ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Թափառող կենդանիների դեմ կպայքարեն շնաբուծարաններ հիմնելով



Երեւանի քաղաքապետարանն այս տարի առաջին անգամ մայրաքաղաքում թափառող կենդանիների դեմ պայքարի նոր մոտեցում կկիրառի: Մրցութային պայմանները կբովանդակեն Հայաստանում ընդունված ոչ ավանդական ձեւը՝ ոչ թե կրակոցներով վերջ տալ թափառող կենդանիներին, այլ՝ կառուցել շնաբուծարաններ: Պետք է ասել, որ քաղաքակիրթ աշխարհում կիրառվող այս տարբերակը քաղաքային իշխանությանը պարտադրում են մայրաքաղաքի բնակիչները՝ նվիրյալների մի խումբ, որ կամովին նախաձեռնեց այդ աշխատանքը՝ քաղաքապետարանին պարտավորեցնելով գործնական միջոցառումներ ձեռնարկել հարցին արմատական լուծում տալու համար: Քաղաքային իշխանությունը համոզվել է, որ մաքուր ու բարետես քաղաք ունենալու համար հարկավոր է նաեւ այն մաքրել թափառող կենդանիներից, ուստի մի քանի ամսով երկարաձգել է կրակոցով շներին ոչնչացնող «Դամիարկ» կազմակերպության պայմանագրի ժամկետը, որպեսզի կազմակերպությունները հասցնեն նախապատրաստվել հուլիսի 1-ին կայանալիք մրցույթին:

Ակնկալվում է, որ հերթական մրցույթին կմասնակցի 3 կազմակերպություն, որոնցից առնվազն երկուսը շնաբուծարաններ կառուցելու ծրագիր կներկայացնեն: Քաղաքապետարանը նրանցից բավարար երաշխիքներ է պահանջում, որ հաղթելու դեպքում կազմակերպությունը կարող է ավարտին հասցնել նախագիծը: Կազմակերպություններն ամեն ինչ անում են հնարավորինս մրցունակ ներկայանալու համար եւ հայտնում են, որ ունեն հովանավորներ, որոնք պատրաստակամ են ֆինանսավորելու իրենց ծրագրերը: Մրցակցող կազմակերպություններից երկուսը՝ «SOS»-ն ու «Եվրասիան», իբրեւ հովանավոր մատնանշում են նույն անձին: «Եվրասիա» կազմակերպությունում դա բացատրում են նրանով, որ «SOS» կազմակերպության ղեկավարներից մեկը քաղաքապետարանի աշխատակից լինելով յուրացրել է իրենց ծրագիրը եւ իրենց հովանավորների հետ բանակցելով փորձ է արել գումարներն ուղղորդել «SOS»-ՀԿ-ին:

Անցնող տարվանից Երեւան քաղաքում կառուցվում է առաջին շնաբուծարանը, որի նախաձեռնությունը «Դունայ» ՀԿ-ինն է: «Մեր ցանկությունն էր մեկ օր առաջ փրկել կենդանիներին կրակոցներից»,- ասում է «Դունայ» ՀԿ անդամ Թամարա Սարգսյանը: Վերջինս պատմեց, որ տարբեր մասնագիտության տեր մարդիկ էին հավաքվել կազմակերպության շուրջ, որոնց բոլորին միավորողը մեկն էր՝ փրկել կենդանիներին սպանդից: Ուզում էին կացարան կառուցել, ցույց տալու համար, որ ցանկության դեպքում բոլոր հարցերին էլ կարելի է լուծում գտնել, բարեգործական համերգ են կազմակերպել շնաբուծարան հիմնելու համար, սակայն առանձնապես գումար չի հավաքվել: «Դունայ» ՀԿ նախագահ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետը հավանություն էր տվել շնաբուծարան հիմնելու իրենց առաջարկին եւ 2004թ.-ի հուլիսին քաղաքապետին առաջարկել է թույլ տալ քաղաքակիրթ ձեւը կիրառեն: «Քաղաքապետարանում հայտնեցին, որ իրենք էլ են նախընտրում այդ տարբերակը եւ մեզ խորհուրդ տվեցին նախապատրաստվել մայիսի 30-ին կայանալիք մրցույթին»,-հայտնեց Ա. Ղազարյանը:

«Ընդամենը 10 օրում պետք է 20 առանձնախցիկ կառուցեինք, նույնքան էլ շուն պահեինք, վիրահատարան կառուցեինք ստերիլացիա կատարելու համար, որպեսզի թույլատրեին մրցույթին մասնակցել: Էրեբունու համայնքում տարածք գտանք, համախոհների խմբով գումար հավաքեցինք եւ նախաձեռնեցինք շնաբուծարանի հիմնումը: Պայմանավորված օրը աշխատանքն ավարտեցինք, սակայն մեր հայտը չգրանցվեց մրցույթին մասնակցելու համար»,- պատմեց Թ. Սարգսյանը: «Դունայ» կազմակերպությունն իրավունք չստանալով մասնակցելու մրցույթին, այնուամենայնիվ, չի հրաժարվում կենդանիների ապաստարան կառուցելու մտքից: Շնաբուծարանն այսօր շարունակվում է կառուցվել Էրեբունու համայնքի Արին-Բերդ կոչվող թաղամասում, բայց արդեն առանց «Դունայի»: «Քանի որ շատերը փողի հոտն զգացել էին՝ բոլորին մի կողմ հրեցին»,- հայտնեց Թ. Սարգսյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Նունե Մեհրաբյանն ու «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ը տնօրեն Խաժակ Կարայանը, որ 2004թ.-ի մարտ ամսին էին իրենց միացել՝ վարչապետի պատասխանից հետո «SOS» անվանումով կազմակերպություն են հիմնել ու շարունակում են շնաբուծարանի կառուցումը:

«50-ից ավելի շուն կա հիմա այստեղ, հիմնականում հավաքել ենք, երբ ահազանգել են, որ գալիս են կրակեն: Երեք աշխատող ունենք՝ մաքրող, կերակրող-անասնաբույժ ու պահակ: Օրեկան երկու անգամ կերակրում ենք, զննման ենք ենթարկում, հիվանդ շներին առանձնացրել ենք խցերում եւ բուժում ենք»,- ասում է մասնագիտությամբ դաշնակահարուհի, «SOS» կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը: Շնաբուծարանը բաղկացած է երկու հարկաբաժնից եւ մոտ 100 առանձնախցիկներից (վալերներ): Կառանտինի համար մասնաշենք է առանձնացված, որտեղ պահվելու են փողոցից բերվող հիվանդ շները: Օրական կստերիլիզացնեն 20-25 կենդանու, որոնց ապաքինումից հետո ներարկելու են կատաղության դեմ եւ պատվաստելու են վարակ չտարածելու համար: Այս գործողություններից հետո շների մի մասին հատուկ վզնոցներով բաց են թողնելու իրենց նախկին բնակավայրեր, որպես քաղաքային սանիտարներ՝ նրանք վերացնում են կրծողներին: Անբուժելի, տարբեր վարակներով հիվանդ շներին այրելու են:

Կառուցապատումը դեռեւս ընթանում էր, Ն. Մեհրաբյանի ասելով դժվարությամբ, քանի որ գումարներ չունեն, սակայն ամեն ինչ արվում է հուլիսի 1-ին հնարավորինս մրցունակ ներկայանալու համար: Նա հավաստեց, որ իրենց աշխատանքը տեսնելով շատ արտասահմանցիներ ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել: «Հրապարակումներից հետո նյուորքաբնակ մի հայ՝ Կարո Ալեքսանյան անունով, մեզ նամակ գրեց : Նա տարբեր երկրների օգնել է նմանատիպ շնաբուծարաններ ստեղծելու հարցում եւ խոստացավ օգնել մեզ: Քաղաքապետի հետ պայմանավորվածություն ունի՝ այդ ամենը կանի մի պայմանով, որ դադարեցվի սպանդը, եւ քաղաքապետը համաձայնել է»,- ասաց Նունեն: Նրա ասելով Կ. Ալեքսանյանը խոստացել է ապահովել ստերիլացման համար անհրաժեշտ սարքավորումներ, բայց քանի որ հայտնի չէր, թե երբ դրանք տեղ կհասնեն, որոշել են չսպասել եւ ստերիլացումը կսկսեն՝ գործածելով հիվանդանոցներից դուրս գրված սարքավորումները:

«Դա մեր ծրագիրն է, որը 2004թ.-ին ներկայացրել էինք քաղաքապետարան շնաբուծարան կառուցելու թույլտվություն ստանալու համար: Դրանից հետո պարբերաբար հոդվածներ են հայտնվում լրատվամիջոցներում՝ մեր բառերով ու մեր շարադասությամբ»,- ասաց «Եվրասիա» կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը: Նրա ասելով կանխատեսում էին, որ ծրագիրը կարող են յուրացնել եւ ժամանակին արտոնագրել են ծրագրի հեղինակային իրավունքը: «Քաղաքապետարանը թերեւս չէր մտածում, որ ավելի հեռուն գնացած կլինենք»,- ավելացրեց նա: 2004թ.-ին քաղաքապետարանը հավանություն է տվել Երեւան քաղաքի անապաստան կենդանիների համար կացարան կառուցելու նրանց ծրագրին: Քաղաքապետ Ե. Զախարյանը պատասխանել է. «Քաղաքապետարանն իր պատրաստակամությունն է հայտնում ծրագրի իրականացմանը համակողմանիորեն աջակցելու եւ պատրաստ է Երեւանի տարածքում թափառող, անօթեւան կենդանիների կացարանի կառուցման համար հատկացնել անհրաժեշտ 3հա հողատարածք: Միաժամանակ, քաղաքապետարանը պատրաստ է կացարանի հետագա կենսագործունեությունը ապահովելու նապատակով ցուցաբերել ֆինանսական աջակցություն»:

Սակայն հողհատկացումն անընդհատ ձգձգվել է: «Մենք մասնագետների հետ այցելել ենք առաջարկված տարածքները եւ ընտրությունը կատարեցինք Աջափնյակ թաղամասում: Մասնագետների եզրակացությունն ուղարկեցինք քաղաքապետին: Սկզբում շատ լավ ընդունեցին, մուծումներ կատարեցինք չափագրումների ու նախնական նախագծային աշխատանքների համար, որը կատարեց Երեւաննախագիծ ինստիտուտը: Ամիսներ հետո հրաժարվեցին տարածքը հատկացնելուց պատճառաբանելով, որ մոտ է գտնվում Աջափնյակի ջրամբարին»,- պատմեց Ն. Թորոսյանը: Ավելացրեց, որ քաղաքապետարանի հետ իրենց քաշքշուկի ընթացքում ի հայտ եկան նոր կազմակերպություններ, որոնք դեռեւս չգրանցված, դրամական օժանդակության ակնկալիքով դիմել են իրենց դոնորներին: Սակայն զուտ հայկական այդ մոտեցումը նպաստել է, որ նույն Կարո Ալեքսանյանը հրաժարվի նաեւ «Եվրասիայի» հետ ձեռք բերված համաձայնությունից: «Մեր արտասահմանյան գործընկերները տեղեկացան, որ շարունակվում է շների սպանդը եւ մեզ մեղադրեցին քաղաքապետարանի հետ հանցավոր համագործակցության մեջ: Երբ մեր մոտեցումները խստացրինք քաղաքապետարանի հետ՝ նրանք ուրիշ տարածք առաջարկեցին, որը լավագույն տարբերակը չէր, բայց ստիպված էինք համակերպվել առաջարկի հետ»: 2005թ.-ին քաղաքապետարանը «Եվրասիա» կազմակերպությանը 3հա հողատարածք հատկացնելու մասին որոշում է կայացրել, որտեղ շների համար ավան կկառուցվի:

Անհասկանալի է թե ինչու միանգամից մի քանի կազմակերպություններ որոշեցին կացարան կառուցել շների համար, երբ քիչ չի նաեւ անօթեւան մարդկանց թիվը եւ ոչ ոք իր գթասրտությունը չի ցանկանում մարդկանց հանդեպ ցուցաբերել: Մեր այս հարցին «Եվրասիայի» նախագահը պատասխանեց. «Չգիտեմ ինչ նպատակներ էին հետապնդում շահագրգիռ կազմակերպությունները, համենայնդեպս, դա թափառող կենդանիների հիմնախնդրի լուծում չի: Սա բիզնես է դիտվում, քաղաքապետարանը որոշակի բյուջետային միջոցներ ունի»: Կազմակերպությունները շնաբուծարանի գործունեության հիմնական երաշխիք են համարում քաղաքապետարանի հատկացումները, այն 20 մլն-ը, որ ամեն տարի հատկացվում է շներին կրակոցով ոչնչացնելու համար: Հենց այդ գայթակղիչ գումարն է առաջին հերթին ընկած այս մրցակցության հիմքում եւ բոլորն աշխատում են ձեռք բերել այն: Այդ թվում նաեւ շներին կրակոցով սպանող «Դամիարկ» կազմակերպությունը:

Ճիշտ է, վիճակագրությունը փաստում է, որ կենդանիներն ավելի արագ են բազմանում ոչնչացնելու դեպքում: Սակայն պետք է պարզել՝ արդյոք որսորդներն ուզո՞ւմ են, որ շները վերանան, չէ՞ որ մեծ եկամուտ ունեն դրանից. 2001թ.-ին ոչնչացվել է 4000 շուն, դրանից հետո թիվն աճել է, 2004թ.-ին գնդակահարվել է 8100 շուն, որի համար քաղաքապետարանը 28 մլն դրամ է հատկացրել (1 շան ինքնարժեքը կազմում է 3695 դրամ): Թափառող կենդանիների ոչնչացման գործընթացին հետեւողները նշում են, որ որսորդներն էգ շներին չէին կրակում, այսինքն նպաստում էին նրանց բազմացմանը, հետեւաբար՝ իրենց եկամուտների ավելացմանը: Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Կարեն Գեւորգյանը, որի իրավասության շրջանակում է թափառող կենդանիների դեմ պայքարը, մեզ հետ ունեցած զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանը բյուջեում նման հատկացում չունի: Այդ գումարը տրվում է «այլ հատկացումներ» տողով, այսինքն, երբ հավելյալ գումարներ են ունենում:

Նվեր Թորոսյանի համոզմամբ Հայաստանում այսօր չկա կազմակերպություն, որ կարողանա այս ծրագիրն իրականացնել, չկա մասնագետ, չկա տեխնիկա՝ կենդանիներին բռնելու գործիքներ եւ այլն: «Ն. Մեհրաբյանն ուզում է ցույց տալ, որ մեզնից առաջ են անցել, սակայն դա շատ-շատ հեռու է տիպային կառույց լինելուց եւ հիմնախնդիրը չի լուծի, մի բան էլ ավելի կխճճի: Այդ փոքրիկ տարածքում նա չի կարող գերեզմանատուն ունենալ»: « Բռնողներ չունի SOS»-ը, ասում է' թող «Դամիարկը» բռնի, ես կհոգամ մյուս բաների մասին, այդ դեպքում ո՞վ է վճարելու «Դամիարկին»,- հարցնում է Կ. Գեւորգյանը: Նրա համոզմամբ, ստիպված կեղծիքների պետք է դիմեն, որ ավելի շատ գումար ստանան քաղաքային բյուջեից:

«Եվրասիայի» նախագահը հայտնեց, որ Միջազգային առողջապահական կազմակերպության հետ պայմանավորվածություն ունեն կամավորներ, դեղամիջոցներ տրամադրելու, ուսուցում կազմակերպելու մասին: Պայմանավորվածություն ունեն զորամիավորումների, սահմանապահների հետ, որպեսզի ցեղային շներ բուծեն նրանց համար: Մոսկվայի հետ պայմանավորվել են, որ մաքսային ծառայության, ՆԳՆ-ի համար շներ կվարժեցնեն եւ այլն: Նախատեսում են մեկ տարում ավարտել կացարանի կառուցումը, որը 500 թափառող կենդանու համար է նախատեսված: Մեթոդը նույնն է, ինչն արդեն ներկայացրել է «SOS»-ը. թափառող կենդանիներին հավաքում են այնտեղ, ստերիլացնում, 7 օր պահում են կացարանում, չիպավորում, պատվաստում են ու բաց թողնում: Պետք է որոշակի քանակություն բաց թողնվի, իսկ նրանք, որոնք բուժման ենթակա չեն՝ վերացվելու են: Կենդանիներին 6 ամիսը մեկ պետք է բռնեն ու վակցինացնեն: Ներկայումս ոչ մի կազմակերպություն չի կարող տալ կոնկրետ տվյալներ, թե քանի հազար շուն կա մեր հանրապետությունում, սակայն «Եվրասիայում» վստահեցնում են, որ 3 տարում, եթե հաջողվի թափառող կենդանիների 70%-ին անցկացնել կացարանով՝ 50-60-%-ով կնվազի քանակը:

Հարցն առայժմ դիտարկվում է միայն մի տեսանկյունից՝ կանխել կենդանիների նկատմամբ կիրառվող դաժան սպանդը, սակայն մասնագետներն այլ խնդիրներ էլ են առաջ քաշում, որը նրանց կարծիքով չի լուծվի նշված ծրագրով: Մամուլում հրապարկվեց անասնաբուժագիտության դոկտոր, պրոֆեսոր Հ. Նաղաշյանի տեսակետը հարցի վերաբերյալ. «Այն «հումանիստական» գաղափարը, որ թափառող շներին չի կարելի ոչնչացնել, այլ պետք է միայն նրանց ստերիլացնել, բացարձակապես չի նպաստում Էխինոկոկոզով եւ տոքսապլազմոզով հիվանդացության կանխմանը, ընդհակառակը վերջին տարիներին Էխինոկոկոզով հիվանդացության 15-20% աճ է նկատվել ընտանի կենդանիների մոտ: Նշված հիվանդություններով մարդը «վարակվում է» միայն շներից: Ստերիլացումը ոչ մի կապ չունի հարուցչի շրջապտույտի հետ»:

Երեւան քաղաքի գլխավոր անասնաբույժ Վիկտոր Աբրահամյանը կտրուկ դեմ է այն մոտեցմանը, որ շներին պետք է ծառայեցնել իբրեւ սանիտարներ, սակայն այս մոտեցումն ընկած է երկու կազմակերպությունների ծրագրերի հիմքում: «Շունը եթե առնետ կերավ, նա արդեն տուլարեյմիայի պոտենցիալ տարածող է, շունը աղբահավաք չի, այդ գործն անողները թող բարեխիղճ իրենց գործն անեն, առնետներին էլ ոչնչացնող կա՝ սանեպիդկայանը շատ բարեխիղճ աշխատում է այդ ուղղությամբ»: Նրա ասելով, շնաբուծարաններ կառուցելով հիմնահարցը չի լուծվում: «Շներին բռնելը դժվար է, բայց պատվաստումներ պետք է անեն, 45 օրը մեկ պետք է բռնեն ճիճվաթափ անեն, հնարվո՞ր է դա»,- հարցնում է Վ. Աբրահամյանը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ