HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Միջազգային առևտրում ներդրվելու են վնասակար օրգանիզմների տարածումը կանխարգելող մեխանիզմներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և բույսերի պաշտպանության Եվրոպական և միջերկրածովային կազմակերպությունը համատեղ քայլեր են մշակում, որպեսզի միջազգային առևտրում թույլ չտան վնասակար օրգանիզմների տարածումը։

Այս մասին օրերս հայտնել է  ԵՀԿ տեխկանոնակարգման կոլեգիայի անդամ Վալերի Կորեշկովը։

Նա նշել է, որ միջազգային առևտրի զարգացմանը զուգահեռ առաջանում են լրացուցիչ բուսասանիտարական ռիսկեր, որոնք նվազեցնելու համար հարկավոր է շարունակել աշխատել  փոխադարձ համագործակցությամբ՝ միմյանց տեղեկացնելով։

«Օգտագործելու ենք նոր գիտելիքները Միության նորմատիվ-իրավական ակտերը բարելավելու համար»,- եզրափակել է նա։

Նշենք, որ վերջերս «Ռոսսելխոզնադզոր»-ը քանիցս արգելել է Հայաստանից արտահանվող բանջարեղենի խոշոր խմբաքանակներ՝ բուսասանիտարական նորմերի անհամապատասխանության, ինչպես նաև՝ վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու պատճառով՝ հայտնելով, որ կսահմանափակի Հայաստանից բանջարեղենի արտահանումը, եթե խախտումները կրկնվեն։ 

Հայաստանից արտահանվող կարանտինային հսկողության տակ գտնվող բանջարեղենում միայն մայիսի 3-9 ընկած ժամանակահատվածում գրանցվել է խախտման 7 դեպք, որից մեկը՝ լոլիկի, մյուսը՝ վարունգների խմբաքանակում։

Բացի այդ, «Վերահսկիչ պալատի»՝ 2017թ. հաշվետվությունը ցույց է տվել, որ 2016 և 2017թթ-ին Հայաստանում հայտնաբերվել են15 կարանտին վնասակար օրգանիզմներ, որոնց նկատմամբ, սակայն պարտադիր կարանտինային միջոցառումներ չեն իրականացվել:

Հիշեցնենք, որ նախորդ տարի վնասակար օրգանիզմների տարածման կանխարգելման համար ԵԱՏՄ-ում արդեն ուժի մեջ էին մտել 4 հիմնարար ակտեր, դրանցից են՝ «ԵՏՄ կարանտինային օբյեկտների միասնական ցանկը», «Միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջները մաքսային սահմանում և տարածքում հայտնված ենթակարանտինային օբյեկտների համար», միասնական նորմեր ԵԱՏՄ տարածքում հայտնված կարանտինային բույսերի համար:  Սահմանվել է նաև դրանց լաբորատոր փորձաքննության ապահովման կարգը։

Ըստ ԵՀԿ-ի նոր նախագծի՝ մինչ այս կարանտինային օբյեկտների միասնական ցանկի ընդունումը, վնասակար օրգանիզմների ներթափանցման և տարածման ռիսկը ԵԱՏՄ տարածքում մեծ էր, հատկապես՝ գյուղատնտեսության համար, քանի որ հաճախ այդ օրգանիզմների պատճառով գյուղացիները զրկվում էին ողջ բերքից։

Սա է պատճառը, որ այժմ մշակվում են միասնական նորմեր, որոնք ներդաշնակեցված են լինելու միջազգային ստանդարտների հետ։

«Սյս գործընթացն անկասկած դրական ազդեցություն ունի մեր հարաբերությունների վրա թե՛ գիտական և թե´ փորձագիտական մակարդակներում,- իր ելույթում նշել է բույսերի պաշտպանության ԵՄԿ գլխավոր տնօրեն Մարտին Ուորդը։- Սա դրական կազդի նաև բուսասանիտարական պոտենցիալի բարձրացման ուղղությամբ աշխատող ծառայությունների գործունեության վրա»:

Միասնական մեխանիզմներ ձևավորելու քննարկմանը մասնակցել են ինչպես ԵԱՏՄ անդամ պետությունները, այնպես էլ Բելգիայի, Նիդերլանդների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Շվեցարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Իտալիայի, Լատվիայի, Իսրայելի ներկայացուցիչները։

Մասնակիցները փոխանակվել են բուսասանիտարական միջազգային ստանդարտների մշակման և դրանք լավագույնս կիրառելու փորձով։

Համաձայնություն է ձեռք բերվել պարբերաբար միջազգային սեմինարներ անցկացնել բուսասանիտարական ռիկսերի վերլուծության թեմայով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter