HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվում է՝ վիճակը շատ ավելի լուրջ է

2008 թ. Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը հայտարարեցին Համահայկական բանկի ստեղծման մասին։ Բանկը պետք է լիներ համայն հայության ֆինանսները մի տեղ հավաքող և  Հայաստանի տնտեսության մեջ ներդնող՝ Հայաստանը ծաղկեցնող կառույց։

Կառավարությունը, որպես հիմնադիր կապիտալ, բանկում ներդրեց 20 մլն դոլար։ Մինչև վերջին օրը Կառավարությունը եղավ բանկի միակ ներդնողը։ Համահայկական բանկն այդ 20 միլիոնը ներդրեց կառավարության Պետական Կարճաժամկետ Պարտավորությունների (ՊԿՊ) մեջ։ Այդ ներդրման համար կառավարությունը ամեն տարի 7,5 տոկոս կամ 1.5 մլն դոլար դիվիդենտ էր տալիս բանկին, ինչով բանկը ճոխ ապրեց 8-9 տարի։

Նմանատիպ ծրագիր է այս կուտակային թոշակային համակարգը։ Արդեն հավաքվել է 120 մլրդ դրամ։ Կառավարությունը գոհունակությամբ հայտնում է, որ գումարի 70 տոկոսը  ներդրվել է Հայաստանում։ Ներդրված գումարների կեսը՝ 30-35 տոկոսը ներդրված է ՊԿՊ-ների մեջ, որի դիմաց կառավարությունը ֆոնդերին վճարում է տարեկան 6․2 մլն դոլար։

Այս ահռելի միջոցները, եթե մնային ժողովրդի ձեռքին, կծախսվեին և այդպիսով ամբողջովին կներդրվեին տնտեսության մեջ։ Կներդրվեին ամենաճիշտ տեղերում և մեծ մուլտիպլիկացիայի էֆեկտով։ Բայց ցավն այն է, որ կառավարությունները մի մեծ ներդրումը, ասենք Ամուլսարում, տեսնում են, իսկ տասնյակ հազարավոր մանր գնումները, ինչը տասնյակ հազարավոր մանր ներդրումներ են, չեն տեսնում, թեև վերջիններիս միասնական էֆեկտը անհամեմատ մեծ է։

Կառավարությունն ասում է, որ եթե կուտակայինը չեղյալ անենք, կդիտվենք որպես ոչ հուսալի գործընկեր և այլևս Հայաստանում ներդրումներ չեն անի։ Ճիշտ հակառակը։ Ներդրումներ Հայաստանում չեն արվել, որովհետև վարվել է սխալ տնտեսական քաղաքականություն։ Ստեղծել ենք Համահայկական Բանկ։ Քայքայել ենք կրթական համակարգը, չունենք բարձրորակ մասնագետներ, բայց ստեղծել ենք Լույս հիմնադրամ (հիմնադիրներ Սերժ Սարգսյան և Տիգրան Սարգսյան), որը 10 տարի միլիոնավոր դոլարներ էր ծախսում, ընտրում էր ամենաօժտված երեխաներին և ուղարկում էր արտասահման սովորելու, և որոնք էլ չէին վերադառնում, որովհետև հայրենիքում նրանց համար աշխատելու միջավայր չկար։ Հիմնել ենք կուտակային թոշակային համակարգ (հեղինակներ Սերժ Սարգսյան և Տիգրան Սարգսյան), առանց այդ էլ աղքատ ժողովրդից վերցնում ենք եկամտի 10 տոկոսը և տալիս ենք ինչ-ինչ ֆոնդերի, որոնք այդ փողերը պետք է վերադարձնեն 30-40 տարի հետո, այդպիսով այսօր ներքին առևտուրը և արտադրությունները զրկում ենք հսկայական միջոցներից։

Կարծում եմ, Կուտակային համակարգի ներդրումը պետք է սառեցնել։ Պետք է ուսումնասիրել, թե ովքե՞ր, ի՞նչ ֆինանսավորումով են մշակել այս համակարգը։ Ի՞նչ շահեր ունեն այսօր։ Արդյոք այդ նույն մարդիկ են այսօր համոզում կառավարությանը, որ այս համակարգը պետք է մնա։

Վստահ եմ, կառավարության տնտեսական բարեփոխումները՝ օրենսդրության, վարչարարության, դատական համակարգի, մրցակցության պաշտպանության, կրթության ոլորտներում, շատ ներդրումներ են բերելու, իսկ կուտակային այս սխալ համակարգի չեղարկելը միայն օգնելու է ներդրումներին։

Վերջում մի հորդոր կառավարությանը։ Պետք չէ ասել աշխատողը մուծում է 5 տոկոս, մյուս 5 տոկոսն էլ մուծում է պետությունը։ Հետո էլ թե լավ, մի քիչ էլ ենք լավություն անում, 2,5 տոկոսը մուծում է աշխատողը, 7,5 տոկոսը մուծում է պետությունը։ Պետք է մեկընդմիշտ հասկանալ՝ աշխարհում ոչ մի պետություն կամ կառավարություն սեփական ոչ մի լումա չունի, որ ժողովրդին էլ լավություն անի։ Կառավարությունը ծախսում է ժողովրդի փողերը։

Աշոտ Խաչատրյան, Հայկական ծրագրեր ընկերության նախագահ

12․06․2018

 

Մեկնաբանություններ (2)

Տիգրան
Հայաստան անկախ պետությունն ունի ընդամենը 25 տարվա պատմություն և այս 25 տարվա մեջ մենք ականատես ենք եղել դրամի կտրուկ արժեզրկման, բանկերի սնանկացման և մշտական «հեղափոխություն-իշխանափոխությունների»:Ինչ՞ է սպասվում հետագա 35-40 տարիների ընթացքում, կարելի է կռահել: Հավանականությունը, որ այս գումարները կվերադարձվեն իրենց առաջնային արժեքներով զրոյական է: Իսկ եթե այն, ինչի մասին գրում է Աշոտ Խաչատրյանը ճիշտ է, ապա այս համակարգը, այս կարգավիճակող թողնելը հանցագործություն է: Միանշանակ պետք է լուրջ ուսումնասիրվի այս տեղեկատվությունը և համապատասխան քայլեր իրականացվեն:
Արմենակ Եղիայեան
7,5 տոկոս կամ 1.5 մլն... Չեմ հասկնար, թէ ինչո՛ւ առաջին կոտորակը ստորակէտով եւ ճիշդ գրուած է, իսկ երկրորդ կոտորակը միջակէտով եւ սխալ գրուած է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter