HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լույս» հիմնադրամից միլիարդներ են հոսել անհայտ ուղղություններով

«Լույս» հիմնադրամը վերջին 5 տարիներին իր բյուջեից 3,4 մլրդ դրամի հատկացումներ է արել տարբեր կազմակերպությունների և ծրագրերի, որոնց մասին ոչ հաշվետվություններում, ոչ էլ մեր հարցումների պատասխաններում տեղեկություններ չկան: Հիմնադրամի գործադիր տնօրենը թաքցնում է այդ տեղեկատվությունը: 

«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի գործունեությունը սասանվեց իշխանափոխության հետևանքով:  Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին «Լույս»-ի 61 շրջանավարտներ բաց նամակ են հղեցին վարչապետ Սերժ Սարգսյանին։ Իշխանափոխությունից հետո հիմնադրամը հայտարարեց, որ այս տարի կաջակցի միայն ուսումը շարունակող ուսանողներին: Այդպիսով, 2018-ին ընդունվածները հայտնվեցին անելանելի վիճակում:

«Լույս»-ի հիմնադիրներն են նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գործադիր խորհրդում, բացի Ս. Սարգսյանից և Տ. Սարգսյանից, ընդգրկված են նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը:

«Լույս» հիմնադրամը ստեղծվեց 2009 թվականին: Հիմնադրամը հնարավորություն էր տալիս աշխարհասփյուռ հայ երիտասարդներին կրթություն ստանալ աշխարհի լավագույն համալսարաններում:  

«Հետք»-ն ուսումնասիրել է հիմնադրամի վերջին հինգ տարիների ֆինանսական հաշվետվությունները և պարզել, որ, բացի լավագույն համալսարաններում ընդունված ուսանողներին աջակցելու առաքելությունից, հիմնադրամը նաև այլ բնույթի աջակցություն է ցուցաբերել 40 տարբեր կառույցների և իշխանամերձ կազմակերպությունների՝ հիմնավորելով դրանք կանոնադրական այլ տիպի առաքելություններով: Սակայն այդ հատկացումները մնացել են տեսադաշտից դուրս:

Աջակցություն անհայտ կազմակերպություններին և ծրագրերին

«Լույս»-ից անհասկանալի խոշոր գումարներ ու հատկացումներ են արվել հատուկ տողով, այն է՝ աջակցություն այլ համանման կազմակերպությունների և սոցիալական ծրագրերի, որոնց վերաբերյալ հիմնադրամը նույնիսկ չի ցանկանում պարզաբանումներ տալ:

5 տարիների կտրվածքով նշված տողով հատկացվել է 3,4 մլրդ դրամ: Միայն 2017-ին այն հատել է 1,6 մլրդ-ը: 

«Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմեց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարկոսյանին՝ խնդրելով տրամադրել այդ տողի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստացած բոլոր կազմակերպությունների ցանկը, ֆինանսական աջակցության չափը և նպատակը՝ 2009-2017 թվականների համար:

Վարդան Մարկոսյանի պատասխանը որևէ հստակություն չի մտցրել այս տողով կատարված հատկացումների վերաբերյալ: Ավելին, գործադիր տնօրենը 2016թ․ քառօրյա պատերազմի անվան ներքո փորձել է խուսանավել և չի տրամադրել նշված տարիներին այդ տողով աջակցություն ստացողների ցանկը, չնայած այդ մասին երկրորդ անգամ ենք գրավոր պարզաբանում խնդրել: 

«Հիմնադրամի գործունեությունը բավականին ընդգրկուն է: Մասնավորապես, 2017թ. իրականացված շուրջ 1,6 մլրդ դրամի ծախսերի գերակշիռ մասն ուղղվել է՝

ա) «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը Երևանում վերականգնողական կենտրոնի համար սարքավորումների ձեռք բերմանը,

բ) ԼՂՀ ֆինանսների նախարարություն-2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից տուժած զինվորական ծառայողներին և խաղաղ բնակիչներին դրամական օգնություն ցուցաբերելու նպատակով,

գ) Տավուշի մարզի Այգեպար համայնք-աջակցություն բեկորային հարվածներից վնասված տանիքների հիմնավերանորոգմանը և նմանատիպ այլ ծրագրերի:

Իրականացվել է նաև աջակցություն մշակութային ոլորտի ծրագրերին, ինչպես օրինակ՝

ա) Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Մանկապատանեկան արվեստի պալատ» ՀՈԱԿ-ին աջակցություն երաժշտական գործիքներ ձեռք բերելուն,

բ) «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ին՝ աջակցություն երաժշտական գործիքներ ձեռք բերելուն»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը:

Վ. Մարկոսյանի հավաստմամբ, նշված ծրագրերը կազմել են այդ հոդվածի շուրջ 95%-ը:

Նախորդ տարիներին նույն հոդվածում ընդգրկված ծախսերը, ըստ գործադիր տնօրենի, նույնպես ուղղվել են նմանատիպ ծրագրերի ֆինանսավորմանը: 

«Վստահ եմ, որ հիմնադրամի նվիրատուները բավարարված են մեր կողմից իրականացվող ծրագրերի բովանդակությամբ և արդյունավետությամբ, ինչի մասին լավագույն վկայությունը նրանց շարունակական աջակցությունն է»,- հայտնել է Վարդան Մարկոսյանը:

Թե ինչու է այդ արդյունավետությունը նվազել Սերժ Սարգսյանի հրաժարականի հետևանքով, որ այս տարվա շրջանավարտների համար այլևս ֆինանսական աջակցություն չի լինելու, հիմնադրամը որևէ հստակեցում չի անում:

Մեկ այլ հարցմամբ խնդրել էինք նաև հայտնել, թե այս տարի իրենց կրթությունը շարունակող 70 ուսանողներին հատկացվող ֆինանսավորումից բացի` ի՞նչ նախագծեր են ֆինանսավորվելու: 

««Լույսի»՝ 2017-2018 ուսումնական տարվանից իրենց կրթությունը շարունակող կրթաթոշակառուների փաստաթղթային փաթեթների ընդունման գործընթացը շարունակվելու է մինչև հուլիսի 15՝ ըստ սահմանված կարգի: Օգոստոսի վերջին տեղի կունենա «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի և կհաստատվի հատկացվող կրթաթոշակների բյուջեն։ Կրթաթոշակների բյուջեն, ինչպես նաև ֆինանսավորման ենթակա այլ նախագծերին և դրանց բյուջեին վերաբերող տեղեկությունները կհրապարակվեն «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի 2018 թվականի գործունեությունը ներկայացնող հաշվետվության մեջ»,- հայտնել է Վարդան Մարկոսյանը:

«Լույս» հիմնադրամի բյուջեի կեսից ավելին ծախսվել է այլ նպատակներով, քան աշխարհի լավագույն բուհերում կրթության աջակցությունն է: Օրինակ՝ 2016 թվականին «Լույս» հիմնադրամի ընդհանուր բյուջեն եղել է 3,9 մլրդ դրամ, որից 1,5 մլրդ-ն է հատկացվել աշխարհի առաջատար բուհեր ընդունված 104 հայազգի ուսանողներին:

2017 թվականին «Լույս» հիմնադրամի ընդհանուր բյուջեն կազմել է 4,7 մլրդ դրամ, որից ընդամենը 1,7 մլրդն է հատկացվել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված 116 հայազգի ուսանողների: Մնացյալը տրամադրվել է տարբեր ՀԿ-ների, կառույցների և աշխատավարձերի: Վերջին հինգ տարիների բյուջե/լավագույն բուհեր ընդունվող ուսանողներ հարաբերակցությունը, ինչպես նաև այլ կազմակերպություններին և ծրագրերին ուղղված ծախսերը՝ ստորև ներկայացված գրաֆիկում: 

Կառավարության դեր ստանձնած հիմնադրամը

«Լույս» հիմնադրամից 5 տարի շարունակ միլիոնները գերազանցող գումարներ է ստացել պետական ոչ առևտրային 5 կազմակերպություն և 1 հասարակական կազմակերպություն: «Լույս»-ը, կարծես, ստանձնել է կառավարության կամ պետական բյուջեի միջնորդի պարտավորությունները և մշակույթի ու արվեստի ոլորտի հաստատություններին շռայլորեն գումարներ հատկացրել: Հատկանշական է, որ հիմնադրամի ֆինանսական միջոցները գոյացել են նաև կառավարության աշխատակազմից հատկացված տարեկան 100 մլն դրամ գումարից: 

Հինգ տարիների աջակցության առյուծի բաժինը տրամադրվել է Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին: Հաջորդում է Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Հայկ Դեմոյանի ղեկավարած Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Վահան Մարտիրոսյանի ղեկավարած Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և վերջինին կից գործող՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Բացի նրանից, որ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը առանձին է ֆինանսավորում ստացել, աջակցություն է ստացել նաև «Չեքիջյան» բարեգործական հիմնադրամը՝ մոտ 10 մլն դրամի չափով 2014 և 2017 թվականներին՝ երգչախմբի կարիքները հոգալու և արտասահմանում կայանալիք համերգների համար:

«Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ն ամեն տարի 20 մլն դրամ է ստացել հիմնադրամից անիմացիոն ֆիլմերի նկարահանման համար: Օրինակ՝ 2013 և 2014 թվականներին Ղ. Աղայանի հեքիաթի հիման վրա «Անահիտ», իսկ 2015, 2016 և 2017 թվականներին՝ Վարազդատ թագավորի մասին պատմող «Օլիմպիոնիկ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի նկարահանման աշխատանքների համար: Այսինքն՝ 40 մլն դրամ «Անահիտ»-ին, 60 մլն դրամ՝ «Օլիմպիոնիկ»-ին: Վերջինը դեռևս հանրությանը չի ներկայացվել:

«Լույս» հիմնադրամից վերջին 5 տարիներին ֆինանսական աջակցություն ստացած հաստատությունները


Infogram

«Լույս» հիմնադրամից՝ Սերժ Սարգսյանի սանուհուն ու սանիկին

«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամն անցնող երկու տարիներին գրոսմայստեր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոիլիի հիմնադրած «Ճամփորդ» թերթին 95 մլն դրամ է հատկացրել (շուրջ 200 հազար դոլար): Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը Արոնյանի և կնոջ քավորն է: 

Լուս.՝ sport.news.am-ից

«Ճամփորդ» շաբաթաթերթը սկսեց լույս տեսնել 2016 թվականի փետրվարին: Այն անվճար բաժանվում է հասարակական տրանսպորտում: Թերթի արկղերը տեղադրված են հանրային տրանսպորտի գրեթե բոլոր միջոցներում՝ մանուշակագույն և դեղին ավտոբուսներում, տրոլեյբուսներում, միջքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսներում, խոշոր տաքսի ծառայությունների մեքենաներում: Ի սկզբանե նշվում էր, որ այն պիտի 15 հազար տպաքանակով լույս տեսնի: Այսօր արդեն «Ճամփորդ»-ն իր կայքում հայտնում է, որ ունի օրական առնվազն 50.000 ընթերցող:

Հենց ստեղծման տարում էլ «Լույս» հիմնադրամը «Ճամփորդ» շաբաթաթերթին հատկացրել է 35 մլն դրամ: Հիմնադրամի 2016 թվականի հաշվետվության մեջ այդ նվիրատվությունը ձևակերպված է որպես աջակցություն «Ճամփորդ» հասարակական հիմնադրամին՝ օգնելու և առաջնորդելու երիտասարդ լրագրողներին, իրենց առաջին քայլերն անող տպագիր ԶԼՄ-ներին, ինչպես նաև աջակցելու անկախ լրագրության և քաղաքացիական հասարակության զարգացմանը:

2017 թվականին «Լույս» հիմնադրամը գրեթե կրկնապատկել է «Ճամփորդ»-ի հատկացումը՝ հասցնելով 60 մլն դրամի, չնայած թերթը տարին փակել է 10 հազար տպաքանակով: Արդեն իսկ լույս է տեսել «Ճամփորդ»-ի 111-րդ համարը, որի տպաքանակը 10 հազար օրինակ է:

2014-2015թթ. հիմնադրամը նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիային է հատկացումներ արել: Մասնավորապես, 2014թ. 47 մլն դրամ է հատկացրել «օգոստոսին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացված համաշխարհային օլիմպիադային մասնակցության համար, օլիմպիական եռակի չեմպիոն՝ Հայաստանի շախմատի հավաքականի մասնակցության համար և Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին Լևոն Արոնյանի մասնակցության համար»:

2015 թվականին շախմատի ֆեդերացիայի 10 մլն դրամ հատկացումը ձևակերպված է որպես ընթացիկ ծրագրերի համար տրամադրվող գումար:

Սարգսյանամերձ կառույցներին

2013 և 2017 թվականներին հիմնադրամը նաև աջակցել է «Այբ» կրթական հիմնադրամին: 2013-ին 114 մլն դրամ է հատկացրել «Այբ կրթական հանգույց» ծրագրի իրականացման համար: 2017-ին 24 մլն դրամ է հատկացվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների (FAST) հիմնադրամ ստեղծելու նպատակով:

2016-ին 40 մլն դրամ հատկացվել է «Հանուն Գյումրու և գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպությանը: Այս կազմակերպությունը 2015-ին հիմնադրել և ղեկավարում է  ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Նա 2009-20015թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ:

Մեկ առ մեկ ուսումնասիրելով հիմնադրամից աջակցություն ստացողների տվյալները՝ պարզ է դառնում, որ դրանց մեծ մասի հոգաբարձուների խորհրդի կազմում Սերժ Սարգսյանն է կամ նրա տիկին Ռիտա Սարգսյանը: Օրինակ՝ 2015 թ. «Արագիլ» վերարտադրողականության բժշկության աջակցության հիմնադրամին 50 մլն դրամ է հատկացվել, իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը Ռիտա Սարգսյանն է: 

«Լույս» հիմնադրամի բյուջեն գոյացել է տարբեր բարերարների և խոշոր, այդ թվում՝ հանքարդյունաբերական ընկերությունների տրամադրած ֆինանսական աջակցությունից: Դրանց թվում են եղել ՀԷՑ-ը, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, Ամուլսարը շահագործել ցանկացող նախկին «Գեոթիմ» ՓԲԸ-ն («Լիդիան»-ի իրավանախորդը), Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Կապանի լեռնահարստացման կոմբինատը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, բջջային օպերատորները, «Արդշինբանկը», այլ կառույցներ և անհատներ: 

Կարդացեք նաև՝ ՀԷՑ-ը տասնյակ միլիոնավոր դոլարներ է փոխանցել «Լույս» հիմնադրամին

Մեկնաբանություններ (4)

Արման
«Երևան» հիմնադրամը, որի ղեկավարությունը հիմա քրեական հետապնդման օբյեկ է, «Լույս» հիմնադրամի mini տեսակն է: Մի կարևոր տարբերությամբ. Լույսը նաև հանրային միջոցներ է ստավել, ըստ հոդվածի, որը այլ բովանդակությւոն է տալիս սարգսյանների կազմակերպած ալաֆին: Սրանք գեղացու մտածելակերպով են մոտեցել հարցին, ինչպես բոլոր արցերին են մոտեցել, երբ ձիու վրա են եղել. մեղր ծախողը մատը լզում է... Դե, մի քանի միլիոն դոլարի լզել են, էլի: Զարմանալի է սրբի դեմքով ներկայացող ու սերժիկ գովաբանող ահարոնյանի ու նրա կնոջ կեցվածքը. ով էլ լինի ուրիշի հաշվին մի թերթոն կհրատարակի՝ 200k դոլարով ու հանգիստ կներկայացնի որպես ծայրագույն նվիրում իր հայրենիքին: Ամոթ է: Խոսքս վերջինների մասին է, սարգսայնները հեռու են այդ բառի բովանդակությունից: Հետքին՝ ԲՐԱՎՈ, հերթական փայլուն հետաքննության ու հետևողականության համար:
rto
The problem here is not only the money spent on so-called cultural organizations. The main problem is the idiotic idea of spending tax payer money on students education in top universities around the world. Science and technology will never grow by sending a few students to this or that top university. The majority of those students will never return to Armenia and those who will, might never find a position in Armenia related to their field of study. Lets say you study oceanography at Harvard, do yo have any chance to use your knowledge in a small and landlocked country like Armenia?! For science and technology to be effective, it needs to be homegrown. You need to establish your own schools, labs and research centers and on top of that do every thing possible to connect it to industry. They should have spent that money on developing specific scientific fields which are needed in Armenia. You have someone like the president of the American University of Armenia Armen Der Kiureghian who moved to Yerevan to help his country. He is a prominent scientist in the field of earthquake engineering and almost the entire territory of Armenia is sadly in seismically active zones, a real time bomb that can kill thousands of people at any moment. Spend that money on establishing and funding an advanced research lab on earthquake engineering to find the most effective and cheapest methods for seismic rehabilitation of old soviet residential buildings. Earthquake engineering is only one field that needs to be developed in Armenia. There are numerous other fields e.g. artificial intelligence, nuclear, water management and preservation, agriculture. You can spend that money on these important fields yet you waste it on so-called top universities for the sake of prestige?
Գուրգեն
«Լույս»-ի գործադիր խորհրդի կազմի հետ մեկտեղ, ոչ պակաս հետաքքիր է նրա «Կրթական խորհուրդը» (http://www.luys.am/am/education-council): Այստեղ կարելի է տեսնել օրինակ Տեր Մեսրոպ քահանա Արամյանին, որի գործունեությունը ևս դարձել է ուսումնասիրության առարկա:
Eugenie
մինչև ուշքի չգամ, չեմ կարող մեկնաբանություն գրել․․․․․այ քեզ բան․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter