HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Տաթեւիկ Մելքոնյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  դերասանուհի Տաթեւիկ Մելքոնյանն է։

Տաթեւիկ Մելքոնյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Կուզեի Տատայի հետ ավելի շատ շփվել։ Իր հետ դժվար եմ խոսում․ երեւի ինչ-որ վախեր ունի ինքը։ Չեմ կարող ասել, որ ազնիվ չի շփվում հետս, բաց այդ շփումը սահմանափակ է։ Դա ինձ ընդհանրապես չի խանգարում սիրել իրեն։

Որոշ թեմաներից խուսափում է, որովհետեւ երեւի ցավոտ են։ Չեմ էլ ուզում իրեն ճնշել․ զգում եմ, որ խխունջի պես հարմարվել է ինչ-որ մի տեղ ու չի ուզում՝ իրեն ձեռք տան։ Գուցե նաեւ նրանից է, որ այն տարիքում, երբ սովորաբար արդեն «ես»-իդ ես ուշադրություն դարձնում, ինքը հայտնվել է լրիվ օտար միջավայրում ու ամեն կերպ թաքցրել է իր վախերը, որ հանկարծ չկորչի։ Այդ ժամանակը հետք է թողել իր վրա։

Ամենաանհանգստացնողն ասացի, չգիտեմ՝ էլ ինչ ասեմ․հարմարվել ենք, մի քիչ էլ, եթե խորանամ, արդեն կկոպտի։

Ֆեյսբուքում ինչու՞ ես Տամաո Սերիձավա անունով։

Չէի ուզում շատ մարդ գտնի ինձ։ Զուտ սոցիալական ցանցերի նկատմամբ ունեցածս վերաբերմունքն է պատճառը։ Տամաոն Տակասի Միիկեի ֆիլմի հերոսն է, ով պայքարող տեսակ է, բայց վերջում իրական հաղթանակի փոխարեն միայն բարոյական հաղթանակ է տանում։

Ծնվել ես Կիրովականում։

Հա, մինչեւ 11 տարեկան այնտեղ եմ ապրել, հետո մեկնել ենք Ռուսաստան, 1998թ․-ին, երբ Ռուսաստանում ավարտեցի առաջին կուրսը, եկա Երեւան հանգստանալու ու որոշեցի, որ այլեւս հետ չեմ գնում։ Մանկության տարիներին, իհարկե, շատ բան չէի կարող վերլուծել, բայց այդ տարիները համընկել են երկրաշարժի, «Պերեստրոյկայի» հետ։

Վերջին շրջանում միջավայրային զրույցների ընթացքում քննարկվում է այն հարցը, որ Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարը դու կարող ես լինել։ Նույնիսկ քո ֆեյսբուքյան էջում մեկնաբանություններ տարածվեցին այդ առիթով։

Երեւի սկսեմ պտտվող լուրերի շուրջ իմ վերաբերմունքից․ առհասարակ որեւէ թատրոնի գեղարվեստական ղեկավարի դերում ինձ չեմ պատկերացնում։ Թող ինձ ներեն այն մարդիկ, ովքեր լրջորեն առաջ են քաշել իմ թեկնածությունը, բայց այդ լուրը լսելուց հետո առաջին ռեակցիաս ծիծաղն է եղել։ Կարճ ասած՝ ես լուրջ չեմ վերաբերվում այդ լուրին։

Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուսական թատրոնին․․․ Հիմա գուցե ավելորդ բան ասեմ, բայց կարծում եմ, որ այդ թատրոնում առաջնայինը գեղարվեստական ղեկավար ունենալու խնդիրը չէ․ այդտեղ նախ ռուս դերասաններ պիտի լինեն, ապա նաեւ ռուս կամ ոչ հայկական միջավայրից ռեժիսորը, գեղարվեստական ղեկավարը, ով հանգիստ «կքանդի» ու նորից կսարքի այդ թատրոնը։

Ժամանակին ռուսական թատրոն ունենալու «անհրաժեշտության» քաղաքական-մշակութային բացատրություններով կարելի էր հիմնավորել։ Ի՞նչ ես կարծում՝ այսօր ռուսական թատրոնի անհրաժեշտության մասին։

Գուցե մեծ-մեծ բաներ եմ խոսում, բայց քանի հարցնում ես, կարծիքս ասեմ․ մտածում եմ, որ այդ թատրոնը կարող է լինել հայ-ռուսական, քան որ մենք այլեւս չունենք այն մեծ լսարանը, որ առաջ կար։ Անհրաժեշտությունը․․․ Չգիտեմ։ Դժվար է մեկնաբանելը, որովհետեւ ինքս տարիներ առաջ այդ թատրոնում աշխատել եմ ու հենց այն պատճառով, որ ռուսական միջավայրն է դուրս եկել։

Եթե շատ սուբյեկտիվ իմ կարծիքն ասեմ, ապա չէի ցանկանա, որ կորցնենք թատրոնը, որովհետեւ ռուսական մշակույթը շարունակում է գրավել ինձ․․․ Բայց այդտեղ այդ մշակույթից շատ քիչ բան է մնացել, քչերն են կարողանում լավ ռուսերենով խոսել։ Այդ դեպքում իմատը ո՞րն է, երբ հայ դերասանը վատ ռուսերենով խաղում է ռուսական թատրոնում։

Դու մասնագիտությամբ տիկինիկային թատրոնի դերասան ես։ Ինչու՞ որոշեցիր բեմադրություն անել։

Ըստ երեւույթին ցանկությունը միշտ եղել է, բայց լուրջ չեմ վերաբերվել։ Փորձել եմ ու միշտ կիսատ թողել։ Երեխայի ծնվելուց հետո թատրոնում քիչ էի խաղում, երեւի դատարկությունը լրացնելու համար բեմադրության գնացի։ Չնայած հստակ չի այս պատճառը, որովհետեւ հիմա եմ փորձում վերլուծել։

Ու ընտրեցիր «Ես Ֆեյերբախն եմ» պիեսը։

Գործը պատահական եմ գտել․ կարդում էի պիեսներ, նյութեր էի ուսումնասիրում։ Այս պիեսը միակն էր, որ մի շնչով կարդացի, որ առաջին տողից գրավեց ու հասկացա, որ չեմ կարող չբեմադրել․․․ Մանավանդ, երբ կար նաեւ Արամի պես դերասանը, ով սկզբից հրաժարվեց դերից՝ պատճառաբանելով, որ հանդիսատեսին այդքան էլ հետաքրքիր չի լինի դերասանի ներքին աշխարհը, որն ամբողջ պիեսի ընթացքում խոսքի միջոցով է արտահայտվում։

Չգիտեմ՝ ինչու, բայց ներքին վստահություն ունեի, որ հենց դա էլ հետաքրքրելու է հանդիսատեսին։ Չսխալվեցի։ Ամեն դեպքում, եթե Արամը չլիներ, բեմադրությունը չէր լինի։ Ես Ռուսական թատրոնում էի տեսել իրեն տարիներ առաջ եւ նման այլ դերասանի չեմ հանդիպել։ Ինձ համար կատաստրոֆիկ էր այն, որ ինքն այլեւս չի խաղում։

Իհարկե հատուկ չէր Արամին «բեմ վերադարձնելու» միտքը, բայց Արամին այդ նյութին չկապելը հանցագործություն կլիներ։

Ու հիմա դու Արամի հետ խաղում ես նույն բեմում։ Առաջին բեմադրությունից հետո, որտեղ դու ռեժիսորն էիր, ինքը՝ դերասանը, հիմա երկուսդ էլ որպես դերասաններ ընդգրկված եք այլ մի ներկայացման մեջ։

Ճիշտն ասած վախ կար, որովհետեւ այդտեսակ դերասանի հետ խաղալու մասին, երբ մտածում ես, կարծում ես, որ ստվերում ես մնալու։ Մարդիկ ինձ հույս են տալիս՝ ասելով, որ այդպես չէ․․․ Թե Արամի, թե Միկայի հետ աշխատում ենք հիմա, եւ ես իրենց մասշտաբը հասկանում եմ։ Ազնվությամբ եմ ասում, որ իրենց հետ աշխատելը գերագույն հաճույք է, իրենք այն մարդիկ են, ում հետ պիտի միշտ լինես, ում հետ միշտ առողջ ստեղծագործական մթնոլորտի հնարավորություն կա, հիմքեր կան, որոնք անփոխարինելի են դառնում։

Մի հարց կա, որ «Բալկոնի» բոլոր զրուցակիցներիս տալիս եմքո ու Հայաստանի հարաբերությունները։

Երբ մեկին շատ ես սիրում, արդեն բարդ հարաբերություններ են առաջ գալիս։ Հայաստանը սիրում եմ շատ։ Միայն այն, որ Ռուսաստանից եկա եւ չկարողացա վերադառնալ, արդեն շատ բան է ասում։ «Չկարողացա» բառն ասում եմ իր ամբողջական իմաստով․ այնտեղ՝ Ռուսաստանում, լավ համալսարանում էի սովորում, շատ լավ շրջապատ ունեի, անտեսված չէի, բայց հասկացա, որ գնալ չեմ ուզում։ Առանց Հայաստանի չեմ կարողանում․ այդպես սահամանենք հարաբերության մեր ձեւը։

Վերջին երկու ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ի՞նչ կասես։

Հեղափոխությա՞ն մասին․․․

Եթե հեղափոխություն ես ասում, ուրեմն՝ հեղափոխության։

Իմաստային առումով տերմինի մեջ չեմ խորացել․ ասում են «հեղափոխություն», ես էլ եմ այդպես ասում։ Վախենում եմ խոսել մի բանի շուրջ, ինչից գլուխ չեմ հանում․․․ Իսկ ես կատարվածից գլուխ չեմ հանում։ Ամեն դեպքում մի բան կարելի է ֆիքսել․ մարդիկ ոգեւորությունը ճիշտ ուղու վրա պիտի դնեն, որպեսզի ագրեսիայի չվերածվի։

Ագրեսիա՞ կա։

Զգում եմ, հա։ Գուցե Ֆեյսբուքով եմ հիմա չափում ու նկատում եմ ագրեսիան, որն ինձ դուր չի գալիս։ Ինքս մեծ ակնկալիքներ ունեի ու հիմա փորձում եմ հասկանալ, թե ինչ ենք անում․ յուրաքանչյուրիս գործն է չտապալել այն, ինչ եղավ․․․ Բայց վտանգ զգում եմ։ Ավելորդ սխալ քայլ չանելու համար պիտի սթափ նայել իրավիճակին։ Էլի եմ ասում՝ գլուխ չեմ հանում, ու, եթե մեկն ինձ բացատրի՝ ինչ կատարվեց կամ ինչ է կատարվում, գուցե կարծիքս կարողանամ հստակ ասել։ Հիմա ասածներս զգայական մակարդակի վրա են։

Թատրոնում․․․

Ռեստարտ է պետք․ հինգ տարին մեկ, երկու տարին մեկ, ժամանակ առ ժամանակ գլխի վրա պիտի շուռ տալ, թափ տալ, որ չմեռնի։

Որպես ստեղծագործող մարդ՝ քեզ խանգարող հանգամանքնե՞ր կան։

Ինձ թվում է՝ գտնվում եմ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Խանգարող հանգամանքներն ինձ միայն ոգեւորում են։ Հնարավոր է՝ պնդաճակատ եմ, բայց դա ինձ դուր է գալիս։ Մինչեւ մեջդ մի բան չեռա, դժվար մի բան ծնվի։ Այդ պրոցեսում խանգարող հանգամանքներ կարող են լինել, բայց դա ինձ չի կոտրում։

Տեքստի, նյութի հետ ունեցած առնչության մասին ի՞նչ կասես։

Երեխայական անվախությամբ եմ վերաբերվում տեքստին, պիեսին, նյութի հետ աշխատելիս տապալումների մասին չեմ մտածում եւ, եթե մտածում էլ եմ, վախ չկա։

Ներկայացումից առաջ հուզմունք կա։ Ներկայացումից հետո էլ միանգամից հանգստանալ չեմ կարողանում։ Օրինակ հիմա «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացումից հետո ունեցած դողս չի անցնում, մինչեւ չքնեմ։ Ինչ-որ  չբավարարված բան է մնում, բայց ոչ այն իմաստով, որ կարող էի ավելի լավ խաղալ, չէ՛․․․Մի կողմից երեւի լավ է, որ կերպարդ հնարավորինս վերլուծել ես, ապրել ես, բայց մի բան կա, որի պատասխանն այդպես էլ չես գտնում։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս նոր մի այդպիսի հարց կա, որի պատասխանը չունես, քանի չես խաղացել։

 «Я здесЪ» ներկայացումն արժանացավ ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի թատերական 3-րդ ֆորումի գրան-պրիին։ Որպես ներկայացման ռեժիսոր ինչպե՞ս ես վերաբերում այս գնահատականին։

Ինձ համար շոկ էր, որովհետեւ արդեն սովոր եմ, որ այստեղ նման մրցանակներ չեմ ստանում եւ վաղուց արդեն նորմալ եմ համարում դա։ Չեմ սեթեւեթում հիմա, որովհետեւ այդ մրցանակների համար չէ, որ աշխատում եմ։ Գրան-պրին շոկ էր ուղղակի այն առումով, որ աշխատանքդ դրսում են նկատել։

Այստեղ, իհարկե, կան մարդիկ, ում կարծիքն ինձ համար մեծ նշանակություն ունի, ինչպես օրինակ Ռուբեն Բաբայանի կարծիքն է, եւ, երբ ինձ համար կարեւոր մարդկանց կարծիքին գումարվում է նաեւ դրսի գնահատականը, սկսում եմ մտածել, որ մի բան ստացվել է։

Ինձ համար հիմա էական է այն, որ այս գրան-պրիի շնորհիվ մասնակցելու ենք Չեխովյան միջազգային թատերական փառատոնին, թե չէ մրցանակն այսօր նշանակություն ունի, վաղը չի ունենա։

 «Я здесЪ»-ը նայել եմ երեք անգամ։ Տպավորությունս այնպիսին էր, որ խիստ դետալային ես աշխատել, պրոցեսը դանդաղ է եղել։ Հիմա, երբ հետդ խոսում եմ, զգում եմ, որ շատ արագ ես ձեւակերպումների հարցում։

Երբ ոգեւորովում եմ, արագ եմ խոսում։ Այնպես է, որ ոգեւորությունից, ջղայնությունից փորձերի ժամանակ էլ արագություն ու տեմպ է մտնում, բայց ոչ հաճախ․․․ Արամի հետ հատկապես անհնար է մանրամասն չաշխատելը։

Ժամանակակից հայերենը, որով կառուցվում են դիալոգներ, մենախոսություններ, բարդություններ ունի՞։ Առհասարակ հայերեն տեքստի հետ կապված դիտարկումներդ։

Գուցե վատ հնչի, եթե ասեմ, որ չկա այն դրամատուրգիական տեքստը, որին սպասում եմ, չնայած որ բոլորի գործերին չէ, որ ծանոթ եմ եւ դեռ ուսումնասիրելու շատ նյութ կա։ Համենայնդեպս, մինչեւ այսօր չի եղել այն պիեսը, որն ուզենայի բեմադրել։

Խնդիրների մասին շատ մեկնաբանել չեմ կարող, բայց կարծում եմ՝ անսահման «լուրջ» լինելը մեզ խանգարում է։ Տես՝ օրինակ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» պիեսում ողբերգությունը, ցավը լրիվ ուրիշ ձեւով է ներկայացված։ Չգիտեմ՝ կարողանում եմ բացատրել, թե ինչ ի նկատի ունեմ «լուրջ» ասելով, բայց դա հենց այն է, ինչ ինձ վանում է։

Ինչ վերաբերում է հայերենին առհասարակ․ հստակ կարող եմ ասել, որ հայերենի նկատմամաբ թերահավատ վերաբերմունքն ինձ հունից հանում է։ Ես չափից շատ եմ սիրում հայերենը ու բացարձակ համաձայն չեմ այն մտքերի հետ, թե մեր լեզուն ճկուն չի, բառերը երկարաշունչ են, դժվար են արտաբերվում, դժվար է բեմադրվում․․․ Հիմա վերլուծում ու հասկանում եմ, որ դասավանդելու ընթացքում օր օրի արժեւորում եմ լեզուն (Թատերական ինստիտուտում բեմական խոսք եմ դասավանդում), հասկանում եմ՝ ինչ հարուստ է, ինչ գեղեցիկ։ Օտարազգիներին միշտ հարցնում եմ՝ ինչպիսի տպավորություն է գործում հայերենը, արդյոք ագրեսիվ է, տգեղ է հնչում․ չեմ հանդիպել մեկին, ով ասի, որ ագրեսիվ կամ տգեղ լեզու է։

Վերաբերմունքի հարցն առհասարակ կարեւորու՞մ ես։

Փորձում եմ լուրջ չվերաբերել «վերաբերմունքին»։ Հաճույք եմ ստանում ստեղծագործական պրոցեսներից, հաճախ զարմանում, որ մեջիցս դուրս եկավ մի բան, որի մասին չէի էլ եզրակացնում։ Եթե հաճույք չես ստանում արվեստից, պետք չի դրանով զբաղվել։

Իմպրովիզը․․․

Եթե իմպրովիզ է, ոչ թե մեծամիտ հիմարություն, ուրեմն միանշանակ լավ է։ Ես կարող եմ խոսել իմ միակ ներկայացման օրինակով․ Արամն ու Միկան դա անում են հրաշալի, որովհետեւ իրենց դեպքում ուղղակի իպրովիզ չի․ իրենք ապրում են այդ պահը եւ պահի ազդեցության տակ ճիշտ իմպրովիզի են գնում։

Հետաքրքիր է, որ զրույցի ընթացքում պաշտպանական նախաբանները գերակշռում են՝ «գուցե սխալ կհնչի», «գուցե սխալվեմ», «մեծամտություն է»․․․ Բեմադրելիս նման մտքեր պտտվու՞մ էին։

Հա, լինում էր այդպես․ գուցե չափից շատ բաց եմ, դրանից է, շատ հաճախ կարող եմ այդկերպ մարդուն վիրավորել։ Հիմա հարցդ տվել ես, նորից վերլուծում եմ։ Հենց  «Я здесЪ»-ի փորձերի ժամանակ եղել է նման բան։ Մի փորձ է եղել նույնիսկ, երբ մտել եմ ներս ու ասել․ «էրեխեք, էսօր չգիտեմ՝ ինչ անեմ․ մտածեցի, ոչ մի բան չգտա, եկեք աշխատենք»։

Այս տեսակ բաց լինելը կարեւորում եմ, չնայած կարծում եմ՝ ռեժիսորն իրեն նման բան պիտի թույլ չտա․․․ Իսկ ես ինձ ռեժիսոր չեմ համարել։

Ամեն դեպքում հիմա կան հաստատական նախադասություններ, որոնք ասում եմ, բայց գիտեմ, որ կկարդամ ու ինձ հարց կտամ՝ իրոք այսպես ես մտածում։ Երբ երկար-բարակ չես մտածում, գուցե ազնիվ ես, բայց հետո, երբ կարդում ես արտահայտածդ միտքը, հարցնում ես քեզ․ «փաստորեն այսպիսին ես, հա՞»։

Առաջին անգամ, երբ  «Я здесЪ»-ը եկա նայելու, զարմացա, որ հանդիսատեսի համար նախատեսված տեղերի քանակը խիստ սահմանափակ է՝ երեք շարք ընդամենը։

Պիեսը գրված է այնպես, որ դասական ձեւաչափով հանդիսատեսն իր տեղում է՝ դահլիճում, դերասաններն իրենց տեղում՝ բեմում։ Ես հասկացել էի, որ այդպես չի կարող լինել, ու ամբողջ տարածքը պիտի դերասանների տրամադրության տակ լինի։ Երբ այդ հարցը ծագեց,  հանդիսատեսի համար նախատեսված տեղն իսկապես խնդիր դարձավ․ հասկացա՝ թող քիչ լինեն ու նստեն այնտեղ, որտեղից չեն խանգարի։

 «Я здесЪ»-ից հետո շատերն սպասում են նոր բեմադրության։

Հա, այդ հարցը շատ է եղել, թե արդյոք նոր բեմադրության միտք չունեմ։ Գիտե՞ս՝ նման է այն հարցին, թե բա երկրորդ երեխան երբ ես ունենալու։ Իմ հոգեվիճակն այսպիսին էր․  «Я здесЪ»-ից հետո բեմադրել չէի ուզում, դրա փոխարեն մեծ էր նորից խաղալու ցանկությունս։ Երբ հանձնեցի ներկայացումը, մի տեսակ «օդում» մնացի։ Հասկացա, որ շնչակտուր եմ լինում, որ դերասանների հետ ես էլ եմ վերջում ուզում բեմ բարձրանալ ու խոնարհվել։

Բեմադրություն դեռ չեմ անի, բայց Թատերական ինստիտուտի «բեմական խոսք» քննությունը լինելու բեմադրության պես մի բան, քանի որ ուզում եմ ամեն մեկն իր դերը մինչեւ վերջ տանի։ Դա լինելու է խոսքի թատրոն․ վախենում եմ անվանել ներկայացում, քանի որ չգիտեմ՝ վերջում ինչ դուրս կգա։

Դասավադանելը կարեւորում ես․․․

Հա․․․Առհասարակ  ինչ անում եմ, ուրեմն կարեւորում եմ։ Սարսափելի մեծ պատասխանատվություն է, որովհետեւ 16 հոգու կյանքի հետ գործ ունես, շատ զգույշ պիտի լինես։

 «Я здесЪ»-ն արդեն երրորդ տարին է՝ շարունակում է մնալ խաղացանկում։ Ամեն անգամ դիտու՞մ ես։

Այլեւս ոչ։ Երբ հասկացա, որ ադեկվատ չեմ նայում, որ այլեւս իմը չի, այլ դերասանինն է, որոշեցի չխառնվել։ Գրան-պրիի ժամանակ նորից նայեցի, զգացի, որ որոշ բաներ փոխված են, բայց նորից չեմ միջամտի հենց այն պատճառով, ինչն արդեն նշեցի։

Ուզում եմ ամփոփենք այսպեսկա՞ հարց, որ դու ինքդ քեզ տալիս ես ու ուզում ես դիմացինդ տա քեզ այդ հարցը։

Ինձ երբեք չէին հարցրել իմ ու Հայաստանի հարաբերության մասին․ այս հարցն ինձ հուզել է։ Չեմ խոսել դրա մասին, իսկ այդ հարաբերություններն իսկապես բարդ են եղել, եղել է ժամանակ, երբ մեկնելու ցանկություն եմ ունեցել։ Եղել է եւ այնպես, որ մեկնել եմ, ինչպես օրինակ Սանկտ-Պետերբուրգ, ընդունվել թատրոն, բայց էլի հետ եկել։ Ամեն դեպքում, եթե մի բան սիրում ես, երբեք դրանից հրաժարվել չի լինի։

Անջատում եմ ձայնագրիչը, լռություն է։  Դադարից հետո շարունակում ենք խոսել։

Այս մասին հարցազրույցում նշում պիտի անեմ։ Արի միացնեմ ձայնագրիչը, ու նորից պատմի այս պատմությունը։

Հա, խոսում էինք երիտասարդ դերասաններից, հետո խոսեցինք, որ «աստղայինը» կարող է տանել, ու դա վատ է․․․ Հետո սկսեցի պատմել քեզ իմ «աստղային ժամի» պատմությունը։

Իմ շատ սիրելի ուսուցիչը, իմ վարպետը՝ Ռուբեն Բաբայանը, հանեց ինձ թատրոնից։ Դա վաղուց էր, երբ ես նոր էի ավարտել, ինձ «մեծ» դերասանուհի էի զգում, տարբեր թատրոններից հրավերներ էի ստանում, եւ ինձ թույլ էի տալիս ներկայացումից 10 րոպե առաջ զանգել ու ասել, որ չեմ գնալու։

Այդ ժամանակ ինձ թվում էր՝ այնքան չգնացի, որ իրենք էլ դադարեցին զանգել, ու այդպես բնականոն թատրոնից հեռացա։ Հասկանու՞մ ես՝ ինձ թվում էր՝ ես եմ հեռացել։ Երբ դրանից երկու տարի անց Զառայի եւ Նարինեի հետ որոշեցինք բեմադրություն անել, Զառան ակնարկեց Բաբայանի՝ թատրոնից ինձ հեռացնելու մասին։ Զարմացած էի, որովհետեւ մինչ այդ չէի մտածել, որ ինձ հեռացրել են։

Դրանից հետո ոչ մի փորձից չեմ ուշացել, ոչ մի խոչընդոտ չեմ ստեղծել։ Հիմա հասկանում եմ, որ այն ժամանակ թատրոնից ինձ հեռացնելը շատ կարեւոր ազդեցություն է ունեցել եւ միանշանակ պետք էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter