HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Վճռաբեկ դատարանը կլսի Նաջարյանների գործը

2004թ. դեկտեմբերի 9-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մասնակիորեն բավարարեց ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանի բողոքը: Դատարանը որոշեց, որ քրեական գործով վարույթը պետք է շարունակվի, եւ Ջորջ Նաջարյանը ընդգրկվի որպես տուժող: ՀՀ գլխավոր դատախազությունը դեմ էր այս որոշմանը եւ այն բողոքարկեց ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան: 2005-ի մարտին վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը: Դատախազությունը այս անգամ բողոքարկեց Հայաստանի դատական համակարգի վերջին ատյան' ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վճռաբեկ դատարան: Ապրիլի 22-ին դատարանը կլսի այս գործը:

Վճռաբեկ դատարանը պետք է կամ անփոփոխ թողնի նախորդ երկու ատյանների վճիռները, կամ գործը ետ ուղարկի վերաքննիչ դատարան' նոր կազմով քննելու:

Նաջարյանների ներկայացուցիչ Աշոտ Պողոսյանը համոզված է, որ վճռաբեկն անփոփոխ է թողնելու դատական երկու ատյանների վճիռները:

Սակայն կան հանգամանքներ, որոնք արդեն իսկ հակառակ եզրահանգումների տեղիք են տալիս:

Վճռաբեկ բողոքը գրեթե նույն' գլխավոր դատախազության քննչական մարմնի կողմից վերաքննիչ դատարան ներկայացված վերաքննիչ բողոքն է. ներկայացված են նույն պատճառաբանությունները, որոնք ամբողջությամբ եւ հիմնովին հերքվել են վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ։ Գրեթե նույն բովանդակությամբ վճռաբեկ բողոք ներկայացրած դատախազությունը, այնուհանդերձ, սպասելիքներ ունի դատարանից:

Վճռաբեկ բողոքում ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը, որպես բողոքը հիմնավորող լրացուցիչ նյութ, նշել է Գրիգոր Իգիթյանի վերաքննիչ դատարան ներկայացրած դիմում-հայտարարությունը: Այն ուղղված է հանրապետության Նախագահին: Այդ հայտարարության մեջ նշված են բազմաթիվ հանգամանքներ, որոնցից գլխավոր դատախազությունը առանձնացրել է մեկը, որ Ջորջ Նաջարյանը իր ներկայացուցչի միջոցով Գրիգոր Իգիթյանին առաջարկել է 150.000 դոլար' վիճարկվող շենքերը Նաջարյանին «զիջելու» դիմաց' դրանով փորձելով ցույց տալ, թե իբր Իգիթյանը ոչ մի խարդախություն չի կատարել։ Գործի նյութերի ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ գլխավոր դատախազությունը նախաքննության ամբողջ ընթացքում համառորել մերժել է Նաջարյանների իրավաբանների պահանջը ինչպես Ջորջ Նաջարյանին տուժող ճանաչելու, այնպես էլ Իգիթյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։ Սկզբում Նաջարյաններին ասել են, թե գործն ընթացքի մեջ է եւ շուտով կլուծվի, իսկ հետո Նաջարյանների հետ առանձնազրույցների ընթացքում գլխավոր դատախազության պաշտոնյաները նրանց փորձել են համոզել, թե Իգիթյանի արարքում ոչ մի հանցակազմ չկա եւ «խորհուրդ» են տվել հաշտության համաձայնություն կնքել։ Միաժամանակ, գլխավոր դատախազությունը համառորեն մերժել է Նաջարյանների իրավաբանների խնդրանքը' ուսումնասիրելու համար իրենց տրամադրել գործի նյութերը: Այդ նյութերը տրամադրվել են միայն առաջին ատյանի դատարանում՝ Նաջարյանների կողմից գլխավոր դատախազության կարճման որոշումը բողոքարկելու ընթացքում։ Պարզ է նաեւ, որ գլխավոր դատախազությունը չէր կարող ստուգել, թե իրականում Նաջարյանը նման առաջարկ Իգիթյանին արե՞լ է, թե ոչ, քանի որ գործն արդեն կարճել են, այլեւս ոչ ոքի չեն հարցաքննել, իսկ գործի նյութերում նման առաջարկի վերաբերյալ փաստեր գոյություն չունեն։ Անհասկանալի է, թե ինչու է հիմա, այն էլ վճռաբեկ դատարանում, իր կողմից կարճման որոշման համար որպես արդարացում գլխավոր դատախազությունը մատնանշում մի հանգամանք, որն իրավական հիմք եւ նշանակություն չունենալուց բացի նաեւ ստուգված չէ։

ՀՀ նախագահին ուղղված հայտարարության մեջ Գրիգոր Իգիթյանը գրում է. «Համատեղ բիզնեսի պատրվակով Նաջարյանը երկար տարիներ ինձնից մեծ գումարներ էր կորզում, որոնք ես տրամադրում էի ոչ միայն նշված բիզնեսի իրականացման, այլ նաեւ Նաջարյանի եւ նրա կնոջ անձնական նպատակների համար»: Թե ինչ համատեղ բիզնեսի մասին է խոսում Գ. Իգիթյանը, հայտնի է միայն իրեն եւ դատախազության աշխատողներին, որովհետեւ նա իր վեջին ցուցմունքներում բոլորովին հակառակն էր ասել, թե Ջ. Նաջարյանի հետ համատեղ բիզնես չեն ունեցել: Գրիգոր Իգիթյանի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ջորջ Նաջարյանի ընտանիքը գոյատեւել է նրա շնորհիվ, իսկ Քերոլայն Նաջարյանի բարեգործական ծրագրերն իրականացվում էին իր փողերով: Դատախազության աշխատակիցները այդպես էլ չեն պարզել, թե Գրիգոր Իգիթյանը, որը վերջին տասը տարվա ընթացքում վաստակել է ընդամենը տասը հազար դոլար (քրեական գործում առկա են այդ ստացականները, տարբեր գերատեսչությունների հետ նրա պայմանագրերը եւ ստացականները), որտեղի՞ց էր այդքան մեծ գումարներ ծախսում:

Հայտարարության մեջ Գրիգոր Իգիթյանը մեղադրել է նաեւ լրատվամիջոցներին, մասնավորապես «Ազգ» օրաթերթին եւ «Արմենիա» հեռուստատեսությանը' իր դեմ «սադրանքների եւ զրպարտանքների մի նոր քարոզարշավ» սկսելու մեջ:

1992թ.-ի սեպտեմբերի 23–ին Վաշինգտոն քաղաքում Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ ստորագրվել է Ներդրումների փոխադարձաբար խրախուսման եւ պաշտպանության մասին պայմանագիր, որը մեր խնդրանքով մեկնաբանել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Համաձայն այդ միջազգային պայմանագրի, որն արտացոլում է երկու երկրների միջեւ ներդրումների պաշտպանության բնագավառում հաստատված իրավական հիմքը եւ, ըստ մեր Սահմանադրության, գերակա է մեր օրենսդրության նկատմամբ, Հայաստանի եւ ԱՄՆ-ի ներդրողների համար սահմանվում է առավելագույն բարենպաստ իրավական ռեժիմ, որը նշանակում է, որ Հայաստանը եւ ԱՄՆ–ը պետք է միմյանց քաղաքացիների նկատմամբ կիրառեն ոչ նվազ բարենպաստ իրավական ռեժիմ, քան կիրառվում է իրենց կամ երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ։ Ներդրումների բռնագրավման եւ բռնագրավման համար փոխհատուցման վերաբերյալ միջազգային պայմանագիրը սահմանում է միջազգային իրավունքի կիրառման սկզբունքներ։ Այդ իրավունքները կիրառելի են պետության կողմից ուղղակի եւ անուղղակի՝ բռնագրավմանը համարժեք միջոցների նկատմամբ, ուստի կիրառելի են նաեւ «քողարկված բռնագրավումների» նկատմամբ, որոնց արդյունքում ներդրողները զգալի չափով զրկվում են իրենց ներդրումների արդյունքից։ Բռնագրավման նման դեպքերում միջազգային պայմանագիրը պահանջում է, որպեսզի փոխհատուցումը կատարվի անհապաղ, համարժեք եւ իրական ձեւով, ինչը պետք է համարժեք լինի մինչեւ բռնագրավումն իրականացնելու, կամ դրա մասին հայտնի դառնալու (կախված' թե որն է ավելի վաղ տեղի ունեցել) պահը բռնագրավված գույքի շուկայական արժեքին, եւ վճարվի առանց ուշացման՝ տոկոսներով հանդերձ։ Միջազգային պայմանագիրը պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմ մյուս կողմի ներդրումների նկատմամբ ապահովի իրավունքների եւ հայցերի իրականացման արդյունավետ միջոցներ։ Այն ապահովում է մի կողմի կառավարության եւ մյուս կողմի քաղաքացու կամ ընկերության միջեւ ներդրումային վեճերը (առանց նախօրոք տեղի դատարաններին դիմելու անհրաժեշտության) միջազգային դատարան ներկայացնելու իրավունքը, եւ յուրաքանչյուր կողմի ներդրողին շնորհում է կառավարության հետ վեճ ունենալու դեպքում իր ընտրությամբ միջազգային դատարան դիմելու ազատություն։ Պայմանագիրն արգելում է ԱՄՆ–ի եւ Հայաստանի կառավարությունների կողմից մյուս կողմի քաղաքացիների ներդրումների նկատմամբ խտրական վերաբերմունքը եւ պահանջում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա արդարացի եւ անաչառ վերաբերմունք ներդրումների նկատմամբ։

Մինչդեռ գլխավոր դատախազությունը Նաջարյանների դեպքում չի ապահովել ոչ միայն առավելագույն բարենպաստ իրավական ռեժիմը, նրանց իրավունքների իրականացման արդյունավետ միջոցները, այլեւ, դատելով երկու դատարանների որոշումներից, նախաքննության ընթացքում խախտել է օրենսդրությունը եւ Նաջարյաններին զրկել իրենց իրավունքներից' նրանց ներդրումները փաստորեն ենթարկելով «քողարկված բռնագրավման» (հայտնի է, որ Իգիթյանն արդեն երկու տարի է արգելում է ոչ միայն Նաջարյանների, այլեւ նրանց շինարարների մուտքը Ձորագյուղի շենքեր): Ավելին' «քողարկված բռնագարվումը» դատախազությունը կատարել է առանց որեւէ փոխհատուցման' իբրեւ իր որոշման «լրացուցիչ հիմնավորում» ներկայացնելով չստուգված հանգամանքներ, որոնք վկայակոչվում են միայն Իգիթյանի կողմից։

Վերաքննիչ դատարանի որոշումն այս առումով նշում է հետեւյալը. «Նախաքննության մարմինը Ջ. Նաջարյանին տուժող չճանաչելով' թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որի արդյունքում վերջինս զրկվել ու սահմանափակվել է օրենքով երաշխավորված իրավունքներից եւ խոչընդոտվել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումը, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ Վերսկսելով գործի քննությունը' նախաքննության մարմինը պարտավոր է Ջորջ Նաջարյանին ներգրավել որպես տուժող եւ նրա բերած փաստարկների շուրջ հավաքված ապացույցները ենթարկել բազմակողմանի եւ օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված յուրաքանչյուր ապացույցի վերլուծության, դրանք այլ ապացույցների հետ համադրելու եւ ապացույցների ձեռք բերման աղբյուրները ստուգելու միջոցով, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգել համապատասխան հետեւության»։

Վճռաբեկ բողոք ներկայացնելով' գլխավոր դատախազությունը, փաստորեն, հրաժարվում է կատարել այս ամենը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացման համաձայն' միջազգային պայմանագրով սահմանված պարտավորությունները տարածվում են կողմերի բոլոր քաղաքական ստորաբաժանումների վրա: Այսինքն' Նաջարյանները կարող են իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել նաեւ միջազգային՝ ներառյալ ԱՄՆ դատարաններ։

Քերոլայն Նաջարյանն այս օրերին Հայաստանում է: «Ձեր իրավունքները պաշտպանելու համար դիմե՞լ եք, արդյոք, ամերիկյան դատական համակարգին» հարցին Ք. Նաջարյանը պատասխանեց. «Մենք ամենասկզբից ջանացել ենք Հայաստանի դատաիրավական համակարգի շրջանակներում պահել այս գործը։ Հուսով ենք, որ մեզ չեն ստիպի հակառակն անել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter