HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հարկադիր կատարողը կաշառք է պահանջել վարույթն իրականացնելու համար

Երբ Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Կամո Նավասարդյանին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման, տուժողներ Արա Պետրոսյանն ու Արման Հովհաննիսյանը մտածում էին, թե վերջապես ետ կստանան խարդախությամբ իրենցից հափշտակված 12.750 ԱՄՆ դոլարը: Չէ՞ որ դատարանը վճռել էր հատուցել տուժողների կրած վնասը եւ 27.07.03թ.-ին էլ ՀՀ ԴԱՀԿ ապահովող վարչության գնդապետ æ. Բաբինյանը գրությամբ տեղեկացրել էր, որ կատարողական վարույթ է հարուցվել, որոշվել է աճուրդով վաճառել Կամո Նավասարդյանի Բերդ քաղաքի բնակարանը ու վերականգնել տուժողների վնասը: Վարույթը հարուցելու օրից ամիսներ են անցնում, իսկ հարկադիր կատարողը ոչինչ չի ձեռնարկում: Սակայն տուժողների բողոքներին հարկադրված էր պատասխանելու եւ նրանց ուղարկում է բնակարանի աճուրդը կազմակերպելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր: Նույն օրերին տուժողները պարզում են, որ բնակարանը վաղուց վաճառել են:

«Վարույթն հարուցելուց մի քանի օր հետո Բերդ քաղաքի հարկադիր կատարող Մխիթար Սաղոյանը զանգահարեց եւ ինձ հետ ժամադրվեց հաջորդ օրը Երեւանում: Մոտ երկուսուկես ժամ խոսակցությունից հետո Մ. Սաղոյանն ինձնից պահանջեց 150 դոլար կատարողական վարույթն իրականացնելու համար: Հայտնեց, որ 150 դոլար չստանալու դեպքում մեր գործին ընթացք չի տա: Ես հրաժարվեցի կաշառք տալուց»,- հայտնեց Արա Պետրոսյանը: Վերջինս տեղեկացրեց, որ բազմիցս հեռախոսազրույց են ունեցել Մ. Սաղոյանի եւ Տավուշի ԴԱՀԿ ստորաբաժանման պետ Է. Սագարյանի հետ, նրանց ուղարկել են մի շարք դիմումներ վարույթն իրականացնելու հետ կապված, սակայն պատասխան չեն ստացել: Հարկադրված 2004թ. ապրիլի 21-ին գործերի մի ամբողջ փաթեթ պատվիրված փոստով ուղարկել են Տավուշի մարզի դատախազություն (ք. Իջեւան): Կես տարի եւս անարդյունք սպասելուց հետո վերջնականապես համոզվել են, որ Մ. Սաղոյանը չստանալով պահանջված կաշառքը իրագործեց իր սպառնալիքը՝ ընթացք չտալ գործին: Դատավճռից 25 օր հետո Կ. Նավասարդյանը ազատ է արձակվում եւ հարկադիր կատարողի հետ ձեռնամուխ լինում նոր խարդախության: Հարկադիր կատարող Մ. Սաղոյանը 17.06.04թ.-ին Ե-246 գրությամբ դիմել է Կադաստրի պետին խնդրելով «անհրաժեշտությունից ելնելով վերացնել Մաշտոցի 25թիվ 18բնկ. վրա դրված արգելանքը», որից հետո բնակարանը վաճառում են:

Գործարքից անտեղյակ տուժողները շարունակում են վերադասին բողոքարկել հարկադիր կատարողի անգործությունը: ՀՀ արդարադատության նախարարին ուղղված նրանց դիմումն ուղարկվել է ՀՀ ԴԱՀԿ վարչության պետի տեղակալ Ա. Գրիգորյանին, որից ստացել են դիմումին ընթացք տալու մասին գրությունը: Նոյեմբերի 22-ին գրություն են ստացել նաեւ Տավուշի մարզի ԴԱՀԿ բաժնի պետ Է. Սարգարյանից, որը եւ իրենց, եւ ԴԱՀԿ վարչության պետի տեղակալ Ա. Գրիգորյանին տեղեկացրել է, որ արգելանք է դրվել բնակարանի վրա, իսկ վարույթն անհարկի ձգձգելու համար հարկադիր կատարող Մ. Սաղոյանը նկատողություն է ստացել: Գրությամբ հավաստիացրել են նաեւ, որ շտապ միջոցառումներ կձեռնարկվեն նշված բնակարանի ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու եւ հարկադիր աճուրդով իրացնելու մասին:

Երեք ամիս սպասելուց հետո Ա. Պետրոսյանը ներկայացել է ԴԱՀԿ վարչության պետի տեղակալ Ա. Գրիգորյանին ու կազմ. տեսչական բաժնի պետ Հ. Մելիքբեկյանին: Դիլիջանի ԴԱՀԿ ստորաբաժանման պետի տեղակալ Արա Մարկոսյանը վերադասին խոստացել է հաջորդ օրն անձամբ Վանաձորից փորձագետ տանել Բերդ եւ գնահատել արգելանքի տակ գտնվող բնակարանը: Եւս մեկ շաբաթ սպասելուց հետո զանգահարել է Ա. Մարկոսյանին, վերջինս պատասխանել է, որ Սաղոյանի տատի ինֆարկտ ստանալու պատճառով չի կարողացել գնալ, փորձագետին կտանի 1-2 օրից: «Փետրվարի 14-ի երեկոյան ինձ զանգահարեց Մ. Սաղոյանը եւ հավաստիացրեց, որ փորձագետը բնակարանը գնահատել է 1600 դոլար, իսկ առաջիկա 10 օրվա ընթացքում թերթում կլինի աճուրդի հայտարարությունը:

Նա խոստացավ տեղեկացնել աճուրդի օրվա մասին, որպեսզի մենք մասնակցենք»,-հայտնեց Ա. Պետրոսյանը: Նույն օրն էլ տեղեկացել են, որ բնակարանը դեռեւս ամիսներ առաջ՝ 2004թ.-ի hուլիսի 1-ին վաճառել են 8000 դոլարով: Սակայն, չկասկածելով, որ տուժողներին արդեն հայտնի է կատարվածը՝ հարկադիր կատարողն ուղարկում է բնակարանը աճուրդով վաճառելու մասին վարույթի կեղծ որոշումը:

«Ոչ միայն հարկադիր կատարող Մ. Սաղոյանն է արգելանք դրված բնակարանի անօրինական վաճառքից հետո շարունակել մեզ խաբել տարբեր կեղծ փաստաթղթեր կազմել-ուղարկելով, այլեւ Դիլիջանի ԴԱՀԿ ստորաբաժանման պետ Է. Սագարյանը եւ նրա տեղակալ Արա Մարկոսյանը»,- նշեց Արա Պետրոսյանը: Կատարված հանցագործության մասին փետրվարի 18-ին նա տեղեկացրել է ԴԱՀԿ վարչության պետի տեղակալ Ա. Գրիգորյանին, կազմ. տեսչական բաժնի պետ Հ. Մելիքբեկյանին: Վերջինս եղելությունը ճշտել է Բերդի Կադաստրի պետ Սուրիկ Ներսիսյանից, որը հաստատել է բնակարանը վաճառելու փաստը»: Հ. Մելիքբեկյանը կատարվածի մասին զեկուցել իր վերադասներին՝ ՀՀ ԴԱՀԿ վարչության պետ Ավագյանին ու նրա տեղակալ Գրիգորյանին: «Վերջիններս ինձ հետ զրուցելուց հետո փետրվարի 21-ին Մ. Սաղոյանին ու Է. Սագարյանին հրավիրեցին ԴԱՀԿ: Նրանք պետերի սենյակներն առանձին-առանձին մտնելուց հետո ինձ առաջարկեցին չդիմել դատախազություն, քանի որ ղեկավարության հետ ձեռք բերված համաձայնությամբ ինձ կփոխհատուցվի կրածս վնասը՝ փետրվարի 25-ին ժամը 15-ին, Հ. Մելիքբեկյանի առանձնասենյակում:

Մ. Սաղոյանը չեկավ ոչ այդ օրը, ոչ էլ փետրվարի 28-ին: Հ. Մելիքբեկյանին մարտի 1-ին տեղեկացրի, որ դիմում եմ դատախազություն, նա պատասխանեց, որ Մ. Սաղոյանին ու Է. Սագարյանին արդեն հեռացրել են աշխատանքից եւ ԴԱՀԿ-ն պիտի դիմի դատախազություն՝ նրանց նկատմամբ քր. գործ հարուցելու համար:Հ. Մելիքբեկյանը մարտի 29-ին մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ մարտի սկզբներին ծառայողական քննություն է կատարվել, որի արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Ա. Ավագյանը միջնորդությամբ դիմել է Տավուշի մարզի դատախազություն՝ չարաշահման հիմքով Մխիթար Սաղոյանի դեմ քրեական գործ հարուցելու համար: Տավուշի մարզի դատախազության քննիչ Արարատ Ազիզբեկյանից տեղեկացանք, որ մարտի 16-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը շահադիտական, անձնական այլ շահագրգռություններից կամ խմբակային շահերից ելնելով … ): Քննիչից տեղեկացանք, որ նախաքննության այս փուլում դեռեւս Մխիթար Սաղոյանի ու Է. Սագարյանի կարգավիճակը ճշտված չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter