HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Menu.am-ը կդադարեցնի իր գործունեությունը»,- հայտարարել է հիմնադիր Վահան Քերոբյանը

Հայկական «Մենյու» (menu.am) ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը հայտարարություն է տարածել այսօր Կառավարության ընդունած որոշման կապակցությամբ, որով ուժի մեջ է թողնվել Հարկային օրենսգրքի` առաքվող սննդի վերաբերյալ դրույթը: Ստորեւ` Վ. Քերոբյանի հայտարարությունն ամբողջությամբ:

«Menu.am-ը թափանցիկ ընկերություն է, որտեղ աշխատում են մոտ 100 աշխատակից և 250 առաքիչ: Մեր հետ աշխատող մոտ 500 ռեստորանները մեր հետ գործունեության արդյունքում լրացուցիչ 1000 աշխատատեղ են ստեղծել: Մենք վճարում ենք մոտ 15մլն հարկ ամսական, իսկ մեր հետ աշխատող առաքիչները՝ ևս 5մլն: Մենք ունենք մոտ 200հզ ակտիվ հաճախորդ Հայաստանում:

Այսօր Կառավարությունն իր 23-րդ որոշմամբ որոշեց անփոփոխ թողնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի լրացուցիչ 16,67%-ով հարկվի: Դա նշանակում է, որ ռեստորանների համար menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր: Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ են ռեստորաններն այժմ աշխատում մեր հետ. հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային Օրենսգրքի փոփոխությունը, որն այսօր չեղարկվեց, թույլ էր տալիս մեզ համոզել ռեստորաններին "դիմանալ, քանի որ օրենքը փոխվում էր դեպի լավը": Որպեսզի շատ հստակ լինի, որևէ հարկային բեռի փոփոխություն հենց Menu.am-ի մասով չի եղել և չէր էլ լինելու, մենք մեր հարկերը վճարել ենք ու կվճարենք. բոլոր փոփոխությունները վերաբերում են ռեստորանների հարկման ռեժիմին և մեր պայքարը առաքվող և տեղում սպառվող ուտելիքների անհավասար հարկային ռեժիմները չեղարկելուն է վերաբերվել:

Ես չեմ փորձում շանտաժի ենթարկել Կառավարությանը, բայց այս պահին մենք որևէ այլ ելք չենք տեսնում, քան պատրաստվել «կատաղի» դիմադրության՝ հանրային սննդի առաքման շուկան մահացու հարկային բեռից ազատելու համար: Մեր իրավաբանները կուսումնասիրեն հնարավոր բոլոր սցենարները և եթե պարզվի, որ մենք ունենք միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա մենք կդադարեցնենք մեր գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխենք մեր գործունեության այլ երկիր: Մենք չենք պատրաստվում ստորանալ (կամ ստվերանալ) այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում:

Իմ բոլոր ընկերներին և menu.am-ի բոլոր հաճախորդներին խնդրում եմ այս գրառմամբ կիսվել (share անել), որպեսզի հնարավորինս լսելի դառնա մեր ձայնը:

Հ.Գ. Մենք շուտով մամլո ասուլիս ենք հրավիրելու այս առթիվ, որպեսզի ավելի մանրամասն բացատրենք մեր տեսակետը և դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությանը նախորդող հակաժողովրդական կառավարության կողմից մտածված թունավոր օրենքների իրական իմաստը»:

Լրացում. Վահան Քերոբյանն ավելի ուշ հայտնել է, որ ինքը սխալ է հասկացել կառավարության որոշումը և ներողություն է խնդրել թյուրըմբռնման համար: Մանրամասները՝ տեսանյութում.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter