Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Տարոն Մարգարյանի նախկին օգնականի ընկերությունը պետությունից խոշոր չափի գումար է հափշտակել



Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախկին օգնական Արմեն Բունիաթյանին պատկանող «Ռոբերտ-Տարոն» ընկերությունը 2015-2018 թվականների հունիսին պետությունից խոշոր չափի հափշտակություն է կատարել: «Ռոբերտ-Տարոն» ընկերության՝ պետությունից կատարած հափշտակության դեպքը բացահայտել է ոստիկանությունը:

Չնայած Բունիաթյանը այս ընկերությունից դուրս է եկել այս տարվա մարտին, սակայն նա 2010-2018 թվականների մարտ եղել է այս ընկերության սեփականատեր:

Բունիաթյանը աշխատանքից ազատվել է ավելի քան երկու ամիս առաջ, իր դիմումի համաձայն: Այս մասին «Հետք»-ին փոխանցեց Երևանի  քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Աշխատանքից դուրս գալու հետ մեկտեղ Բունիաթյանը նաև դուրս է եկել այս ընկերությունից:

«Ռոբերտ-Տարոն»-ը իրականում պատկանում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն գրանցված  է այլ անձանց անունով: Քաղաքապետ Մարգարյանը եւս երկու տարի շարունակ եղել է այս ընկերության սեփականատեր:

Հափշտակություն՝ տեխնիկական զննման կեղծ կտրոնների միջոցով

Հունիսի 14-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող 12 ընկերություն ապօրինություններ է կատարել:

Ոստիկանությունը պարզել է, որ այդ ընկերություններն ապօրինի վարձատրվող «գործակալների» միջոցով կազմել և կնքել են ավտոմեքենաների տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոններ և արատորոշման քարտեր:

Նրանք, 2015թ. հունվարից մինչև 2018թ. հունիս ընկած ժամանակահատված, առանց պարտադիր տեխնիկական զննում կատարելու, կնքել և կազմել են զննության կայան ներկայացվող կտրոններ և արատորոշման քարտեր՝ առանց մեքենաների փաստացի տեխնիկական զննում անցկացնելու: Ոստիկանության հաղորդմամբ՝ այս ամենը կազմակերպվել է տեխնիկական զննում կատարելու և կտրոն ստանալու համար նախատեսված՝ 5500-ից 10.500-ական դրամ գումարները հափշտակելու դիտավորությամբ:

Դրանից հետո կազմակերպությունների տնօրենները նշված փաստաթղթերը որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող փաստաթղթեր, ներկայացրել են ֆինանսների նախարարություն և խաբեությամբ, չկատարված աշխատանքների դիմաց պետական բյուջեից հափշտակել խոշոր չափերի հասնող շուրջ 1 մլրդ 31 մլն դրամ: Ոստիկանությունը չի մանրամասնել, թե որքան է կազմում յուրաքանչյուր ընկերության կատարած հափշտակության չափը: Այդ իսկ պատճառով «հստակ չենք կարող նշել, թե քաղաքապետի նախկին օգնականի ընկերությունը պետությունից որքան գումար է հափշտակել:

Արմեն Բունիաթյան

Ընկերություններն այս գործընթացը կազմակերպելու համար օգտագործել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրենց տրամադրած «Տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման» լիցենզիան:

Ինչպես նշեցինք, այդ 12 ընկերություններից մեկն էլ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն է: Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին ներկայիս ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի կողմից, ապա 2008-2010 թվականներին ընկերության սեփականատերը եղել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նշենք, որ Ռոբերտ Սարգսյանը Տարոն Մարգարյանի աներձագն է: Արդեն 2010 թվականից մինչ այս տարվա մարտ ամիս ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանել է քաղաքապետի օգնական Արմեն Բունիաթյանին, ով աշխատանքից դուրս գալու հետ մեկտեղ դուրս է եկել նաև ընկերությունից, և դրա սեփականատեր է դարձել Եղիշե Ավագյանը: 

«Ռոբերտ-Տարոն» ընկերությունը նաև ծառայություն է մատուցում իր նախկին սեփականատերերին

Գնումների հաշվետվողականության armeps.am համակարգից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետարանը ապրիլի 12-ին այս ընկերության հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել:

Մեկ միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով ընկերությունը պարտավորվել է մինչեւ դեկտեմբերի 25-ն իրականացնել ավտոմեքենայի վարձակալության ծառայություն՝ ըստ Ավան վարչական շրջանի աշխատակազմի կողմից ներկայացված հայտերի՝ ապահովելով բարձրակարգ սպասարկում: Ենթադրվում է, որ ընկերությանը պատկանող տաքսի ծառայության մեքենաները պետք է վարչական շրջանի աշխատակազմի համար ուղևորափոխադրում իրականացնեն՝ առնվազն 2005 թվականի արտադրության ավտոմեքենաներով:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (4)
1. Լուսիկ19:01 - 17 հունիսի, 2018
Օղակը սեխմվում է:
2. Խաչիկ10:24 - 18 հունիսի, 2018
Հետ բերեք ամբողջ թալանված փողերը և կտեսնեք թե ինչպես ենք ապահովում թռիչքային տնտեսական աճ, որին այդքան չի հավատում շարմազանովն իր պապաների հետ:
3. Կարինե Մարգարյան19:51 - 18 հունիսի, 2018
Մարդ էս տարոնին նայում է կարծում է դեռ ոչինչ չի փոխվել ու դեռ գաղճ մթնոլորտն ենք շարունակում շնչել։ Սրանից օր առաջ ազատվել է պետք, քանի դեռ չի շարունակել գռփել աջուձախ
4. Lori22:02 - 23 հունիսի, 2018
Nail all of them. Shame on these criminals who steal from their own people.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ