HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Սողոմոնյանը եւս ազատվեց կալանքից

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով նիստը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ իր պաշտպանյալ Արթուր Սողոմոնյանի կալանքը փոխարինելու վերաբերյալ։ Փաստաբանը միջնորդեց Արթուր Սողոմոնյանի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրություն։
«Գրավի միջնորդություն չեմ կարող անել` պայմանավորված ընտանիքի` վճարելու կարողություն չունենալու հետ։ Արթուր Սողոմոնյանը բնակվել է քրոջ ու մոր հետ, ինքն է ընտանիքի կերակրողը եղել»,- նշեց փաստաբանը։

Ըստ Մուշեղ Շուշանյանի՝ Արթուր Սողոմոնյանը 2017թ. մարտից մինչեւ այս տարվա մայիսը գտնվել է Դատապարտյալների հիվանդանոցում, սակայն բուժումն արդյունավետ չի եղել, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելուց հետո հիվանդությունները նորից ի հայտ են եկել։

Փաստաբանը հավաստիացրեց, որ Արթուր Սողոմոնյանը պատշաճ կերպով կներկայանա դատական նիստերին։ «Քանի որ բնակվում է Սպիտակում, նիստի նախորդ օրը կգա Երեւան եւ ներկա կգտնվի նիստին։ Խնդրում եմ կալանքը վերացնել եւ փոխարինել ստորագրությամբ չհեռանալով»,- հավելեց փաստաբանը։

Միջնորդությանը միացավ նաեւ հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը։

Դատախազ Արթուր Չախոյանը չառարկեց ներկայացրած միջնորդության դեմ։

Հիշեցնենք, որ այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց կալանքից ազատել եւ այլընտրանքային խափանման միջոց կիրառել «Սասնա ծռեր»-ի մեկ այլ անդամ՝ Արթուր Մելքոնյանի նկատմամբ։

Այսօրվա նիստին դատարանի դահլիճում էր նաեւ Ժիրայր Սեֆիլյանը։

Այս գործով 11 անդամներից 6-ի կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Ընդմիջումից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերադարձավ դահլիճ եւ բավարարեց միջնորդությունը։ Կալանքի տակ մնացին չորս հոգի՝ Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը, Գառնիկ Հովակիմյանը եւ Վարդգես Գեւորգյանը:

Նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 21-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter