HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վաղը խորհրդարանը կքննարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելությունից զրկելու հարցը

Կառավարության արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է. կառավարությունն առաջարկում է խորհրդարանին հունիսի 19-ին՝ ժամը11: 00-ին գումարել նիստ՝ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման հարցով։ Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և իրեն պատկանող տարածքներում խուզարկություններին։

«Կարծում եմ՝ բոլորդ գիտեք, թե ինչ առիթով ենք այսօրվա նիստը հրավիրել, առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու՝ ուզում եմ արձանագրել, որ գործ ունենք Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ։ Սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները ցնցող, շոկային են հանրության համար»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկ շնորհակալություն է հայտնել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և խնդրել է շնորհակալություն փոխանցել ԱԱԾ այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են այդ գործողություններին։ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ԱԱԾ-ականներին՝ նկատելով, որ բոլորի համար էլ հասկանալի է՝ այդ գործողությունները մեկ օրում չեն եղել․ նախորդել է ծավալուն աշխատանք։

Փաշինյանն ասաց, որ ձևավորել են օրակարգ, որը վերաբերում է իրավապահ համակարգի փոխգործակցության խնդիրներին․ «Առաջիկայում այս թեմայով խորհրդակցություն կհրավիրեմ, որպեսզի հստակություն մտցնենք և բարելավենք իրավապահ համակարգի մակարդակը։ Հույս ունեմ՝ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով»,- ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ չկա որևէ խոչընդոտ, որպեսզի գործի բոլոր մասնակիցները բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն։

«Անկախ կոչումներից, կարգավիճակներից և այլ հարակից հանգամանքներից այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ։ Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ տարիներ շարունակ մեր արած պնդումները, որ սիստեմատիկ կերպով թալան է արվում, հիմնավորվում է, կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց, որ զրուցել է ԱԺ նախագահի հետ, համաձայնություն է ստացել, որ հրավիրվի արտահերթ նիստ, ուստի բոլոր ընթացակարգերը պահպանվել են։ Վաղը՝ ժամը 11-ին, գումարվող արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter