HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատարանն անվավեր ճանաչեց փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն ապրիլի 21-ին կայացրած վճռով անվավեր ճանաչեց փաստաբանների պալատի ղեկավարի ընտրությունը եւ փաստաբաններին պարտավորեցրեց 15 օրյա ժամկետում նոր նախագահ ընտրել: Հիշեցնենք, որ մարտի 20-ին ՀՀ փաստաբանների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում 7 ձայնի առավելությամբ պալատի նախագահ էր ընտրվել փաստաբան Ենոք Ազարյանը: Պալատի նախագահի թեկնածուներից Ռուբեն Սահակյանի ներկայացուցիչները դատարանում վիճարկում էին ընտրության գաղտնիությունը եւ «կեղծ արտոնագրեր» ստացած թվով 10 փաստաբանների մասնակցությունը ընտրություններին: Դատարան բերված քվեաթերթիկների ուսումնասիրությունը կողմերին բերեց այն համոզման, որ, իրոք, քվեաթերթիկը թափանցիկ էր եւ ծալված վիճակում անգամ բոլորին տեսանելի էր: Դատարանին նույնպես համոզիչ թվաց այդ փաստարկը, սակայն իր վճռով ամրագրեց, որ դա ընտրություններն անվավեր համարելու բավարար հիմք չէ: Դատարանն ընտրություններն անվավեր համարեց այն հիմնավորմամբ, որ ընտրված համարվող թեկնածուն՝ Ենոք Ազարյանը, անհրաժեշտ ձայների կեսից ավելին չի հավաքել, պակասում է 1 ձայն: Ե. Ազարյանը պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը:

Մարտի 31-ից Կենտրոն դատարանը դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ քննում էր փաստաբանների պալատի նախագահության թեկնածու Ռուբեն Սահակյանի ներկայացուցիչների հայցը ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը չկայացած ճանաչելու եւ նոր ընտրություն նշանակելը պարտավորեցնելու պահանջի մասին: Միաժամանակ՝ հայցեր էին ներկայացրել նաեւ ՀՀ փաստաբանների միության եւ Փաստաբանների միջազգային միության այլ անդամներ՝ թվով 5 հայց, որոնք դատարանը քննում էր համատեղ: Նշված փաստաբաններն ամենատարբեր հիմքերով մեկ պահանջ էին ներկայացնում՝ անվավեր ճանաչել ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը:

Պալատի նախագահ ընտրված Ենոք Ազարյանին ներկայացնում էր ճանաչված փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը: Վերջինս կարծում էր, որ պետք է ամբողջ ծավալով մերժել հայցերը եւ որ հայցավորների պահանջը չի կարող դառնալ պալատի ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք: Պալատի նախագահի թեկնածու Ռուբեն Սահակյանի ներկայացուցիչների՝ Արա Զոհրաբյան, Կարեն Մեժլումյան, Արգիշտի Կիվիրյան, կարծիքով հիմնադիր ժողովը հրավիրվել ու անցկացվել է օրենքի խախտումներով, ինչի արդյունքում ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի ընդունած բոլոր որոշումները ենթակա են անվավեր ճանաչման: Նրանք դատարանին խնդրեցին պարտադրել ՀՀ փաստաբանների միությանը եւ Փաստաբանների միջազգային միությանը 15 օրյա ժամկետում հրավիրել ու անցկացնել միությունների ընդհանուր ժողովներ՝ երկու միությունների միաձուլման մասին ու փոխանցման ակտերը հաստատելու մասին հարցերի օրակարգով: Դատարանին խնդրեցին անվավեր ճանաչել նաեւ 10 անձանց փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագրերը հետեւյալ փաստարկների հիման վրա.

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությանը որպես ընտրողներ մասնակցել են 10 փաստաբաններ, որոնց ՀՀ փաստաբանների միությունը ապօրինի արտոնագրեր է տվել: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ այն անձը, որը հանձնել է որակավորման քննություն եւ ստացել է համապատասխան վկայագիր: Վերջին որակավորման քննությունն անցկացվել է 2001թ.-ի հունվար-փետրվար ամիսներին, հետեւաբար նշված 10 անձինք, որոնց փաստաբանական վկայագրեր են տրվել 2001թ.-ի սեպտեմբերից սկսած մինչեւ 2004թ.-ի օգոստոսը, չէին կարող համարվել փաստաբաններ եւ ընտրելու իրավունքով մասնակցել պալատի ընդհանուր ժողովին: Նշված 10 ապօրինի անդամների մասնակցությունը քվեարկությանը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ թեկնածուների ստացած ձայների միջեւ տարբերությունը 7-ն է:

Ա. Զոհրաբյանը միջնորդեց ՀՀ փաստաբանների միության 10 ապօրինի անդամներին ներգրավել պատասխանող կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ երրորդ անձ ճանաչվեցին 9 փաստաբաններ: Դատաքննության ընթացքում փաստարկվեց, որ ՀՀ փաստաբանների միությունը հիշյալ անձանց անօրինական է արտոնագրեր շնորհել, կատարվածի համար բազմաթիվ հիմնավորումներ ներկայացվեցին՝ սահմանամերձ գոտիներում փաստաբաններ չլինելը եւ այլն:

Նշված պատճառաբանությունները թեպետ չէին կարող արտոնագրերի համար օրինական հիմք ապահովել, սակայն դատարանը մերժեց արտոնագրերն անվավեր ճանաչելու պալատի նախագահի թեկնածու Ռ. Սահակյանի ներկայացուցիչների պահանջը: Դատարանն իր մերժումը «հիմնավորել» է նրանով, որ «Փաստաբանության մասին» նոր օրենքով առանց որակավորման քննություն հանձնելու կարող են արտոնագիր ստանալ 15 տարվա ստաժ ունեցող դատավորները եւ այն անձինք, ովքեր դատական նեկայացուցչություն են իրականացրել: Ընդգծենք, որ դատարանը վեճի առարկա դարձած հարցադրումներին իր վերաբերմունքն արտահայտել է հիմնվելով մեկ՝ «Փաստաբանության մասին» հին օրենքին, մեկ՝ նոր օրենքին հղում անելով, որը դժգոհություն է առաջացրել կողմերի մոտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter