HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետգնումներին մասնակցել են պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց ընկերությունները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը շահերի բախման դեպքերը վերհանելու և դրանք կանխարգելելու նպատակով 2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ. մարտ ամիսը իրականացրել է ուսումնասիրություն: Նպատակը եղել է բացահայտել այն դեպքերը, երբ շահերի բախման իրավիճակում բարձրաստիճան պաշտոնատար անձի (ԲՊԱ) կամ նրա հետ առաջին աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձանց՝ ծնող, զավակ, քույր, եղբայր, ինչպես նաև ամուսնու մասնակցությամբ կազմակերպությունները ճանաչվել են գնումների մրցույթների հաղթող մասնակիցներ: Հանձնաժողովը ուսումնասիրության հիման վրա կառավարություն է ներկայացրել ԲՊԱ-ների շահերի բախման կանխարգելմանն ուղղված առաջարկություններ:

Էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրել է 489 բարձրաստիճան պաշտոնատար անձանց 2181 հայտարարագրեր, որոնցից 380-ը՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրեր են, իսկ 1801-ը՝ տարեկան հայտարարագրեր: Ուսումնասիրվել են նաև ԲՊԱ ամուսինների 283 հայտարարագրեր: Ուսումնասիրությունը համատարած է, ոչ ընտրանքային, ինչով պայմանավորված՝ դրա արդյունքների արժանահավատության մակարդակը, հանձնաժողովի կարծիքով, բարձր է:

Ուսումնասիրության շրջանակներում բացահայտվել են ԲՊԱ կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առևտրային կազմակերպությունների տվյալներ, որոնք 13.01.2014թ-ից մինչև 31.01.2018թ. ժամանակահատվածում ճանաչվել են մրցույթի հաղթող, և նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր:

Ուսումնասիրվել են նշված ժամանակահատվածում գնումներին վերաբերող պայմանագրերի հրապարակման բազայում առկա կնքված պայմանագրերի մասին բոլոր հայտարարությունները՝ թվով 6023:

Նշված պայմանագրերի մեծ մասը՝ 469-ը կամ ընդհանուրի 66%-ը, կնքվել է «Բանակցային ընթացակարգ առանց հայտարարության» ընթացակարգի շրջանակներում: Սա նշանակում է, որ այդ մրցույթների համար նախապես հայտարարություն չի հրապարակվել: Տարածվածությամբ 2-րդը մեկ անձից գնման ընթացակարգով կատարված գնումներն են՝ 96 պայմանագիր կամ ընդհանուրի 13.5%-ը, որոնք ևս ռիսկային են՝ գնման այլ ընթացակարգերի համեմատ: Ավելին, նմանատիպ գնումների փաստաթղթերը, օրինակ՝ մասնակցի ներկայացրած փաստաթղթերը, ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը, հաճախ չեն հրապարակվել:

Հանձնաժողովը պարզել է, որ ԲՊԱ կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հետ նկատելիորեն հազվադեպ են պայմանագրեր կնքվում «Գնանշման հարցում» ընթացակարգով, քան կարելի էր ակնկալել նորմալ բաշխվածության պարագայում:

Դիտարկված 709 պայմանագրերից 99-ում կամ 14%-ում  բացահայտվել է շահերի առերևույթ բախման իրավիճակ՝ միջազգայնորեն ընդունված սահմանումների իմաստով: Նշված 99 պայմանագրերը պատկանում են մրցույթներում հաղթող ճանաչված 26 կազմակերպությունների:

Ովքե՞ր են հաղթել պետգնումներում

Ուսումնասիրելով հանձնաժողովի կողմից հրապարակված ցուցակը՝ պարզեցինք, որ պետական գնումներում հաղթող է ճանաչվել «Աբովյանի Հացի Գործարան» ՍՊԸ-ն, որի բաժնետերերից է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի արդեն նախկին տեղակալ Շամամ Հարությունյանը, ով Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայումս Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի քույրն է:

Պաշտոնը ստանձնելու 2012թ. հայտարարագրում Շամամ Հարությունյանը հայտարարագրել է ունեցած բաժնետոմսը, որի արժեքը կազմել է 11 մլն դրամ:

«Էլմարկետ», «Օնլայն կոմպյուտերս» և «Ալֆապրոջեքտ» ընկերությունները պարբերաբար դառնում են տարբեր պետական կառույցների մեկ անձից գնումների հաղթող: «Հետք»-ն ուսումնասիրել և պարզել էր, որ նշված ընկերություններից հիմնական գնում կատարողը Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայությունն է: Այս ընկերությունների հիմնական բաժնետերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդին է` Վազգեն Հարությունյանը: Էթիկայի հանձնաժողովը նշել է նաև այս երեք ընկերությունները, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ՝ գնումների հաղթող ճանաչված կազմակերպություններ:

Այդ ցանկում են ընդգրկված նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող «Ավշարի Գինու Գործարան» ՍՊԸ-ն, նույն խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ն, որի մասին «Հետք»-ը ևս մի շարք հրապարակումներ է ունեցել: Պետգնումներին է մասնակցել նաև մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Արփա-Սևան» ԲԲԸ-ն: Այս ընկերության մասին ևս հրապարակումներ ունեցել ենք:

Էթիկայի հանձնաժողովը հրապարակել է նմանատիպ 68 ընկերությունների անուններ, որոնց առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք:

Պայմանագրերի ոչ ձևական կողմը

Կնքված պայմանագրերում բացակայում են ԲՊԱ-ների ստորագրությունները, ինչը բացատրվում է նրանով, որ սովորաբար, պայմանագիրը ստորագրվում է պատվիրատու կառույցի աշխատակազմի  ղեկավարի կողմից, որոնք, որպես կանոն, բարձրաստիճան պաշտոնատար անձ չեն հանդիսանում:

««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների լույսի ներքո, դրանք չի կարելի որակել որպես շահերի փաստացի բախման իրավիճակներ: Սակայն չպետք է բացառել մրցույթների իրականացման և հաղթող մասնակիցների որոշման գործընթացում ԲՊԱ-ների շահագրգիռ միջամտության հնարավորությունը, որը կարող է դրսևորվել ինչպես հորիզոնական, գործընկերային հարաբերությունների, այնպես էլ՝ վերադասի լիազորությունների իրացման միջոցով»,- նշված է հանձնաժողովի ուսումնասիրության մեջ:

«Հանրային ծառայության մասին» գործող օրենքը շահերի բախման հասկացությանը և կարգավորումներին շատ նեղ է անդրադառնում:  Շահերի բախման իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց շրջանակը սահմանափակ է: Այդպիսիք են համարվում բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև երկրորդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք, օրինակ՝ տատ, պապ, թոռներ, հորաքույր, մորեղբայր և այլն:

Հանձնաժողովն ուսումնասիրության շրջանակում շահերի բախման իրավիճակներն ուսումնասիրել է ավելի լայն դիտանկյունից՝ նկատի ունենալով վերաբերելի միջազգային ստանդարտները, որոնց համապատասխան՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոնատար անձն ունի իր, իրեն փոխկապակցված անձի հետ կապված մասնավոր շահ, որն առերևույթ կամ փաստացի ազդում է կամ ողջամտորեն կարող է ազդել իր պաշտոնեական լիազորությունների պատշաճ իրականացման վրա: Այդ շահը կարող է լինել, թե ուղղակի, թե  անուղղակի շահագրգռվածություն: Ուշադրություն է դարձվել նաև գնումների գործընթացում շահերի բախման ռիսկեր բովանդակող գործոնների վերլուծությանը և գնահատմանը:

Ինչպես փաստում է հանձնաժողովը, բազմաթիվ են դեպքերը, երբ ԲՊԱ-ն թեև ֆորմալ առումով որևէ ներգրավվածություն չի ունենում գնման մրցույթի կազմակերպման, հաղթող մասնակցի որոշման և վերջինիս հետ պայմանագրի կնքման գործընթացներին, այդուհանդերձ, վերջինս որպես պատվիրատու մարմնի պաշտոնատար անձ կարող է փաստացի ազդեցություն ունենալ այդ մարմնում իր շահերից բխող որոշումների կայացմանը՝ անկախ գնումների գործընթացին իր ներգրավվածությունից:

Ի՞նչ է առաջարկում հանձնաժողովը

Էթիկայի հանձնաժողովը կառավարությանն առաջարկում է քննարկման առարկա դարձնել օրենսդրական դրույթի սահմանման հարցը, որով կսահմանափակվի ԲՊԱ-ի կամ նրա հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնակցությունն այն պատվիրատու մարմնի գնման ընթացակարգին, որտեղ ԲՊԱ-ն հանրային պաշտոն է զբաղեցնում: Նման առևտրային կազմակերպությունը կարող է մասնակցել միայն բաց և մրցակցային ընթացակարգերով անցկացվող գնումներին: Բացառություն կարող է նախատեսվել այն դեպքերում, երբ գնման ենթակա ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերումը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ:

Հանձնաժողովը նշել է, որ նմանատիպ արգելք է սահմանված արտասահմանյան մի շարք պետությունների օրենսդրությամբ, օրինակ՝ Լատվիայում, Սլովենիայում:

Առաջարկվում է նաև ներդնել շահերի բախման իրավիճակում պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված կազմակերպությունների հետ կնքված գնումների պայմանագրերի անվավերության հետևանքները կանոնակարգող գործուն իրավական կառուցակարգեր:

Գլխավոր լուսանկարում՝ էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն է

Մեկնաբանություններ (2)

Мелания
Точно на таких же основаниях работает. О. О. О. Артин энтерпрайс хотя по закону не может участвовать так как ее учредитель решением судов ризнан банкротом
Мамикон
Точно также с рткатом выиграло тендер ООО. Артин Интерпрайс(00005191)эта организация выиграла тендер на оценку в Ергорсовете и также в национальном собрании однако ничего до стх пор не сделало они получили из обоих мест большую сумму это 206700 млн арм драм но ничего так и не сделали

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter