ՈՒրբաթ, 17 օգոստոսի

Հրանտ Բագրատյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությունների մասին



ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությունների մասին՝ դիմելով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Նիկոլ, հարգելի բարեկամ

Մամուլից իմացա, որ որոշել ես շարունակել և ավելի քան 2 անգամ ընդլայնել այսպես կոչված կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մինչև այս տարվա հուլիսի մեկը պետական հատվածի աշխատողների աշխատավարձի 5%-ին գումարվում էր բյուջեի 5%-ը և ուղարկվում էր կառավարիչներին։ Մասնավոր հատվածի աշխատակիցների համար խնդիրը հետաձգված էր։ Դու հնարավորություն ունեիր այն չեղարկելու։ Եվ ահա մամուլից իմանում եմ նոր որոշման մասին. 5-5 հարաբերակցությունը փոխվում է 2.5-7.5 հարաբերակցության և արդեն կիրառվում բոլոր աշխատողների նկատմամբ։

Ի՞նչ է իրականում որոշել կառավարությունը։ Նա որոշել է հետայսու ՀՀ բյուջեի մի 5-6%-ը (տարեկան առնվազն մի 60 մլրդ դրամ) 45 տարով (միջին հաշվով մի քիչ պակաս) դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար։ Կարո՞ղ է նման որոշումը բնական համարվել։ Այո, շատերն են դա անում։ Ո՞րն է խնդիրը։ Այստեղ ահա սկսվում են հարցերը։

1. Զարգացման մեր մակարդակում, երբ մասնավոր սպառումը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ն, նման հանդուգն կուտակում կատարելը տրամաբանական չէ։ Մենք թաղված ենք միջնաժամկետ և միջին երկարաժամկետ (համենայն դեպս 45 տարուց պակաս) պարտքերի մեջ։ Բայց արի ու տես երկարաժամկետ պարտք ենք տալիս։

2. ՀՀ այսօրվա բյուջեն հիմնականում պետական ոլորտում զբաղվածների աշխատավարձն է ու կենսաթոշակները։ Երբ մենք բյուջեից 5-6%- հանում ենք, ապա հարաբերականորեն իջեցնում ենք այս մարդկանց աշխատավարձը կամ թոշակը։ Ստացվում է՝ այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր (որոնք այսօր աշխատում են)։ Սա անթույլատրելի է։ Սովորաբար աշխատողներն են պահում չաշխատողներին։ Արդյոք սա պոպուլիստական նվեր չէ՞ հեղափոխություն արած ջահելությանը։ Բա տարիքավորնե՞րը (30-ից բարձրերը), բա ծերե՞րը։ Էլ ու՞ր մնաց սերունդների համերաշխությունը։ Մենք նրանց իրար դե՞մ ենք հանում։

3. Փողը դուրս է տարվում 45 տարով։ Բայց ներդրվում է միջնաժամկետ արժեթղթերում (մինչև 10 տարի) կամ էլ միջին երկարաժամկետներում (մինչև 20 տարի)։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք 45 տարով տալիս։ Ինչո՞ւ չենք կապիտալիզացնում յուրաքանչյուր 10 կամ 20 տարին մեկ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ աշխարհում 30 տարուց բարձր ռեգուլյար արժեթղթեր չկան։ Նայեք ԱՄՆ-ին. 10 տարին մեկ կապիտալիզացնում է։ Նույնիսկ Չիլին, որից իբր թե համակարգը փոխառել ենք։ 20 տարուց մի փոքր ավել (ի դեպ, Չիլին վերջերս մտցրել է աշխանքային կենսաթոշակ, մերձբալթյան հանրապատություններն իրենց վերջին տարիների ցածր տնտեսական աճը բացատրում են կուտակայինով)։ 45 տարի տնտեսական հորիզոն չկա, քանզի շղթայական ինդեքսները այդքան երկար ժամկետի համար գնաճի կամ արժույթի փոխարժեքի մեծ տատանումներ են տալիս։ 45 տարի հետո մենք չենք կարող իրար հանդիպել և ասել, ով էր ճիշտ և ով էր սխալ։ Մենք պարզապես չենք լինի։

Այս ամենը չի քննարկվել։ Կավարության նիստում ասած քո բառերը (անցել ենք անդառնալիության կետը) տեղին չեն։ Այս հարցում անդառնալիության կետ չկա։ Կամ էլ թե իբր հիմա վստահության իշխանություն է, ուրեմն կարելի է։ Այն, որ վստահության իշխանություն է, համաձայն եմ (առայժմ)։ Բայց այս հարցում վստահությունը կամ անվստահությունը ի՞նչ կապ ունեն։ Եթե այս համակարգը քո տարբերակով ընդունվի, ապա առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ։ Ինչո՞ւ։ Որոովհետև հաշվի, որ մի հատ մարզ տնտեսական շրջանառությունից հանում ես։ Խնդրեմ, նստենք հեռուստացույցի առաջ բանավիճենք։ Կամ էլ, նկատի ունենալով որ ի վերջո փողը մի սերնդից փոխանցում ես մյուսին՝ ինչո՞ւ չդնել հանրաքվեի։ Քո իշխանության գալը ժողովրդավարության հիանալի օրինակ էր։ Դե դա գործով ապացուցիր. դիր հանրաքվեի։
Չէի գրի։ Կգայի կպատմեի։ Բայց զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում։ Ի դեպ սա առաջին դեպքն է։ Նախկինները, որոնց հստակ ընդդիմադիր էի, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում։ Գիտեին, որ ես երբեք անձնական հարցով չեմ զանգահարում»։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Կարեն20:24 - 13 հունիսի, 2018
Բացարձակ համաձայն չեմ այս կարծիքին!! Նշեմ ընդամենը 2 դրույթ։ 1) Առաջինը, ձեր այս արտահայտւթյունը - "Սովորաբար աշխատողներն են պահում չաշխատողներին։" Ինչի սա լա՞վ սովորություն է։ Ո՛չ Պե՞տք է սա շարունակվի։ Ո՛չ։ Հասարակությունը չպիտի կազմված լինի աշխատողներից և ձրիակերներից։ Եթե ամենինչ եղածի կամ անցածի պես շարունակվի, երկիրը ոչ մի առաջընթաց չի ունենալու։ Պետք է ամեն մարդ գիտակցի որ իր ապագայի կերտողն ինքն է, իր ապագայի տերն ու տնօրենը ինքն է։ Եվ ամեն մարդ իր ապագայի պատասխանատուն է։ Չի կարելի ոչ մի քայլ չձեռնարկել, ու հուսալ որ մի օր երբ տարիքը հասնի կամ հիվանդանա, պետությունն իր մասին կհոգա, առանց որևեվիցե սեփական պատասխանատվության զգացում ունենալու դեպի սեփական ապագան։ Երկիրը կաջակցի, այո։ Բայց երկիրը չպիտի տուժվի մարդու անպատասխանատվության պատճառով։ Ինչ ցանում ես, դա էլ կհնձես - սա պիտի լինիմարդու ապագայի սպասելիքը։ Եթե քայլ ձեռնարկում ես ապագայի համար, սպասելիքն այն է որ պիտի լավ ապագա ունենաս։ Եթե հեչ ոչ մի ձևի խնայողություն և ներդրում ապագայի մեջ, մի սպասիր որ հրաշալի փրկություն կունենաս։ 2) Երկրորդը, ձեր նշված 5-6% տարեկան բյուջեի գումարները երկրից դուրս հանելու մասին։ Նախ, արդեն նշվեց կառավարության կողմից որ կուտակային գումարների մոտ 70-80% ներդրվում է երկրի ներսում։ Այսինքն եթե հավատանք ձեր 5-6% տարեկան բյուջեի թվերին, ապա դրանց 70-80% չի հոսում դուրս, այլ հակառակը ներդրվում է երկրի էկոնոմիկայի մեջ։ Այսքինքն դուրս կարող է հոսել ընդամենը 1-1,5%, իսկ 4-4,5% գումարը ուղիղ ներդրում է երկրի արդունաբերության կամ այլ կարևոր ոլորտների մեջ։ Իսկ սա հսկա աջակցություն է երկրի տնտեսության կայունացման ու զարգացման համար։
2. Միքայել00:34 - 14 հունիսի, 2018
Պարոն Բագրատյան, ախր ասվեց նույն նիստին, որ կուտակվածի 70-80%-ը ներդրվում է մեր երկրի տնտեսությունում։ Համ էլ Ձեզ հետ զանգող «նախագահը» պարապ մարդ էր, Փաշինյանն աներևակայելի բեռ է վերցրել իր վրա ու տանում է։ Համոզված եղեք որ կտանի մինչև պայծառ ապագա։
3. Վարազ Սյունի00:51 - 14 հունիսի, 2018
Լևոնի աջ ձեռք պրն.Հրանտ Բագրատյան-ձե՛ր ժամանակ Հայաստանում օլիգարխիան առաջացավ:Ձեզ այդքան մի երևակայեք: Բոլոր քաղաքակիրթ երկրներում կուտակային կենսաթոշակային համակարգ կա:
4. Վարազ Սյունի01:00 - 14 հունիսի, 2018
Մեջբերում՝ «Փողը դուրս է տարվում 45 տարով»: Սա ի՞նչ ասելու բան է. մի՞թե սա տնտեսագետի խոսք է: Այդ փողը «դուրս» տանողը նաև «ներս» կարող է բերել:
5. Հայկ08:28 - 14 հունիսի, 2018
Պետք է օրենքով պարտադրել, որ կուտակայինը ծախսվի միմիայն Հայաստանում: Վարկավորեք հանքարդյունաբերությունը, ճանապարհաշինությունը, էներգետիկան:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ