ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հայ ֆիզիկոսները հին սենյակներում նոր գյուտեր են անում, սուղ միջոցների պատճառով էլ ստիպված են սարքերը սեփական ձեռքերով պատրաստել


ԳԱԱ ինստիտուտների մասին հոդվածաշարում այս անգամ անդրադարձել ենք ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի մեջ ներառված Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտին (ՖԿՊԻ):

Այն հիմնադրվել է 1980 թվականին Երեւանում: Հիմնադիրն ու առաջին տնօրենը եղել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը: Հիմա հաստատության ղեկավարը նրա եղբորորդին է՝ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը, ով այստեղ աշխատում է ստեղծման օրվանից: Ա. Մկրտչյանը պատմում է, որ նախատեսված էր ինստիտուտը կառուցել մոտ 3000 քմ տարածքի վրա, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ֆինանսավորումը դադարեցվեց, ու նախատեսվածի մի մասը կառուցվեց, այժմ ընդհանուր տարածքը 1000 քմ է:

* Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

ՖԿՊԻ-ն զբաղվում է ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրներով: Ժամանակին այն համարվում էր փակ գոտի, ամեն ոք չէ, որ կարող էր մուտք գործել այս շենք. ՖԿՊԻ-ն համագործակցում էր ԽՍՀՄ պաշտպանության ոլորտի հետ:

Ինստիտուտը նախկինում նաեւ գործարան ուներ: Դա հնարավորություն էր տալիս կիրառական արտադրանք ունենալ: Գործարանը գտնվում էր Կապանի Լենհանքեր թաղամասում, իսկ հիմնական մասնաշենքը՝ քաղաքի Շահումյան փողոցում: 1990-ականների պատերազմի ժամանակ ադրբեջանցիների ռմբակոծության հետեւանքով երկու շենքերն էլ վնասվել են, սակայն գործարանը միայն 2000-ին է փակվել: Հիմա ընդամենը 6 աշխատակից կա Կապանում, որոնք հիմնականում շենքերի պահպանությամբ են զբաղվում: Գործարանի հնարավոր վերագործարկման մասին խոսելիս տնօրենն ասում է, որ մարդն ավելի մեծ հարստություն է, քան գործարանը, որն, իհարկե, նույնպես իր դրական կողմն ունի: Գիտությունից մարդիկ հեռանում են: Հիմա փնտրում է երիտասարդ խառատ, բայց չի գտնում, բոլորը, ըստ նրա, 65 տարեկանից բարձր են եւ չեն համաձայնի ցածր աշխատավարձով աշխատել:

Սերնդափոխություն, ֆինանսներ, տեխնիկա

Ա. Մկրտչյանը նշում է, որ խնդիրները շատ են, բայց դա բնորոշ է ոչ միայն իրենց ինստիտուտին. Հայաստանում գիտությունը մահանում է, 10 տարի հետո, ըստ դոկտորի, հնարավոր է, որ ընդհանրապես գիտություն չունենանք: Գիտության ոլորտում լրջագույն խնդիր է համարում սերնդափոխությունը, քանի որ գրեթե բոլոր ինստիտուտներում գիտաշխատողների հիմնական մասը 60-ն անց է: Հռետորական հարց է տալիս, թե 10 տարի անց երիտասարդներին ով է փորձ ու գիտելիք փոխանցելու: ՖԿՊԻ-ում երիտասարդ գիտաշխատողները 36 տոկոս են: 

Ահա ինստիտուտի՝ պետբյուջեից ֆինանսավորման ծավալները: Տվյալները վերցված են պետական բյուջեի մասին օրենքների հավելվածներից (տարեվերջին թվերը սովորաբար փոփոխված են լինում): Բազային ֆինանսավորման մեջ են մտնում ենթակառուցվածքի պահպանման եւ զարգացման, ինչպես նաեւ հիմնարար եւ կարեւորագույն կիրառական հետազոտությունների տողերը:

ՖԿՊԻ
Infogram

Տնօրենի փոխանցմամբ՝ ՖԿՊԻ-ն Հայաստանում առաջիններից էր, որ դրամաշնորհ է ստացել: Այն ժամանակ՝ 1996-ին, այդ գումարն ինստիտուտի բյուջեից երկու անգամ ավելին էր: Բայց, ասում է, դրամաշնորհային ծրագրերում ընդգրկված երիտասարդներն սկսել էին սովորել այդ գումարներին, ու երբ ծրագրերն ավարտվեցին, նրանք հեռացան ՖԿՊԻ-ից՝ տեղափոխվելով արտասահման:

Միաժամանակ Ա. Մկրտչյանը կարծում է, որ երբ գիտնականը զբաղվում է դրամաշնորհային ծրագրով,  ինստիտուտի ընդհանուր օրգանիզմից դուրս է մնում: Նրա համոզմամբ՝ այս խնդիրը լուծելու համար պետությունը պետք է ապահովի գիտնականին:

Նախքան երկրի անկախացումը, ըստ տնօրենի, 700-ից ավելի աշխատակից ունեին, հիմա շուրջ 210-ն են: Առհասարակ համեմատություններ անելը, նրա համոզմամբ, տեղին չէ, քանի որ երկու տարբեր հասարակարգեր են եղել: Այն ժամանակ գիտության առաջ ուրիշ խնդիրներ էին դրված, իսկ հիմա՝ պայքարի, գոյատեւման:

Ահա ՖԿՊԻ-ի ֆինանսավորման համառոտ պատկերը, աշխատակիցների թիվը վերջին տարիներին, նրանց նվազագույն եւ առավելագույն աշխատավարձերը: Տվյալները տրամադրել է տնօրեն Արտակ Մկրտչյանը: Վերը նշեցինք, որ պետբյուջեի հավելվածների թվերը տարեվերջին սովորաբար փոփոխված են լինում, այնպես որ տարօրինակ չպիտի համարել դրանց եւ ստորեւ ներկայացվող ֆինանսավորման ցուցանիշների որոշակի տարբերությունը:

Այս տարի գիտության ֆինանսավորման կրճատումը ազդել է նաեւ այս ինստիտուտի վրա: Սկզբում տնօրենը ստիպված է եղել աշխատակիցներին կրճատել, բայց հետո տնտեսական ծախսերն է նվազագույնի հասցրել ու աշխատողներ ընդունել:

Ինստիտուտն ունի 14 լաբորատորիա, որոնք տեղակայված են Երեւանում, Կապանում, Մեղրիում եւ Ստեփանակերտում: ՖԿՊԻ-ն Ռուսաստանի եւ Իտալիայի գիտական հաստատությունների հետ ունի նաեւ 5 միջազգային համատեղ լաբորատորիա: Առաջիկայում եւս մեկը կունենան Անգլիայի հետ:

1989 թվականից ՖԿՊԻ-ն նոր սարքավորումներ չի գնել, քանի որ ֆինանսը չի բավարարում, փոխարենը անհրաժեշտ սարքերը պատրաստում են աշխատակիցները, ինչում համոզվեցինք ինքներս:  

Սեփական ձեռքերով

Արտակ Մկրտչյանը մեր զրույցի ընթացքում հոգատարությամբ է խոսում աշխատակիցների մասին՝ նրանց անվանելով «ժողովուրդս», «էրեխեքս»:

2016-ին աշխատողների ուժերով վերանորոգել են տանիքն ու արեւային պանելներ տեղադրել: Տնօրենն ասում է, որ որեւէ ծրագրի չեն դիմել, բազային ֆինանսավորումից գումար են տնտեսել, «ժողովուրդն էլ եկել, սարքել է»: «Ի՞նչ վատ է, արեւային էներգիա ենք ստանում: Պայմանագիր ենք կնքել, պետությանը հոսանք ենք վաճառում, փոխարենը աշխատողներիս կարողանում եմ պահել, չկրճատել»,- նշում է ղեկավարը:

ՖԿՊԻ-ի պատուհաններն ու ջեռուցման համակարգը խորհրդային արտադրության են: Մեր զրույցի պահին աշխատակիցներից երկուսը պատուհաններն էին ներկում: «Ամեն ինչ մեր ուժերով ենք անում, ստիպված ենք: Էրեխեքս նոր պանելներ են մշակում, որոնք ավելի լավն են, քան եղածները: Եթե համեմատենք, ու արդյունքը լավ լինի, սկսելու ենք արտադրել»,- ասում է Ա. Մկրտչյանը:

Չինացիները հայերից ուզում էին գնել էներգախնայող լամպերի գյուտը

Չնայած առկա խնդիրներին՝ ինստիտուտի սենյակներում աշխատանքային եռուզեռ է: Հին սենյակներում ժամանակ առ ժամանակ նոր գյուտեր են արվում:

Տնօրենն «իր ժողովրդի» հայտնագործությունների մասին առանձնակի հպարտությամբ է խոսում, հետո մեզ ուղեկցում է մի ընդարձակ սենյակ, որտեղ առանձին-առանձին պատմում է յուրաքանչյուր գյուտի ու փորձարարական նմուշի մասին:

1997-ին ՖԿՊԻ-ում էներգախնայող լամպեր են ստեղծվել: Դրանք, ըստ Ա. Մկրտչյանի, ավելի շատ էներգիա են խնայում, քան այսօր անում են հայտնի «Ֆիլիպսի» լամպերը: Պատմում է, որ ժամանակին չինացիները փորձել են գնել գյուտի հեղինակային իրավունքը, բայց հայ ֆիզիկոսները չեն ընդունել առաջարկը՝ մտածելով, որ այն կգնի Հայաստանը, ոչ թե այլ երկիր: Սակայն այդպես էլ առաջարկ չստանալով պետությունից՝ գյուտի հեղինակները պատենտ չեն հանել: Այնինչ հիմա Չինաստանն էներգախնայող լամպեր է արտադրում ավելի մատչելի գներով:

Ինստիտուտի ֆիզիկոսների գյուտերը բազմաթիվ են: Դրանցից մի քանիսն անմիջականորեն կապված են պաշտպանության ոլորտի հետ: Ա. Մկրտչյանն ասում է, որ, օրինակ, տարիներ առաջ ջրի ֆիլտրման սարք են ստեղծել ու առաջարկել ՊՆ-ին, սակայն վերջինը չի հետաքրքրվել դրանով: Ֆիլտրող սարքի գործառույթը սահմանապահ դիրքերին մատակարարվող ջուրը որակապես հնարավորինս երկար պահելն է:

Հայտնագործություններից են ոչ մետաղական տաքացուցիչները, որոնց հումքը ձեռք են բերում Հայաստանի հանքերի թափոններից, դեռեւս մշակման փուլում են արեւային էներգիայի մարտկոցները, որոնք թիթեղի փոխարեն հայելիով են պատրաստվում, ինչն, ըստ տնօրենի, ավելի էժան է: Եթե փորձերը հաջողություն ունենան, առաջիկայում գուցե  արտադրություն սկսեն:

Արտակ Մկրտչյանը նաեւ նշում է, որ Հայաստանում բանկերը գիտական ինովացիաների համար գումար չեն տալիս՝ դա համարելով ռիսկային:

Ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արամ Պետրոսյանը (լուսանկարում) ամինաթթուների աճի լաբորատորիայում է աշխատում: Ասում է, որ կարող են ստանալ այնպիսի նյութեր, որոնք կարելի է կիրառել բժշկության մեջ: Դրանցից մեկն, օրինակ, կարող է օգտագործվել վահանաձեւ գեղձի հիվանդությունների դեպքում, այն հորմոնալ պրեպարատի փոխարինող է: Նյութը կիրառելի է այն դեպքերում, երբ առողջական խնդիրը պայմանավորված է յոդի պակասով, բայց եթե այն ավելի խորքային է, ֆիզիկոսների պատրաստուկն արդյունավետ չի լինի:

80-ամյա Բելա Հարությունյան-Կոզակը ֆիզմաթ գիտությունների դոկտոր է, ինստիտուտի հիմնադրման օրվանից աշխատում է այստեղ, ուսումնասիրում է գլխուղեղի ինովացիոն համակարգերը, որոնք, ըստ նրա, բնության ամենակատարյալ ստեղծագործությունն են. մի ամբողջ շենք է պետք ուղեղում պահված ինֆորմացիան տեղափոխելու համար, մինչդեռ 2 կգ կշռող ուղեղն այն ճշգրտորեն պահում է:

«Հատկապես այս ինստիտուտն ամենակարեւորն է մեր գիտությունն ապագայի ճիշտ ուղղությամբ տանելու հարցում, որովհետեւ աշխարհն է գնում այդ ուղղությամբ, մենք հետ կմնանք, եթե չհասցնենք»,- ասում է գիտնականը:

Ռազմիկ Արամյանն ու Վաղարշ Հակոբյանը սովորում են ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի եւ լազերային ֆիզիկայի ամբիոնում: Ասում են, որ իրենց հասակակիցներն ու մի քիչ ավելի մեծերը գուցե հեռանկար չեն տեսել այստեղ ու հեռացել են, բայց հիմա, ուսանողների ասելով, շատերը մտափոխվել են, ուզում են մնալ Հայաստանում:

Ըստ Վաղարշի՝ թիվ մեկ խնդիրը ֆինանսն է, սակայն հիմա իրավիճակը փոխվել է, ու շատերը հույս ունեն, որ հնարավորությունները կմեծանան, իրենք էլ երկրից չեն գնա: Հայաստանում մնալու եւ աշխատելու ձգտում ունեն նաեւ այս երիտասարդ ֆիզիկոսները:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Այս թեմայով

... կարդացեք ավելին «Գիտական ինստիտուտներ» թեմայով
Մեկնաբանություններ (1)
1. HAGOP20:11 - 23 հունիսի, 2018
Armenia's BRAIN DRAIN is a consequence of the CROOKED AND CORRUPT GOVERNMENT who steals money instead of investing it in the nation.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։