HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամների հայտարարագրերում ավտոպարկի մի մասն է նշված

Նորայր Շողիկյան

ԱԱԾ աշխատակիցների կողմից Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտում գտնվող ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաներից, ըստ պետական ռեգիստրում նրա հայտարարագրի, միայն մի մասն է պատկանում գեներալին: 2017թ.-ի հուլիսի 27-ի դրությամբ Մանվել Գրիգորյանը շարժական գույքից հայտարարագրել է GAZ 21R, GAZ 61, GAZ 12, PEUGEOT 405, GAZ 2217, GAZ 22, GAZ 2217-5104, GAZ 12 մակնիշի ավտոմեքենաներ:

2016թ.-ի տարեկան հայտարարագրի համաձայն, այդ տարում գեներալ-լեյտենանտն անշարժ և շարժական գույք ձեռք չի բերել:

Համատեղ բնակվող անձանց հայտարարագրերը

Գեներալ Մանվել Գրիգորյանի ավտոպարկում առկա մեքենաների մի մասն ու Ապրիլյան պատերազմի օրերին բանակին տրամադրված ամենագնացներն և շտապ օգնության մեքենան, ըստ հայտարարագրերի պետական ռեգիստրի, չեն պատկանում նաև Գրիգորյանի հետ համատեղ բնակվող անձանց:

Մանվել Գրիգորյանի երկու որդիների՝ Արա և Սամվել Գրիգորյանների 2017թ.-ի տարեկան հայտարարագրերում շարժական գույքի ձեռքբերման կամ օտարման մասին տվյալներ չկան:

Գեներալի դստեր՝ Այծեմնիկ Գրիգորյանի 2017թ.-ի տարեկան հայտարարագրում նույնպես շարժական գույքի ձեռքբերման կամ օտարման մասին տվյալներ չկան, իսկ մյուս դստեր՝ Արփենիկ Գրիգորյանի 2017թ.-ի տարեկան հայտարարագրում շարժական գույքի մասին տվյալները պաշտպանված են:

Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Էլյա Գրիգորյանի 2016 և 2017թթ. հայտարարագրերը բացակայում են պետական ռեգիստրից, իսկ 2015թ.-ի հայտարարագրում բացի դրամական միջոցներից, այլ տվյալներ չկան:

Մանվել Գրիգորյանի պաշտոնյա զավակների շարժական գույքը

Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հայտարարագրած շարժական գույքում նույնպես հանգստյան գոտում հայտնաբերված մեքենաներից չկա:

2016թ.-ին՝ պաշտոնը ստանձնելու պահին Կարեն Գրիգորյանը հայտարարագրել է AUDI Q5 3.2 մակնիշի 1 ավտոմեքենա, իսկ 2016 և 2017թթ.-ի տարեկան հայտարարագրում շարժական գույքի ձեռքբերման կամ օտարման մասին տվյալներ չկան:

Մանվել Գրիգորյանի աղջկա՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մանվելի Գրիգորյանի և նրա ամուսնու 2016 և 2017թթ.-ի տարեկան հայտարարագրերում շարժական գույքի օտարման կամ ձեռքբերման մասին տվյալներ չկան:

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանի հետ համատեղ բնակվող բոլոր անձանց 2016թ.-ի տարեկան հայտարարագրերը բացակայում են հայտարարագրերի պետական ռեգիստրից, մինչդեռ Գրիգորյաններին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերված, բանակին նվիրաբերված ամենագնացներն ու շտապ օգնության մեքենան այնտեղ հայտնվել են Ապրիլյան պատերազմի օրերին կամ դրանից հետո:

Մեկնաբանություններ (1)

Կարինե Մարգարյան
Բկների՜ն մնա, բկների՜ն, խմեցին մեր ժողովրդի արյունը, մարդակեր ալիևն իր ազգի շահերն ա պաշտպանում, մանվելները, լիսկաները, շմայսները, շուշանները, սերժիկասաշիկներն ու ռոբե՞րն ու շահերն են պաշտպանում, անե՜ծք ձեր գերդաստանների վրա, յո՜թը պորտով անե՜ծք, չտես անկուշտ թալանչի հհկականներ՝ հայ ազգի ԹԻՎ ՄԵԿ թշնամիներ...........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter