HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

ԱԳԼՃԿ-ներում ՀԴՄ չեն տրամադրում. պատգամավոր Գագիկ Մելիքյանի լցակայանը դրանց թվում է

Գագիկ Աղբալյան

Հայաստանում գործող գազալցակայանները տարիներ շարունակ աշխատել են հարկային օրենսդրության խախտումներով՝ այդպիսով ահռելի վնասներ հասցնելով պետությանը։ 

Այն բանից հետո, երբ ֆեյսբուքյան «ՀՀ գազալցակայաններ» խմբի վարորդները սկսեցին ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք ԱԳԼՃԿ-ները գազալիցքավորումից հետո տրամադրում են ՀԴՄ, թե ոչ, պարզվեց, որ ոլորտում համատարած խախտումներ են։ 

Սրա վերաբերյալ տասնյակ գրառումներ կան ֆեյսբուքյան «ՀՀ գազալցակայաններ» խմբում՝ լուսանկարներով ու տեսանյութերով փաստարկված։ Ընդ որում, խախտումներ կատարող ԱԳԼՃԿ-ների մեծ մասի թիկունքին որեւէ քաղաքական գործիչ կամ խոշոր գործարար է կանգնած։ 

Պաշտոնյան խախտում է օրենքը

Օրեր առաջ «Հետքը» տեղեկություն ստացավ, որ Բերդ քաղաքում գործող «Վիցի գրուպ» ընկերությանը պատկանող գազալցակայանն աշխատում է խախտումներով, այդ թվում՝ ՀԴՄ կտրոն չի տրամադրում։ Ստուգեցինք տեղում։ Լիցքավորումից հետո «Վիցի գրուպի» ԱԳԼՃԿ-ում ոչ միայն ՀԴՄ, այլեւ որեւէ այլ կտրոն չտրամադրեցին։ Այս գազալցակայանում այլ խախտումներ էլ են թույլ տրվում։ Գազը լիցքավորեցին 230 ճնշման չափով։ Այնինչ, լցակայաններում բնական գազի ճնշումը չպետք է գերազանցի 19,6 ՄՊա-ն, կամ, վարորդների լեզվով ասած, 200 մթնոլորտային ճնշումը։   

Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2012 թվականին բացահայտել էր, որ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Վիցի գրուպ» ՍՊԸ-ի ավտոգազալցավորման ճնշակայաններում բացակայում են բնական գազի կոմպրեսացված վառելիքի լցավորման բաշխիչ աշտարակները: 

«Վիցի գրուպ»-ին «Հետք»-ը բազմիցս անդրադարձել է։ Ընկերության հիմնադիրներն են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի կինը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի կինը։ 

Մելիքյանն ու Աթոյանը համերկրացիներ են։ Երկուսն էլ ծնվել են Բերդ քաղաքում ու, փաստորեն, նաեւ բիզնես գործընկերներ են։ 

2001 թվականին Սերինա Առաքելյանի եւ Անահիտ Քալանթարյանի հիմնադրած ընկերության բաժնետոմսերը 2006 թվականին անցել են Վարդան Առաքելյանին՝ Գագիկ Մելիքյանի աներորդուն։ Այդուհանդերձ, այս ընկերության թե՛ գազալցականը, թե՛ ՀԷԿ-ը, որ գործում է Պառավաքար գյուղի վարչական տարածքում` Հախում գետի վրա, բերդցիները վստահորեն անվանում են «Մելիքյան Գագիկի գազալցակայան», «Մելիքյան Գագիկի ՀԷԿ»։ 

Ի դեպ, երբ նկարահանումներ էինք իրականացնում Բերդ քաղաքում, այդ թվում՝ ԱԳԼՃԿ-ում, մեր ավտոմեքենային անդադար հետեւում էր 01MO002 պետհամարանիշով սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որը, ինչպես հետո պարզեցինք, պատկանում է Գագիկ Մելիքյանի եղբոր՝ Արթուր Մելիքյանի ընտանիքին։ Արթուր Մելիքյանը «Բիլայն» ընկերության Բերդի մասնաճյուղի տնօրենն է։ Պաշտոնյայի հարազատները, թերեւս, անհանգստացել էին «իրենց տարածքում» լրագրողների ներկայությունից։ 

Բացահայտում են վարորդները

Վարորդների ահազանգների համապատասխան՝ «Ջրաբեր գազ» ընկերությունում, որի լցակայանը գործում է Սեւան-Երեւան մայրուղու վրա, հսկիչ-դրամարկղային կտրոն տրամադրում են, երբ պահանջում ես։ Կրկին տեղում ստուգեցինք։ Աշխատողը ՀԴՄ տրամադրելու իմ պահանջին ի պատասխան` հարցրեց․ «Ինչքանի՞ տամ»։ 

Այս տեսանյութում երեւում է, որ ՀԴՄ կտրոն չի տրամադրվում նաեւ Արգավանդի խաչմերուկից ոչ շատ հեռու գործող «Նախշին» ՍՊԸ լցակայանում։ Ավելի ճիշտ, աշխատակիցը կտրոն տրամադրում է, երբ վարորդն է պահանջում։ Վարորդի պնդմամբ՝ մինչեւ իր վճարումը, այս գազալցակայանի աշխատակիցը մի քանի լիցքավորման դեպքում ՀԴՄ կտրոն չի տրամադրել:

Վարորդների նկարագրությամբ՝ նույն վիճակն է Դավիթաշենում գործող «Էլսի ստիլ» ընկերությունում։ Նրանք տարբեր լցակայաններում են լիցքավորում մեքենաները, որպեսզի ստուգեն բոլորին: ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության եւ բարոյագիտության ամբիոնի դոցենտ Արման Ղարագուլյանը «ՀՀ գազալցակայաններ» խմբի հիմնադիրն է: 

«Իհարկե, վերջին շաբաթներին ահագին դրական փոփոխություն կա: Դեռ խնդիր կա, այսպես ասած, աչքից հեռու ԱԳԼՃԿ-ներում: Ես նկատել եմ, որ լցակայաններում հիմա ՀԴՄ են տրամադրում այն մարդկանց, ում չեն ճանաչում: Ով վաղուցվա ծանոթ է, ում հետ հարաբերությունները ջերմ են, ճանաչում են, նրանց հաշվին էլ՝ ՀԴՄ չտրամադրելով, խաբում են պետությանը: Եթե հաճախորդն անծանոթ է, շառից-փորձանքից հեռու՝ ՀԴՄ են տալիս»,-ասում է Ղարագուլյանը:

Իմ զրուցակիցն արձանագրել է. երբ սկսեցին ՀԴՄ-ներ պահանջել, որոշ լցակայաններում գազը թանկացրին: «Սա նշանակում է, որ նախկինում շատ չարաշահումներ են եղել: Վերահսկողությունն էական ազդեցություն թողնում է: Հարկայինը միգուցե չի կարող ամեն օբյեկտ առանձին-առանձին վերահսկել»,-ասում է Արմանը:

56-ից 49-ը՝ օրինախախտ

«Հետք»-ը հարցում է արել ՊԵԿ-ին՝ պարզելու, թե որքանո՞վ են տեղյակ, որ ԱԳԼՃԿ-ներն աշխատում են օրենքից դուրս։ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանել են, որ հաշվի առնելով կոմիտեի գնահատմամբ ավտոգազալցակայանների ոլորտում հնարավոր հարկային ռիսկերի առկայությունը՝ տվյալ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներն ընտրվել են որպես հսկողական միջոցառումների թիրախ:

2018 թվականի հունիս ամսվա ընթացքում այս ոլորտի 102 տնտեսվարող սուբյեկտների մոտ հսկողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակվել են համապատասխան ստուգումների հանձնարարագրեր: Ստուգումներ են սկսվել 56 տնտեսվարողների մոտ, որոնցից 49-ի մոտ արդեն իսկ արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտումներ: ԱԳԼՃԿ-ների ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների մոտ հսկողական աշխատանքները շարունակվում են:

Գլխավոր լուսանկարում՝ Գագիկ Մելիքյանի գազալցակայանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter