HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը՝ Օսիպյանին․ «Էդքան ոստիկանների գոյության պայմաններում ի՞նչ է նշանակում անպատժելիության մթնոլորտ»

Կառավարության այսօրվա նիստում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին` մի շարք ՀՀԿ պատգամավորների ներկայացրած նախագծի վերաբերյալ Կառավարության առաջարկությունների հարցը։

«Նեկայացվող օրինագծով առաջարկվում է երթևեկության անվտանգությունը ապահովելիս արգելել ոստիկանության կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործումը»,-ներկայացրեց Օսիպյանը:

Օսիպյանի խոսքով՝ ոստիկանությունը կարևորում է շարժական տեխնիկայի օգտագործման մասին հանրային անհրաժեշտության գաղափարն ու այդ ուղղությամբ նախաձեռնել է ոստիկանական պարեկային գործողությունը կանոնակարգող իրավական ակտերի փոփոխություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ հանրությունը երեք տեսակի շարժական սարքերի մասին է տեղյակ, ուստի խնդրեց հստակեցնել, թե ո՞ր շարժական սարքի մասին է խոսքը։

Օսիպյանը մանրամասնեց՝ դրանք այն շարժական մեքենաներն են, որոնք հատուկ կահավորված են լինելու, ինչն էլ վարորդներին հնարավորություն կտա նախապես տեսնել մեքենան:

«Մենք հակասությունների մեջ ենք մտնում, մենք անընդհատ ասում ենք` մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք` բերենք էդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, ավելի շատ տուգանենք: Կարծում եմ՝ մենք այստեղ պրոբլեմ ունենք»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ խնդիր է տեսնում նաև ոստիկանների համազգեստներին ամրացված տեսախցիկների հարցում:

«Դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնել, որովհետև դա հավելյալ հարկ է քաղաքացիների վրա, երթևեկության անվտանգության խնդիրը ճանապարհների որակով լուծեք, որ մարդը ստիպված չլինի ճանապարհի կենտրոնում անդունդի հանդիպի, որ ստիպված պտտվի, թռնի ձորը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Վալերիյ Օսիպյանը համաձայնեց՝ հարցը պետք է կարգավորել, որովհետև կան վարորդներ, «որոնց մոտ անպատժելիության մթնոլորտ է ձևավորվում», ինչը փաստել են ոստիկանության կատարած ուսումնասիրությունները:

«Գուցե նախազգուշացումների համակարգ ներդնենք, խնդրում եմ, պահանջում եմ, հրահանգում եմ, հրամայում եմ` չմեծացնել քաղաքացիներին տուգանելու առիթներն ու հնարավորությունները»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև զարմացավ, որ ոստիկանապետը խոսում է անպատժելիության մթնոլորտի մասին այն դեպքում, երբ ոստիկանությունը բավականաչափ աշխատակիցներ ունի, որպեսզի անպատժելիություն թույլ չտա:

«Էդքան ոստիկանների գոյության պայմաններում ի՞նչ է նշանակում անպատժելիության մթնոլորտ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հարցի քննարկումը պետք է հետաձգել:

Այնուհետև խոսեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով ուումնասիրել միջազգային փորձը։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ ասաց, թե պետք է անմիջապես ձեռնամուխ լինել ավելի համալիր առաջարկների:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ հավելեց՝ պետք է գոնե ժամանակավորապես լուծում գտնել։

«Եկեք պայմանավորվենք հետևյալը, որ շարժական մեքնենաները դուրս չեն գա ծառայության»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ որոշումը կընդունեն, բայց այն բովանդակությունը, որ բարձրաձայնվեց այսօր, պետք է բացառվի:

Տեղեկացնենք, որ նախագծի հեղինակները՝ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գևորգ Կոստանյանն առաջարկում էին փոփոխել օրենքը, քանի որ շարժական տեսա­ձայ­նա­գրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մա­սին ոստիկանության ծառայողի կողմից բանավոր նախազգուշացնելու սահմանված պա­հան­ջը և, «փաստորեն խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի հա­մաձայնության», ինչը չի բխում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից:

Իսկ Կառավարության եզրակացության մեջ գրված է, որ իրենք առաջարկում են քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքի նախագծի և դրա ընդունման հիմնավորման վերաբերյալ ստորև ներկայացված հանգամանքները․

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդ­վածը, որպես անձնական տվյալների մշակման իրավաչափության առաջնահերթ պայ­ման, սահմանում է անձնական տվյալների մշակման՝ օրենքով նախատեսված լինելը, ինչը «Ոստի­կա­նության մասին» օրենքի 22-րդ հոդվածի գործող խմբագրությամբ ամբողջությամբ ապահովված է: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածներով սահմանված համա­չա­փության սկզբունքին, ապա ոստիկանության կողմից հասարակական կարգը պահպանելիս, այդ թվում՝ ճանապարհւսյին երթևեկության անվտանգությունն ապահովելիս, իրականացվող տեսաձայնագրման և լուսանկարահանման եղանակով տվյալների մշակումը հետապնդում է օրինական նպատակ, իսկ դրան հասնելու միջոցները պիտանի են,անհրաժեշտ և չափավոր:

Առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը հերթապահություն իրականացնելու ընթացքում, օրինակ, տրանսպորտային միջո­ցի մեջ տեղադրված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցով ճա­նա­պարհային երթևեկության անվտանգության բնագավառի իրավախախտում հայտնա­բե­րե­լիս օրենքի ուժով զրկված է լինելու խախտումը արձանագրելու հնարավորությունից: Քննարկ­վող դեպքում տրանսպորտային միջոցի շարժման մեջ գտնվելու ընթացքում կատար­ված իրավախախտումների պարագայում բանավոր նախազգուշացնելու պահանջը կա­տա­րե­լը օբյեկ­տիվերեն հնարավոր չէ: Բացի դրանից, հնարավոր են անգամ այնպիսի իրավի­ճակ­ներ, երբ ենթադրյալ իրավախախտը չենթարկվի ոստիկանության ծառայողի' տրանսպոր­տա­յին միջոցը կանգնեցնելու հրահանգին' դրանով իսկ անհնար դարձնելով ոստիկանության ծա­ռա­յողի կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական մի­ջոց­ներ օգտագործելու և ենթադրյալ իրավախախտման արձանագրման վերաբերյալ անձին տե­ղե­կացնելը: Մեր կարծիքով, ընդունելի չէ նաև նախագծի հիմնավորման մեջ նշված այն տե­սա­կետը, որ գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում «խախտման փաս­տի ար­ձա­նագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության»:

Ստացվում է, որ իրավախախ­տում արձանագրելուց և համապատասխան վարույթ հարուցելուց առաջ անհրա­ժեշտ է ստանալ իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձի համաձայնությունը, ինչը չի բխում օրենքի տրամաբանությունից: Միևնույն ժամանակ, նախագծով որդեգրված տրամա­բա­նությամբ ստացվում է, որ թեև առկա է առերևույթ իրավախախտում, այլ կերպ ասած' վար­չական իրավախախտման վարույթ հարուցելու առիթ, իրավասու մարմինը իրավասու չէ կատարելու օրենքով իրեն վերապահված գործառույթը՝ են­թադրյալ իրավախախտի համաձայնության բացակայության պատճառով:

«Ոստիկանության մասին» օրենքով նա­խա­տես­ված բա­նա­վոր նախազգուշացման պահանջը գործնականում ամբողջությամբ իրա­գոր­ծե­լի է: Գունագրաֆիկ երանգավորում չունեցող ավ­տոմոբիլով ծառայությունն իրականացվելու է բացառապես այն ճանապարհներին, որտեղ տեղակայված են նախազգուշացնող ցուցանակներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter