Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Պաշտպանի պնդմամբ՝ Մանվել Գրիորյանը բերման է ենթարկվել ու ձերբակալվել դատավարական մի շարք խախտումներով



Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կասկածյալի կարգավիճակում ցուցմունք չի տվել: Մեզ հետ զրույցում պատգամավորի փաստաբան Հրանտ Անանյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը նշել է, որ իր նկատմամբ  տեղի ունեցած բազամաթիվ խախտումների պայմաններում իմաստ չի տեսնում ցուցմունք տալ: Ըստ Հրանտ Անանյանի` Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել դատավարական մի շարք խախտումներով:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ Երկրապահ կամավորական միության Էջմիածնի տարածքային կառույցի շենքից բերման է ենթարկել Մանվել Գրիգորյանին: Պատգամավորն այս պահին ձերբակալված է, կասկածվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ Մանվել Գրիգորյանին ձերբակալելու վերաբերյալ հաղորդագրությամբ հայտնել էր, որ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում, որի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

Փաստաբան Անանյանի խոսքով`այն տարածքից, որտեղ ներկա է եղել Մանվել Գրիգորյանը, խուզարկությամբ օրենքով արգելված ոչինչ չեն հայտնաբերել, բայց նրան բերման են ենթարկել:

«Ազգային ժողովի պատգամավորին կարելի է բերման ենթարկել հանցագործությունը կատարելիս կամ դրանից անմիջապես հետո: Մինչդեռ այս դեպքում Մանվել Գրիգորյանին պատկանող հյուրատանը հայտնաբերվել է զենք-զինամթերք, իսկ Մանվել Գրիգորյանին բերման են  ենթարկել այլ վայրից` ԵԿՄ Էջմիածնի տարածքային կառույցի շենքից, ապա ձերբակալել»,- ասաց Հրանտ Անանյանը` նշելով, որ այսպիսով խախտվել է պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը:

Անանյանի խոսքով` Մանվել Գրիգորյանին ԵԿՄ շենքից  բերման են ենթարկել առանց ծանուցագիր հանձնելու և առանց հարգելի հիմքեր ներկայացնելու, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նա ծանուցաված լինելով` պատշաճ չի ներկայացել, ինչը նույնպես դատավարական կարգի խախտում է:

Հատկանշական է, որ թեև քննություն իրականանցող մարմինը թույլտվություն է ունեցել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում խուզարկություն իրականացնել՝ զենք, զինամթերք, օրենքով արգելված իրեր հայտնաբերելու համար, խուզարկության ընթացքում  առգրավվել է նաև հյուրատան դրամարկղի գումարը:

Հրանտ Անանյանն այս պահին արդեն դատական կարգով վիճարկել է պատգամավորին բերման ենթարկելու, ձերբակալելու հիմքերը, նշել նաև, որ Մանվել Գրիգորյանը բավականին ծանր հիվանդություններ ունի, որոնց առկայությամբ նրան մեկուսացված պայմաններում պահելը թույլատրելի չէ:

Թե հայտնաբերված զենք-զինամթերքն ում է պատկանում, ինչպես է հայտնվել այն տարածքում, որտեղից հայտնաբերվել է և նմանատիպ այլ հարցերի պատասխաններ այս պահին մենք չունենք: Անանյանի խոսքով՝ Գրիգորյանն այս պահին որևէ կերպ չի մեկնաբանում տեղի ունեցածը: Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս փուլում մեղավորության կամ  անմեղության հարց չի ցանկանում քննարկել, այլ խոսում է դատավարական ընթացակարգի խնդիրների մասին:

«Մեր պնդմամբ՝ դատավարական ընթացակարգը խախտված է»,- ասաց Հրանտ Անանյանը:

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ