HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին. «Եթե պարզվի, որ սա իրականություն է, դրան արդարացում չկա»

Ազգային ժողովում մեկնարկել են պատգամավորների ճեպազրույցները: ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը: «Եթե պարզվի, որ սա իրականություն է, սրան արդարացում չկա»,- ասել է Շարմազանովը: 

Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ-ի համար ցանկացած օրինախախտում դատապարտելի է, և որ օրենքի առջև կրկնակի ստանդարտներ չպետք է լինեն:

«Իմ ճակատը բաց է, ես շատ բաց ճակատով եմ ասում՝ նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող օրենքի ողջ խստությամբ պատժվեն: Երեկվա դեպքի հետ կապված. եթե պարզվի, որ սա իրականություն է, ինչ որ հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունը, սրան արդարացում չկա, վերջ»,- նշեց նա՝ անդրադառնալով երեկ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերվել է «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Բացի այդ, Գրիգորյանի ամառանոցի պահեստում եղել է մեծ քանակությամբ՝ զինվորներին հասցեագրված արկղեր, որոնք դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պետք է ուղարկված լինեին առաջնագծի զինվորներին:

Հունիսի 16-ին Էդուարդ Շարմազանովը և Վահրամ Բաղդասարյանը հանդիպել են ձերբակալված Մանվել Գրիգորյանին, ով պատգամավորներին հավաստիացրել է, որ իր ամառանոցում հայտնաբերված զենքերը իրեն չեն պատկանում:

«Արարքը կատարվել է, արդեն դատապարտելի է ու ամոթ, սա խայտառակություն է: Ու՞մ կողմից է կատարվել, ո՞նց է կատարվել՝ դա թող ԱԱԾ-ն պարզի: Ասում եմ՝ երևույթն արդեն որևէ արդարացում չունի: Կրկնում եմ՝ ի՞նչ գործ ուներ էդ տուշոնկից մինչև բաները ընդեղ»,- հարցրեց Շարմազանովը:

«Հետք»-ի լրագրողի այն հարցին՝ արդյոք պետք է Մանվել Գրիգորյանին զրկել Ազգային հերոսի կոչումից, ՀՀԿ խոսնակը չպատասխանեց, ասաց, որ մինչև դատարանի որոշում չլինի, ինքն այդ մասին չի ցանկանում խոսել: Պատգամավորը նշեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ ՀՀԿ-ն երբեք չեն կոծկել որևէ անարդարություն, ո՛չ արել են և ո՛չ էլ պաշտպանել այն. «Մենք ասում ենք՝ զինվորի հացը գողանալը, զինվորի պայոկը գողանալը անթույլատրելի արարք է: Ով ուզում է դա անի»,- ասաց Շարմազանովը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter