HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսար. «Միայնակը»

Վանուհի Թովմասյան

Նվիրվում է Լեռ Կամսարի 130-ամյակին
(Եվս մեկ գիրք Լեռ Կամսարից, նորից ծնված ժողովրդական սիրուց) 

Կյանքի ավարտին երգիծաբանը գրել է. «Ես սովետական սա քառասունհինգ տարվա մեջ մի օր չեմ ապրել։ Սպասում եմ, որ սովետական իշխանությունը չքանա աշխարհիս երեսից, որ նոր մեկ տարեկան դառնամ, հետո՝ երկու, երեք և այսպես բնականոն մեծանամ մինչև այն հասակը, որ տնօրինել է ինձ համար նախախնամությունը։

Այս քառասունհինգ տարին հեչ։

Ինչպես ամառ ժամանակ միսը պահում են սառնարաններում, որ չհոտի, ես իմ կյանքը դրել եմ սովետական այս անկյանք ու սառած քառասունհինգ տարիների մեջ, որ չծերանամ ու ազատության հասնելիս բանամ իմ քերականը ու նոր մեկանց իմ կյանքի այբն ու բենը ապրեմ»։

Գրողի մահվանից հետո էլ մենք մի 25 տարի հեչ անենք՝ բաշխելով կոմունիստներին, ու սկսենք վերահաշվարկը։

Կամսարի աքսորական ճամպրուկը անտիպ ձեռագրերով

1988-ին, աչքիս տակ ունենալով «պերեստրոյկան», նամակ հղեցի Գրականության ինստիտուտի տնօրեն՝ Էվարդ Ջրբաշյանին, խնդրելով տեր կանգնել Կամսարի անտիպ ժառանգությանը։ Քար լռություն։

Մնացի մենակ Միայնակի հետ...

Սարսափով նայեցի ձեռագրերով ճխտած սև աքսորական ճամպրուկին ու վախվորած ձեռքս մեկնեցի Լեռ Կամսար Արամ պապիս մերժված ու չընդուված քերականին, որ ապրի նրա կյանքի այբն ու բենը...

Ու մտքովս էլ չէր անցնում, որ հենց առաջին գրքի լույս ընծայման հետ ազգը նորից գիրկը կառնի անաչառ, ազատատենչ ու ազնվապաշտ, տարիներ շարունակ  մոռացված իր արժանի զավակին։Ինքնակամ հովանավորները սիրահոժար կյանքի կոչեցին գիրք գրքի հետևից, դիպլոմային և գիտական թեզերը հաջորդեցին մեկը մյուսին, հրատարակման աշխատանքներին համացանցում մասնակցում էին բոլորը և այլն, և այլն։ Ազնիվ մարդիկ իրենց պարտքն են համարում օգնել որևէ բանով՝ գործով, բարի խոսքով, խրախուսանքով, անտիպ ձեռագրերը տպագրելու համար գումարով։

Այս տարի Կամսարի 130-ամյակի շրջանակներում արդեն լույս է տեսել բանասիրական գիտությունների թեկնածու Կարինե Մարտիրոսյանի «Լեռ Կամսարի օրագրային արձակը»։

Այժմ Արմեն Քեշիշյան, Հայկ Խեմչյան և Գևորգ Մշեցի Ջավրուշյան նվիրյալ եռյակը կամսարասերներին ներկայացնում է «Միայնակը» ժողովածուն։ Սա իրենց երկրորդ նվիրումն է Կամսարին (տես՝ «Չապրած օրերը»), և համոզված եմ, որ վերջինը չի լինելու, որովհետև իրենց առջև խնդիր են դրել շտկել անցյալում կատարված մի մեծ անարդարություն։

Այս առիթով շնորհավորում եմ բոլոր ընթերցողներին։ Երախտապարտ եմ Արմեն Քեշիշյանին, Հայկ Խեմչյանին, Գևորգ Մշեցի Ջավրուշյանին, որ աննախադեպ  նվեր մատուցեցին Կամսարի 130-ամյակին։

Ահա թե ինչպես է գիրքը ծնվել։ Քեշիշյանին կանչեցի հայրական տունս, որ լուսանկարի Կամսարի դաշնամուրը, ջութակը և նրանից մնացած էլի մի քանի իրեր, որ գեթ լուսանկարներով պահպանվի հետագայի համար։ Տեսավ թղթակույտի առջև բզբզում եմ։

-Ի՞նչ է դա,-հարցրեց։

- Կամսարի 1961թ․-ի օրագրության հորս կողմից արված մեքենագիրն է, - պատասխանեցի։ (Քանի որ սովետի ժամանակ  անհնարին էր Կամսարին հրատարակել, խեղճ հայրս գրամեքենայով 7 օրինակից տպագրում էր և տարբեր տեղեր թաքցնում, որ եթե փորձանք պատահի՝ գեթ մի օրինակ պահպանվի)։ - Սրանք այլևս պետք չեն, գցելու եմ - շարունկեցի ես, - հիմա ես բացառապես ձեռագրերի հետ եմ աշխատում, որ ավելի ճշգրիտ լինի։

- Կարո՞ղ է ինձ նվիրես, - իրեն հատուկ ամոթխածությամբ ասաց Արմենը։ Զարմացա, որ իրեն պետք են այդ դեղնած և մաշված, բավականին սխալներով մեքենագիր էջերը։

- Հա, իհարկե, դրանցից այլևս չեմ օգտվելու, - ասացի սաստիկ ուրախացած, քանի որ ազատվեցի հորս աշխատանքը ստիպված թափելուց։

Գիրքը տպարանից վերցնելուց անմիջապես հետո, Քեշիշյանը առաջինը տարել է Կամսարի շիրիմին

Հետո իմացա, որ ամբողջ ընտանիքով համակարգչով մուտքագրում են։ Այնուհետ Քեշիշյանին կտեսնեիք գրադարաններում՝ նյութերը ծանոթագրելիս։ Ամեն օրապատման սկզբնաղբյուրը գտնելով, ծանոթագրում և լուսապատճենով էլ հաստատում էր նյութը։ Ափսոս, որ գրքում տեղ չգտան բոլոր նկարները, քանի որ տպագրության ծախսը մեծանում էր։ Դրանից հետո Հայկ Խեմչյանն ու իր մայրը՝Խաչատրյան Սվետլանան, ով ի դեպ Ակսել Բակունցի եղբոր թոռնուհին է, փութացին օգնելու Արմենին՝ խմբագրելով և սրբագրելով ժողովածուն։Վերջում էլ Գևորգ Մշեցի Ջավրուշյանը նկարազարդեց գիրքը, որ Կամսարին պարգևած նվերն ավելի գեղեցիկ և արժանավայել լինի․․․ Չէ, ներեցեք, սա վերջը չէր։ Վերջն այն էր, որ բավական չէ, որ այս հայորդիկ անվարձահատույց աշխատել էին, հրատարակմանը պակասող գումարն էլ լրացրեց Արմեն Քեշիշյանը։

«Միայնակը» ժողովածուն երգիծաբանի «Կարմիր օրեր» օրագրության միայն մեկ տարվա՝ 1961թ․ օրապատումն է։ Այն «Հալոցք» ժողովածուի անմիջական շարունակությունն է։ Գրականգիտությունը 60-ականները համարում է «հալոցքային», երբ ստեղծագործ մտքի համար ստեղծվել էր որոշկի ազատություն։ Գուցե ոմանց համար, բայց Կամսարն էլի մնացել էր մերժված, հալածական և միայնակ։ Դա է պատճառը, որ հատորը կոչվեց «Միայնակը»։ Միայնակ, որն այլևս միայնակ չէ․․․

                                          Պատառիկներ գրքից

Չորեքշաբթի 14. – Սովետական ուսանողների մեծ մասը գիտական կոչումներ ստանալու համար գրում է «դիսերտացիաներ»՝ նյութ ունենալով «Սովետական Միության պատմությունը»:

Բայց, ախր, այդպիսի պետություն իրականի մեջ գոյությո՜ւն չի ունեցել: Սովետական պետությունը մարդկանց ուղեղի մեջ ծնունդ առավ, ուղեղի մեջ էլ մնաց ցայսօր և դեռ իր ոտքը գետին չի դրել:

Սովետական ժողովրդի պատմությունը հայ ժողովրդի պատմության նման փաստացի պատմություն չէ՝ իր ռեալ բովանդակությամբ ու անհերքելի սկզբնավորությամբ: Այնտեղ չկա Հայկի և Բելի կռիվ, չկա Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին: Այնտեղ Արալեզը չի լիզում Արային ու հարություն չի տալիս նրան: Այնտեղ նկարագրված է Միության ժողովրդի «երջանիկ կյանքը», որը գոյություն չունի իրականում:

Սովետական Միության մասին մի առասպել միայն գոյություն ունի, որը հետևյալն է:

Ասում են, շատ հին ժամանակներում մի մարդ է ծնվել Ռուսաստանում, անունը՝ Լենին: Այս Լենինը դժգոհ էր տիրող կարգերից և կամենում էր սոցիալիզմ կառուցել երկրում: Ու կարծելով, որ դրա համար հարկավոր է գիտություն՝ պայուսակն առած դպրոց է գնում՝ իր քաղաքական իդեալն իրականացնելու համար:

Դպրոցի ճանապարհն անցնում էր մի պառավի կորեկի արտի միջով: Եվ երբ Լենինը արտն է մտնում, պառավը դուրս է գալիս ու անիծում, թե ինչո՞ւ է տրորում իր կորեկը: Այստեղ Լենինը դառնում՝ պառավին ասում է.

- Մամի՛կ, ինչո՞ւ ես անիծում, դպրոց եմ գնում, գիտություն ձեռք բերեմ, սոցիալիզմ շինեմ:

Պառավն ասում է.

- Հողե՛մ գլուխդ, դո՞ւ պետք է մեր ցարի ժառանգը լինես: Սոցիալիզմը գիտությամբ չեն շինում, սոցիալիզմը մորուքով են շինում: Գերմանիա գնա և Կարլ Մարքս հարցրու, նա համաշխարհային սոցիալիզմի հայրն է և դրա համար ունի կզակի վրա տնտեսած մի համապատասխան մորուք: Ասա՝ դյադյա[1], քո տգիտությունն ու մորուքը տուր, տանեմ Ռուսաստանում սոցիալիզմ կառուցեմ՝ բերեմ:

Գնաց Լենինը, ասաց, բայց Մարքսը ո՛չ իր տգիտությունը տվեց, ո՛չ էլ մի թել իր մորուքից: Ասաց.

- Դա համաշխարհային սոցիալիզմի համար եմ պահել, մի երկրի չեմ կարող տալ:

Երբ Լենինը շատ խնդրեց, շատ աղաչեց՝ Մարքսը մի փոքր հիմարություն լցրեց նրա գլուխը, մի փունջ մորուք կպցրեց կզակին և ուզում էր ճամփել, բայց Լենինն անշարժ էր: Նա ասաց.

- Ռուսաստանը աշխարհի մեկ վեցերորդն մասն է. այսքան քիչ հիմարությամբ ու ընդամենը մի այծամորուքով այդ մեծ երկրում սոցիալիզմ կկառուցվի՞:

Մարքսն ասաց.

- Այսքան այծամորուքը խիստ բավական է մի երկրում սոցիալիզմ մկկալու համար: Գալով հիմարությանը՝ դո՛ւ էլ պակաս հիմարը չես, մի բան էլ քեզանից դիր ու կառուցիր:

Եկավ Լենինը Ռուսաստան, բաց արեց իր գլուխը և տեսավ, որ իր գլխում իրոք որ ահագին հիմարություն կար մոռացված: Հավաքեց, մի հայտարարի բերեց աշխարհի բոլոր հիմարությունները և սկսեց կառուցել սոցիալիզմ: Իսկ դա նշանակում էր՝ մարդկանց վրայից կտրել-հանել հին գլուխները՝ վրան նորերը պատվաստելու համար: Որոշ մարդիկ մոտեցան նրան և ասացին.

- Նախ մեկի վրա փորձիր, եթե նոր գլխով մարդիկ կարողացան մտածել, նոր այն ժամանակ բոլորը կտրիր:

- Չէ՛, - ասաց Լենինը, - բոլորինը մեկ անգամից պիտի կտրեմ:

Կտրեց, բայց ոչ մեկը չկարողացավ նոր գլխով մտածել: Գլուխը մի բան էր ասում՝ մարմինը մի այլ բան էր կատարում: Գլուխն ասում էր մարմնին՝ կե՛ր, խմի՛ր, երջանի՛կ եղիր, մարմինը սոված փորով քնում և դժբախտ էր զգում իրեն:

Տեսավ, որ բան դուրս չի գալիս՝ հայտարարեց.

- Ով դժբախտ զգա ինքզինքը՝ Սիբիր կաքսորեմ:

Սիբիրի վախից բոլորը կծկվեցին, սարսռացին, ատամ ատամին սեղմած՝ տարան Գրիգոր Լուսավորչի բոլոր տանջանքները և վախից… երջանիկ եղան: 

* * *

Ես սիրում եմ թութ ուտել ծառի վրա, բայց ամաչում եմ ծառը բարձրանալ: Չգիտեմ, մեծ մարդիկ ծառ բարձրանո՞ւմ են առհասարակ: Օրինակ՝ Գյոթեն երբևիցե ծառ բարձրացե՞լ է:

 Պատմությունն այդ մասին ոչինչ չի ասում:

 Այսպիսի հարցեր ինքնաբերաբար են ծնունդ առնում մարդու մեջ:

 Հիշո՞ւմ եք, Դոն Քիշոտն իր ասպետական միսիան սկսելուց առաջ, երբ ձի չէր ճարում և ուզում էր էշ նստել, նախ բաց արեց պատմությունը՝ իմանալու համար մյուս, իրենից առաջ ասպետներին հաջողվե՞լ է իշու վրա նստած՝ վերացնել մարդկային թշվառությունը:

Այլապես, եթե ծառ բարձրանամ ու հետո իմանամ, որ ինձնից առաջ ոչ մի գրող ծառ չի բարձրացել, ձեզ եմ թողնում երևակայել՝ ի՞նչ կլինի իմ վիճակը…

 

Ուրբաթ 16. – Ես միշտ մոռանում եմ հարցնել ձեր հասցեն: Որտե՞ղ եք ապրում:

Ես ուրախությամբ կտայի իմս, բայց ամաչում եմ: Ապրում եմ մի հողաշեն, խարխուլ, անհարմար խրճիթում:

Չնայած Կենտկոմի և Մինիստրների սովետի հրամանին՝ Քաղսովետը մինչև օրս ինձ նոր բնակարան չտվեց: Այս երկու վերադաս մարմինների հրամանները մտան Քաղսովետի ոլորապտույտ աղիքները, մարսվեցին՝ ի կատարումն բաց թողնելով միայն… քամի:

Այսպես է մեզ մոտ ճանապարհը՝ բոլոր տեսակի վերևից եկող հրամանների: Ո՛չ շունը տիրոջն է ճանաչում, ո՛չ էլ տերը՝ իր շանը:

* * *

Չէ՛, սիրելի բարեկամներս, ես այս իմ տանը ձեզ չեմ ընդունի, դա ինձ պատիվ չի բերի:

Սպասեցեք, էս է՝ մեռնում եմ: Պանթեոնում շուտով մի փառավոր գերեզման կստանամ, կգաք մոտս՝ երկար կխոսենք[2]

 

Ուրբաթ 15. – Մի երկրում ապրելիս է լինում մի հարուստ մարդ: Նրա պալատը լիքն էր աշխարհի բոլոր բարիքներով: Ապրում էր այդ հարուստն այնտեղ և իր ողջ կյանքում ոտքը տանից դուրս չէր դրել ու չէր էլ ուզում դնել:

Այս տարօրինակ մարդու վրա զարմացել էր երկրի թագավորը և մի օր վեզիրների հետ ժողովի նստած ժամանակ ասաց.

- Ձեզանից ո՞վ կարող է հարուստին դուրս բերել իր տանից:

- Ե՛ս, - պատասխանեց վեզիրներից մեկը:

- Բայց պայմանով, որ բռնի ուժ չգործադրես:

- Բոլորովի՛ն: Իր հոժար կամքով:

- Հապա՛, տեսնենք:

Եվ իրոք, թագավորը տեսավ:

Վեզիրը վերցրեց երկու սվինավոր ոստիկան ու կանգնեցրեց հարուստի տան դռան աջ ու ձախ կողմերը և մարդ ուղարկեց ներս՝ ասելու հարուստին, որ նա ցմահ բանտարկված է:

Լսելով այս դատավճիռը՝ ցնցվեց հարուստը, և իր շեն պալատը բանտի վերածվեց նրա աչքում: Նայեց պատուհաններին, նայեց պատերին ու առաստաղին՝ տեսնելու, թե չի՞ կարող արդյոք մի տեղից ծակել ու փախչել: Մոտեցավ պալատի դռանը և աչքը դռան պահակներին՝ սպասեց, որ քնեն, դուրս գա՝ փախչի:

Պահակներն էլ հենց դրան էին սպասում: Դիտմամբ սուտ քուն մտան՝ թույլ տալու համար, որ հարուստն իրագործի իր մտադրությունը:

Հարուստն էլ, շունչը բռնած՝ դուրս եկավ իր պալատից և փախավ՝ ինչքան ուժ ուներ իր ոտքերում:

Տեսա՞ք՝ ինչ է նշանակում ազատություն:

Ես իմ հայրենիքը սիրում եմ ավելի, քան աշխարհում այլ երկիր, բայց եթե հայրենիքիս դռանը երկու ոստիկան տեսնեմ կանգնած՝ հայրենիքիս առաստաղը կծակեմ ու այնտեղից վայր ցատկելով՝ կփախչեմ ավելի սարսափահար, քան հարուստն իր պալատից:

Ես աշակերտ ժամանակս անվերջ փախել եմ դպրոցից, որովհետև այնտեղ բռնությամբ էին սովորեցնում:

Ես ամբողջ կյանքումս փախա կնոջիցս, որովհետև եկեղեցին արգելում էր բաժանվել:

Ինչքա՜ն պիտի սիրեի նույն կնոջս, եթե ասեր.

- Մա՛րդ, ապրի՛ր հետս այնքան ժամանակ, ինչքան սիրում ես ինձ, կշտացար՝ բաժանվիր:

Չեմ երաշխավորի, բայց ո՜վ գիտի, եթե կոմունիզմն էլ կամավոր կերպով մտցվեր Ռուսաստան, գուցե ես էլ կոմունիստ գրվեի, բայց երբ սրով ու հրով է մտնում, այստեղ արդեն հիմար մարդն էլ կկասկածի, որ սրա տակ մի վատ բան կա թաքնված:

Արդեն մեր կամքից անկախ՝ ծնվում ենք բռնի, մեռնում ենք բռնի: Եթե բռնի էլ ապրենք՝ էլ ի՞նչ միտք ունի աշխարհ գալ:

                                                                              1961թ

Գլխավոր լուսանկարում` ձախից` Արմեն Քեշիշյանը, Գևորգ Մշեցի Ջավրուշյանը և Հայկ Խեմչյանը

[1]Հորեղբայր, քեռի (ռուս.՝ “дядя”): 

[2]Ցավոք, նրանվիճակվածչէրանգամ «փառավոր» (ինչպեսինքն է ասում) գերեզմանունենալ: ԿամսարիգերեզմանըՊանթեոնումչէ, այլ «Թոխմախի» գերեզմանատանը: 

Մեկնաբանություններ (1)

Վանուհի
Երնեկ համաժողովրդական այս սերն ու նվիրումը Լեռ Կամսարն իր կենդանությանը վայելեր․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter