HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-չինական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: 

Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն այդ հարցում ունի մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին մեր երկրին ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական օժանդակության համար և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ: 

Իր հերթին, Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանը ևս պատրաստ է ջանքեր գործադրել ընդլայնելու, խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում քաղաքական և տնտեսական: Դեսպանը հավելել է, որ եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները լավ հնարավորություններ են տալիս խթանելու տնտեսական փոխգործակցությունը և նշել, որ այդ նպատակով անհրաժեշտ է շարունակել ինտենսիվ աշխատանքները, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում:

Դեսպանը հավելել է, որ ընթացիկ տարվա ընթացքում արդեն իսկ երկու երկրների միջև արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների 41 տոկոսի աճ և հեռանկարային համարել կապերի զարգացումը արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Միաժամանակ, Թիան Էրլունն ընդգծել է, որ հաջողությամբ ընթացքի մեջ են Երևանում չինական դպրոցի կառուցման աշխատանքները, իսկ աշնանը մեր երկրին կհատկացվի շուրջ 200 շտապ օգնության նոր ավտոմեքենաներ: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter