HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Վանեցյանը ինֆորմացիա է ստացել, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել իրեն

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի ուզում Մանվել Գրիգորյանի ձերբակալության գործով շատ մանրամասներ հաղորդել։

«Եկեք չբացահայտեմ քննության օպերատիվ մասը, լինելու են հարցաքննություններ, եթե քննության ընթացքում այլ քննչական և օպերատիվ գործողությունների անհրաժեշտություն լինի, դրանք էլ կարվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը՝ հարցին, թե արդյոք այս գործով Գրիգորյանի հետ փոխկապակցված այլ անձինք կան։

«Մենք աշխատում ենք, մեր բնականոն աշխատանքն ենք իրականացնում, եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի կամ կազմակերպության ապօրինությունների մասին, արձագանքը կլինի համապատասխան»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք նման խուզարկություններ ԱԱԾ-ն իրականացնելու է բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների առանձնատներում, Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ի գործողությունները ռեպրեսիվ չեն։

«Խուզարկություններ չեն կարող լինել, եթե դրա համար ստույգ տվյալներ չլինեն, եթե կլինեն տվյալներ, նույն վերաբերմունքին կարժանանա ցանկացած մարդ, ով խախտել է Քրեական օրենսգիրքը։ Մենք երբևէ չենք գնում ինչ-որ տեղ ձևական, գնում ենք՝ ունենալով օպերատիվ տվյալներ, որոնց իսկության մեջ համոզվում ենք նախօրոք»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանն ասաց՝ օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Մանվել Գրիգորյանն ու Արթուր Ասատրյանը խնդիր ունեն, երկու կողմն էլ զենք ունի, և «այդ զենքը մի օր պետք է կրակեր»։

Անդրադառնալով «Երևան» հիմնադրամում տեղի ուենցած ստուգումներին, Վանեցյանը չցանկացավ շատ մանրամասներ հաղորդել, միայն ասաց, որ ԱԱԾ-ի հաջորդ տեսանյութը այս թեմայով կպատասխանի բոլոր մտահոգող հարցերին։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված մեքենաներին, որոնք նվիրատվությամբ էին փոխանցվել ՊՆ-ին, Վանեցյանն ասաց, որ այդ քաղաքացիներն արդեն կապի են դուրս եկել իրենց հետ և ասել՝ չգիտեին, որ իրենց նվիրատվությունները հասցեատիրոջը չեն հասել։

Հարցին՝ մտահոգություններ չունի՞ իր կամ վարչապետի անվտանգության համար՝ հաշվի առնելով վերջին բացահայտումները, Վանեցյանն ասաց․ «Մենք ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել, բայց չի ստացվի, նույնն էլ վարչապետի հետ, բայց կարծում եմ՝ ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ ինչ-որ քայլեր անել»։․

Վանեցյանը չցանկացավ գնահատել իր նախորդի՝ Գեորգի Կուտոյանի աշխատանքը՝ ասելով, որ կարող է խոսել միայն իր պաշտոնը ստանձնելուց հետո կատարված գործողությունների մասին։

«Մեր աշխատակիցները շատ ոգևորված են, հազարավոր քաղաքացիներ են դիմել, որ ընդունվեն աշխատանքի։ Ինձ շատ զարմացրեց այն, երբ Մանվել Գրիգորյանի աջակիցները ցույց էին անում ԱԱԾ-ի դիմաց, Վարդես Գասպարին էր ձեռքին պաստառով եկել՝ ի աջակցություն ԱԱԾ-ի, դա չգիտեմ ինչ էր»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԱԱԾ տեղակալ է Արզուման Հարությունյանը (Գագիկ Հարությունյանի եղբայրը), Վանեցյանը վստահեցրեց, որ վերջինս պրոֆեսիոնալ է և ազնիվ գեներալ։

«Եկեք փաստերով խոսենք, եթե որևէ մեկը փաստ ներկայացնի, որ Արզուման Հարությունյանը որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ խառնված է եղել, գործին ընթացք կտրվի, բայց նա հայրենասեր և ազնիվ գեներալ է»,- ասաց Վանեցյանը։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter