HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են զորակոչիկների հարազատներից խաբեությամբ գումարներ հափշտակելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 13 անձի

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զորակոչիկներից և նրանց հարազատներից խաբեությամբ գումարներ հափշտակելու մի շարք դրվագներ. մեղադրանք է առաջադրվել 13 անձի:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի փաստացի բնակիչ, 1969թ. ծնված Ա.Մխիթարյանը, զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելուն աջակցելու նպատակով, զորակոչային տարիքի հասած տարբեր երիտասարդների հարազատներից պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ։

Մասնավորապես՝ տղամարդը խոստացել է ապահովել զինվորական ծառայությունից ազատման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտերի տրամադրումը և դրանց համապատասխան որոշումների կայացումը՝ իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով։ Այդ պատրվակով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 2014-2017 թվականների ընթացքում պահանջել և հափշտակել է տարբեր չափերի գումարներ:

Իրականացված քննության արդյունքում բացահայտվել է խարդախությամբ գումարներ հափշտակելու 7 և փորձ կատարելու 1 դեպք։

Բացի այդ, պարզվել է, որ Ա.Մխիթարյանը ապօրինի ձեռք է բերել և իրեն պատկանող «TOYOTA 4RUNNER» մակնիշի ավտոմեքենայում պահել է ռազմամթերք հանդիսացող 20 հատ 7.62 մմ, 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 հատ «Ֆ-1» տեսակի ձեռքի նռնակ` իրենց «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչներով, պայթուցիկ նյութ հանդիսացող 200-ական գրամ քաշով 2 հատ պայթաղյուսներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Տավուշի մարզի հաշվառում ունեցող, բայց փաստացի Երևանում բնակվող Ա.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (4 դրվագ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրանք է առաջադրվել ևս 12 անձի, որոնցից 1-ին՝ Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 9-ին՝  34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 2-ին՝ 34-313-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter