15 տարով վարձակալության հանձնեց ֆրանսիական «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերությանը:

Այդպես, 2017 թ.-ից «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին է փոխանցվել նաեւ Փոքր Վեդու ջրային համակարգի կառավարումը: Նորիկ Մարտիրոսյանն ասում է, որ 2018 թ.-ից, «Վեոլիա ջրի» կառավարման շրջանից, գյուղն ամեն օր, առավոտից մինչեւ երեկոյան ժամ 4-6-ը ջուր ունի: «Ջրամատակարարումը բարելավվել է, բայց որակը շատ վատն է»,- նշում է համայնքի ղեկավարը:

Բնակիչները ցույց են տալիս ցեցոտված խողովակներից հոսող ժանգաջուրը, բացի այդ, վթարների հետեւանքով ջուրն աղտոտվում է եւ վտանգում մարդկանց առողջությունը: Համայնքի ղեկավարի ասելով՝ «Վեոլիա ջուր»-ն արագ չի արձագանքում վթարներին, որովհետեւ մի տեխնիկան ավելի քան 30 համայնք է սպասարկում, եւ ամեն տեղ վթարներ կան: «Այսօր անձամբ իրենց մոտ եմ եղել, բացատրել եմ, որ ջուրը շենքի հիմքն է խարխլում, բայց անօգուտ, տեխնիկա չունեն, որ արագ արձագանքեն, տեխնիկան պետք է ավելացնեն»,- ասում է համայնքի ղեկավարը:

Իհարկե, հարցի լուծումը վթարները վերացնող տեխնիկայի քանակն ավելացնելը չէ, այլ՝ փտած խողովակները փոխելը, որպեսզի բնակիչները կարողանան անխափան ու մաքուր ջուր ստանալ, նաեւ՝ ջրակորուստների համար չվճարենք բոլորս: Պրն Մարտիրոսյանն ասում է, որ գյուղի խմելաջրի ցանցը փոխելը մեծ ծախսեր չի պահանջի մատակարարից, որովհետեւ ջրաչափերը տեղադված են, խճճված ցանցավորում չունեն, ուղիղ գծով անցնող խողովակներ են, որը պարզապես պետք է փոխել:

Համայնքի ղեկավարը «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստիան ԼՖեին ուղղված գրությամբ խնդրել է օժանդակել խմելաջրի ներքին ցանցի խողովակաշարի հիմնանորոգման աշխատանքներին: «Մինչ օրս 14 222 գծամետր խողովակից վերանորոգվել է 1500 գծամետրը, իսկ նոր թաղամասերում ընդհանրապես ջրագիծ գոյություն չունի: Ամռանը գյուղի որոշ թաղամասեր ջրազրկված են լինում, եւ գյուղացիները հարկադրված ջուր են գնում: Խնդրում ենք կատարել ուսումնասիրություններ, արձանագրել վիճակը եւ հնարավորության դեպքում իրականացնել համապատասխան աշխատանքներ` համայնքում ամենօրյա ջրամատակարարում ապահովելու համար»,- հայտնել է գրությամբ:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը պատասխանել է· «Ներկայումս «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մասնագետների կողմից կատարվում է ընկերությանը հանձնված ջրամատակարարման համակարգի ամբողջական ուսումնասիրություն, որի ընթացքում կուսումնասիրվի նաեւ Փոքր Վեդի համայնքի ջրամատակարարման ցանցը: Անհրաժեշտության դեպքում, առաջիկա վերակառուցման ծրագրերի իրականացման փուլում Ձեր խնդրանքը հաշվի կառնվի»:

«Վեոլիա ջուր» ընկերությունից այս անորոշ, չհուսադրող պատասխանը ստանալուց հետո համայնքի ղեկավարը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ