Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

«Լրագրողի համար մարտահրավեր է դարձել իր պատմությունը լավագույնս ներկայացնելը»


Այսօր մեկնարկեց «Թվապատում-2018» մեդիա կոնֆերանսը, որը, ինչպես և նախորդ տարի, տեղի է ունենում Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC – Innovative Solutions and Technologies Center): Կոնֆերանսի հիմնական թեման էր «մարդիկ և մեդիան»: Տարբեր երկրներից հրավիրված մասնագետները ներկայացնում էին մեդիայի նոր հնարավորությունների ու մարտահրավերների, թվային միջավայրում լսարանի հետ հաղորդակցման մասին իրենց մոտեցումները:

«Հետք»-ը ներկայացնում է երկօրյա կոնֆերանսի առաջին օրվա բանախոսների առավել հետաքրքիր մտքերը:

Բարբարա ՄաքՔոմեք - NewseumED. Ազատության ֆորում ինստիտուտի կրթական ծրագրերի փոխնախագահ, ԱՄՆ

«Գնալով ավելի դժվար է լինում հասկանալ, որն է իրական լուրը, որը՝ կեղծ: Ընթերցողների մեծ մասը չի էլ ստուգում նյութի ճշմարտացիությունը: Ինֆորմացիոն գերբեռնվածության պատճառով մարդիկ նախընտրում են առավել դյուրամարս նյութերը և սկսում են նյութեր տարածել՝ առանց դրանց ճշմարտացիությունը ստուգելու»:

«Կարծիքի և լրատվության միջև գծերը շատ աղոտ են, լրագրողները հիմա հանդես են գալիս նաև որպես մեկնաբաններ, և այդ դեպքում ստվերվում է կարծիքի և ռեպորտաժի տարբերությունը: Լրագրողները պետք է փորձեն գրել առանց պիտակների, առանց սենսացիաներին առաջնահերթություն տալու»:

«Մարդիկ չեն սիրում, երբ իրենց թելադրում են: Մեդիագրագիտության աստիճանի բարձրացման համար ավելի լավ է ներքևից վերև աշխատել, կրթական ջանքերի միջոցով հասնել ցանկալի արդյունքի: Ամեն ինչ պետք դպրոցներից սկսվի, իսկ գործը պետք է շարունակեն մշակութային տարբեր հաստատություները»:

«Քաղաքական գործիչները հակված են հավատալ, որ իրենց մասին բացասական լուրերը կեղծ են»:

«Թվապատում-2018»-ի պատումներից մեկի երեք բանախոսները ներկայացնում էին հանրային հեռարձակողներ հանդիսացող լրատվամիջոցներ

Սթան վան Էնգելեն - VPRO-ի (Նիդերլանդների հանրային հեռարձակողգլխավոր խմբագիր

«Նիդերլանդներում մենք բացարձակ անկախ ենք: Մենք հանդիսանում ենք կարևորագույն վերահկող ուժ, որը վերահսկում է նաև իշխանությանը»:

«Մենք չենք թելադրում լսարանին, թե ինչ մտածել, այլ փորձում ենք այնպես անել, որ լսարանը ինքնուրույն իր կարծիքը ձևավորի»:

«Երբ 90-ամյա հեռարձակողը անցում էր կատարում նոր աշխատելաոճի, ամեն դեպքում, դա անում էր հին աշխատանքային կառույցով: Մեր հեռուստաընկերությունում որոշակի խզում կար աշխատակազմի տարբեր ներկայացուցիչների միջև»:

«Հեռուստատեսությունը վաղուց նվազ գերիշող է դարձել: Ժամանակին սոցցանցերին ոչ ոք առաջնահերություն չէր տալիս, իսկ հիմա պատկերը միանգամայն այլ է»:

«Քանի որ գնալով ավելի է բարդանում լրատվամիջոցներում աշխատելը, այդ պատճառով բուն լրագրողական պատմությունը ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում: Լրագրողի համար մարտահրավեր է դարձել իր պատմությունը լավագույնս ներկայացնելը»:

«Մեր գոյության միակ պատճառը լսարանն է»:

«Մենք ուզում ենք հասկանալ բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր ծայրահեղական մտածելակերպ ունեն: Անգամ եթե նրանք քեզ չեն հետաքրքրում, այնուամենայնիվ պետք է փորձես հասկանալ նրանց»:

Բիլ Շրիբման - WGBH TV-ի (PBS ցանցի հեռարձակող) գլխավոր պրոդյուսեր, ԱՄՆ

«ԱՄՆ-ում հանրային մեդիան նման է կորալյան խութի: Հեռվից թվում է մեկ ամբողջություն, բայց երբ մոտենում ես, տեսնում ես, որ կազմված է տարբեր մասերից»:

«Մեր արած ամեն գործ պետք է կրթական արժեք ունենա: Հանրային մեդիայի լսարանի մեծ մասը 50-ից բարձր տարիքի մարդիկ են, դրա համար աշխատում ենք զարգացնել մեր օնլայն տարբերակները: Մեր առաքելությունը հնարավորինս շատ մարդկանց ընդգրկելն է, այդ թվում սոցիալիզացման ցածր աստիճան ունեցողներին»:

«Դասական մեդիագրագիտության գլխավոր պահանջը հետևյալն է. հարցականի տակ դի՛ր, ինչ որ կարդում ես»:

Մարկ Գրիգորյան - Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն


«Հանրային ռադիոյում տեղի են ունենում խորքային փոփոխություններ: Մենք պետք է սովորենք հասկանալ, որ լինել հանրային նշանակում է լինել բոլորինը: Անընդհատ բախվում եմ այն խնդրի հետ, որ ես պետք է բացատրեմ, թե ինչ է նշանակում հանրային ռադիո»:

«Աշխատանքի յուրահատուկ մոտեցման պահանջը բալանսավորված լուսաբանումն է: Պետք է բարձրացնել լրագրողական ինքնագիտակցությունը, որպեսի լրագրողները հաականան, որ իրենք ունեն մասնագիտություն»:

«Քանի որ Հանրային ռադիոն հիմա ավելի շատ ունկնդրում են տարեց մարդիկ, մեր խնդիրը Հանրային ռադիոյի երիտասարդեցումն է կամ մարդկանց մտածելակերպի երիտասարդեցումը»:

«Հեռուստաընկերություններում խոսքի ազատության սահմանափակումներ կային, և դա գիտեն բոլորը, իսկ ռադիոյում չկար, հենց այդ պատճառով ես տեղափոխվեցի ռադիո, քանի որ չէի կարող աշխատել խոսքի ազատության սահմանափակման պայմաններում»:

Միխաիլ Կոզիրև - «Дождь» հեռուստաընկերության պրոդյուսեր, հաղորդավար, Ռուսաստան

«Ռուսական հեռուստաեթերում «Дождь»-ի բերած թարմությունը ցնցում առաջացրեց բոլորի մոտ, մասնավորապես իշխանությունների, որոնք սկսեցին տարբեր միջոցներով ազդել մեր գործունեության վրա»:

«Կեմերովոյի հրդեհը ցույց տվեց, թե Ռուսաստանում ինչպես է ամեն ինչ կառուցված: Եվ ամենասարսափելին այն էր, որ ոչ ոք իր վրա չէր ընդունում ողբերգության պատասխանատվությոնը»:

«Երբ «Дождь»-ը հեռարձակում էր Կեմերովոյի իրադարձությունները, այդ նույն ժամանակահատվածում «Россия» հեռուստաընկերությունը ժամանցային հաղորդումներ էր ցուցադրում»:

Նորա Լիվե - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թվային հաղորդակցման մասնագետ, Շվեյցարիա

«Շվեյցարացիները չեն սիրում անընդհատ պատմել, թե ինչ են անում»:

«Կարմիր խաչը թողարկում է հասարակ տեսանյութեր, առանց որևիցե ձևավորման: Այսինքն՝ մենք ուզում ենք պատմությունեը ներկայացնել առանց ավելորդությունների»:

«Յուրաքանչյուր սոցցանցի դեպքում վարում ենք տարբեր քաղաքականություն: Օրինակ՝ «Թվիթեր»-ում օգտագործում ենք հստակ ուղերձներ, այնպես ենք անում, որ մարդիկ քննարկման մեջ ներգրավվեն»:

«Մեկ անձը իր կյանքում միջինում 5 տարի 4 ամիս անցկացնում է սոցցանցերում: Դա ավելին է, քան մարդը ծախսում է ճաշ պատրաստելու համար»:

«Կարևոր է յուրաքանչյուր հարթակի համար ձևավորել այդ հարթակին համապատասխան կոնտենտ»:


Սա «Թվապատում» շարքի հինգերորդ կոնֆերանսն էր, որի երկրորդ օրը մասնագետները կխոսեն Թավշյա հեղափոխության լուսաբանման, մեդիագրագիտության, տեղեկությունների ստուգման և լսարանի վրա ազդեցության միջոցների մասին: Ինչպես և առաջին օրը, այնպես էլ վաղը՝ կոնֆերանսը տեղի կունենա 10:00-17:00-ն:

«Թվապատում հետաքննություն» կոնֆերանսի մասին՝ այստեղ:
«Թվապատում-2017» կոնֆերանսի մասին՝ այստեղ:

Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։