Երկուշաբթի, 18 հունիսի

Արդյոք հեղափոխություն եղել է



Հեղափոխությունը (լատիներեն`  revolutio – շրջադարձ, հեղափոխում, փոխակերպում) նշանակում է հասարակական-քաղաքական մի վիճակից կտրուկ մի այլ վիճակի վերափոխվելը։ Որպես կանոն հեղափոխություններից հետո ընդունվում են հռչակագրեր, որտեղ հայտարարվում են նոր արժեքները , որոնց  հիման վրա կառուցվում են կառավարման նոր ինստիտուտները։ Այն, ինչ կատարվեց Հայաստանում, դեռևս հանրության կողմից չի գիտակցվում որպես խորքային վերափոխում, և հնչեցված չեն նոր արժեքները։

1776-ին  Ամերիկյան հեղափոխության ժամանակ ընդունվում է Անկախության հռչակագիրը, որտեղ հստակ հռչակվում են հեղափոխության գլխավոր նպատակները՝ ժողովրդի իրավունքը` փոխելու իր իշխանությունը, եթե նա ժողովրդի շահերից չի գործում, ինչպես նաև` բոլոր մարդիկ միմյանց հավասար են և անկախ, ունեն իրավունքներ, որոնցից չեն կարող հրաժարվել կամ դրանցից զրկել իրենց սերունդներին։ Ըստ հռչակագրի` պետությունները ստեղծվում են մարդկանց միջև կնքվող հասարակական պայմանագրի հիման վրա։ Այս և հռչակագրում հայտարարված մյուս արժեքների վրա սկսել են կառուցվել կառավարման նոր ինստիտուտները։ Դա «Նոր Ամերիկայի» սկիզբն էր։

Նույն կերպ է ընթացել ֆրանսիական հեղափոխությունը՝ 1789-ին ընդունվում է Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը, որի հիման վրա կառուցվում է նոր պետություն` հիմնված նոր արժեքների վրա։ Դա նույնպես «Նոր Ֆրանսիայի» սկիզբն էր։

1917 թվականի նոյեմբերի 15-ին ընդունվում է Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների հռչակագիրը, որտեղ սահմանվում են «բանվորների և գյուղացիների  բազմազգ սոցիալիստական պետության կառուցման սկզբունքները»։ Հետագայում «Նոր Ռուսաստանը» դարձավ Սովետական Միություն։

Նման օրինակներ կարելի է երկար թվարկել։ Նպատակը հասկանալի է` արդյոք Հայաստանում հեղափոխություն է կատարվել, թե իշխանափոխություն։ Այս հարցի պատասխանը կարևոր է` հասկանալու համար, թե մենք ինչպես ենք բնութագրում կատարվածը և ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ։ 

Այս տարվա ապրիլյան դեպքերի ժամանակ, որը հանգեցրեց կառավարության փոփոխությանը, եղել է մեկ պահանջ՝ Սերժ Սարգսյան անձի հեռացումը իշխանությունից և մեկ նպատակ՝ «Նոր Հայաստան», որի բովանդակությունը մինչ այժմ հասկանալի չէ, և կարծես թե մեկ նոր արժեք` «ժողովրդին խաբել չի կարելի» կամ «խաբելու համար պետք է պատժել»։

Մյուս կարգախոսներն էին՝ «ո´չ կոռուպցիային» և «արդար ընտրություններ»։ Որևէ այլ պահանջ կամ խոստում չի հնչել։

Հեղափոխություն և հակահեղափոխություն, կամ ում  է կառավարելու իրավունքը

Կոռուպցիայի դեմ պայքարը կամ արդար ընտրությունների անցկացումը չի կարող համարվել հեղափոխական շրջադարձ։ Մասնավորապես, ֆրանսիական հեղափոխությունից առաջ եղել են թագավորներ, որոնք շատ արդյունավետ կերպով պայքարել են կոռուպցիայի դեմ, իսկ հեղափոխությունից հետո Ֆրանսիայում կոռուպցիան ծաղկում էր, և շատ հեղափոխականներ հենց այդ մեղադրանքով բարձրացան կառափնարան։ Նույնը կարելի է ասել արդար ընտրությունների մասին։ Սակայն, ոչ ոք կասկածի տակ չի դնում ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական և ո՛չ էլ ռուսական հեղափոխությունների` հեղափոխություն լինելու հանգամանքը։

Հեղափոխություններն ավելի խորքային երևույթներ են, քան օրինականության հարցը, որովհետև հեղափոխություններն առաջ են բերում նոր օրենքներ, նոր ինստիտուտներ, նոր փիլիսոփայություն և աշխարհայացք։

Եթե Հայաստանում չի եղել հեղափոխություն, ապա չի էլ կարող լինել հակահեղափոխություն, ինչի մասին հայկական մամուլը մռայլ կանխատեսումներ է անում։ Կա ընդամենը իշխանության համար պայքար։

Սակայն, դա հոռետեսական տեսակետ է: Այնուամենայնիվ, դեռ ժամանակ կա, որ հռչակվի «հայկական հեղափոխության» հռչակագիրը, և «կառավարափոխությունը» վերածվի հասկանալի ու անշրջելի իրողության։

Եթե փոփոխությունը հեղափոխական է, ապա այստեղից բխում է նաև «իշխելու իրավունքը», այսինքն` նոր պայմաններում կարող են կառավարություն կազմել միայն այն քաղաքական կազմակերպությունները, որոնք դավանում են «Նոր Հայաստանի» նոր արժեքներին, իսկ եթե «Նոր Հայաստանն» ընդամենը ցնորք է, ապա չի էլ կարող լինել հակահեղափոխություն, գոյություն ունի ընդամենը իշխելու պարզ պայքար։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ