Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Օգնությունը կամ ճանապարհից է շեղվել, կամ էլ գնացել է Արցախ, նորից հետ եկել»,- պաշտպանության նախարարի խորհրդական



Այսօր հրապարակել էինք լուսանկարներ, թե ինչպես են 164 դպրոցի աշակերտները 2016թ-ի ապրիլին արկղերով լի օգնությունը նախապատրաստում՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով։ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութից պարզ դարձավ, որ աշակերտների հավաքած արկղերն ու նամակները հայտնվել էին ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցում։ Հակառակ դրան՝ Պաշտպանության նախարարության ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը շնորհակալական նամակ էր ուղղել դպրոցի տնօրենին։ «Հետքը» կապվեց գեներալ Ավետիսյանի հետ՝ պարզելու, թե ինչու է ՊՆ-ն շնորհակալություն հայտնել տնօրենին, եթե դպրոցի կողմից ուղարկված օգնությունն առաջնագիծ չի հասել։

 

2016թ-ի մայիսի 5-ի մակագրությամբ Դուք գրություն եք ուղարկել 164 դպրոցի տնօրենին, որով շնորհակալություն եք հայտնել «բանակի զորեղությանը» նպաստելու համար։ Դուք անձամբ տեսե՞լ եք 164 դպրոցի կողմից ուղարկված օգնությունը, որ շնորհակալություն եք հայտնել։

Նախ ասեմ, որ երևույթը ես դատապարտում եմ, շատ ցավալի է, ես խորը ցավով եմ տարել դա։ Նույնիսկ բառեր չեմ գտնում ասելու։ Պետք է վկայեմ, որ այդ օգնությունները, որ գալիս էին այն կենտրոնական հավաքատեղին, որտեղից անձնակազմը հավաքում և ուղարկում էր Արցախ, գալիս էին տարերայնորեն։ Գալիս էին տարբեր դպրոցներից, հասարակական կառույցներից, բարերարներից։ Անշուշտ, մենք այդ օգնությունները, տեղում անձնակազմի թվաքանակից բխելով, հատկացնում էինք տվյալ ստորաբաժանման հրամանատարին։ Այդ դպրոցից օգնություններ ստացել էինք, դրա համար էլ իմ շնորհակալական խոսքն եմ ուղարկել տնօրինությանը, որ Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում դպրոցի տնօրինության և աշակերտների հայրենասիրական նախաձեռնությունը։ Այդ օգնությունը․․․ ուրեմն, ստացվել է նաև այնպես, որ մենք օգնություններ բաշխել էինք նաև երկրապահ կամավորական միության այդ տղաներին, որոնք իրենց ավտոբուսներով ճանապարհվում էին և հետևից էլ բեռնատար մեքենաներով էլ բարձած այդ մթերքներն էին տանում։ Հիմա թե ինչպես են այդ օգնությունները հայտնվել այդ պահեստներում, ես չեմ կարողանում ինֆորմացիա տալ։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե այդ օգնությունները նպատակային երեխաների ձեռքով հավաքած, պետք է գնային ռազմաճակատ՝ զինվորների և ազատամարտիկների համար, անհասկանալի պատճառներով հայտնվել են ասենք ինչ-որ պահեստներում։ Եւ երկու տարի էլ անցած՝ նույնիսկ այդ գրությունները պահպանվում են։

Ես կարծում եմ, որ այդ օգնություններն իրենք հիմնականում կուտակել են իրենց մոտ, որ պիտի տանեին Արցախ, կամ չեն տարել, պահել են, կամ էլ տարել են ու այնտեղից հետ են բերել․ երկու ճանապարհ կա։ Երկու ճանապարհն էլ միաժամանակ ես դատապարտում եմ։

«Հետք»-ի հրապարակած հոդվածում լուսանկար կա, որտեղ երևում է զինվորական համազգեստով մի անձ, ով երեխաներից վերցնում է օգնության արկղերը և տեղավորում մեքենայի մեջ։ Դուք ճանաչո՞ւմ եք այդ մարդուն։ Նա Պաշտպանության նախարարության աշխատակի՞ց է, թե՞ «Երկրապահ կամավորական միության» անդամ։

Այդ անձը Պաշտպանության նախարարությունից չէ, այդ անձը «Երկրապահ կամավորական միությունից» է, ազատամարտիկ է։ Պաշտպանության նախարարությունն այդ օրերին որևէ զինվորականի չի պարտավորեցրել, որ օգնությունները հավաքեն մի տեղ և բաժանեն։ Այն օգնությունները, որը սահմանված կարգով ՊՆ հասցեով է եկել, նախարարությունն ըստ ուղղությունների, ըստ առաջնահերթությունների տրամադրել է։ Իսկ այն օգնությունները, որ հընթացս ուղարկվել է ժողովրդի կողմից, դա տարերայնորեն հավաքել են տարբեր ջոկատների ու կառույցների մոտ։ Այդ օրերին բազմաթիվ՝ թվով 6450 հոգի մարդ է գնացել Արցախ։ 130-ից ավելի կազմակերպություններ են եղել, որ գնացել են Արցախում այդ օրերին առաքելություն կատարելու։ Ես կարող եմ ասել, որ այդ անձը, որ օգնությունը դպրոցից ստանում էր, հետո տանում էր պահեստ, ՊՆ-ի հետ որևէ կապ չի ունեցել։

Եթե այդ անձը 164 դպրոցի օգնությունը տարել է Երկրապահի պահեստ, Դուք ո՞ր օգնության համար եք շնորհակալություն հայտնել 164 դպրոցից։

Ես միայն 164-ին չեմ շնորհակալություն հայտնել։ Այն բոլոր դպրոցներն ու հասարակական կառույցները, որոնք օգնություն են հավաքել և իրազեկ են պահել ինձ, ես եմ կազմակերպողը եղել, ես բոլորին համապատասխան երախտիքի խոսք եմ գրել, ուղարկել տվյալ կառույցին։ 164-րդ դպրոցին նմանապես շնորհակալություն եմ հայտնել, որ կազմակերպել են երեխաներով և օգնությունը բերել են, ուղարկել են Արցախ։

164 դպրոցը Ձեզ ինչպես է տեղյակ պահել, որ օգնություն են ուղարկել։

164-րդ դպրոցը և մի շարք այլ դպրոցներ, երբ ուղարկել են օգնությունը, համապատասխան իրազեկմամբ տեղեկացրել են մեզ։ Մենք էլ իմացել ենք դրա մասին և, իմանալով հանդերձ, գնացել, տեսել ենք, որ իսկապես այդ օգնությունները տեղում են, և համոզվելուց հետո, անշուշտ, մենք մեր շնորհակալությունը հայտնել ենք։

Այսինքն՝ Դուք տեսել եք 164 դպրոցի կողմից ուղարկված արկղերը՝ զինվորների մոտ։

Ոչ, ես բոլոր օգնությունները տեսել եմ 5-րդ բանակային կորպուսի այն կենտրոնացման շրջանում, որտեղ անձնակազմը հավաքագրում էր և այնտեղից ուղարկում էր Արցախ։ Այդտեղ էր նաև գալիս օգնությունները, այսպես ասած։

Այսինքն՝ 5-րդ բանակային կորպուսից օգնությունը դուրս է եկել, բայց տեղ չի՞ հասել կամ դուրս չի՞ եկել ընդհանրապես։

Այդտեղից եկած օգնությունը բարձվել է անձնակազմի հետ ավտոբուսները․․․

Այդ թվում՝ նաև «Երկրապահ կամավորական միությա՞ն» ավտոբուսները։

Այդ թվում նաև «Երկրապահի» ավտոբուսները, և այն կառույցները, որոնք բացի ավտոբուսներից ունեցել են նաև բեռնատար մեքենաներ, գազելներ, փոքր մեքենաներ, հիմնականում բարձվել է նաև այդ փոքր գազելներն ու մեքենաները, որոնք ավտոբուսների հետևից գնացել են։

Եւ ճանապարհին միգուցե շեղվե՞լ են։

Կարող է ճանապարհին են շեղվել, կարող է այնտեղից են հետ բերվել, ես չեմ կարող դա վկայել։ Բայց որ հիմա ես տեսնում եմ, որ այդ օգնությունները նպատակին չեն ծառայել, արդեն ինձ մնում է մտածել, որ օգնությունը տեղ չի հասել։ Կամ ճանապարհից է շեղվել կամ էլ գնացել է Արցախ, այնտեղից նորից հետ եկել։

Պաշտպանության նախարարությունը վերահսկողություն չի՞ սահմանել, որ բեռը տեղ հասնի։

Մենք այդ օրերին ճանապարհային վերահսկողություն սահմանում էինք հետևյալ ձևով․ երբ անձնակազմին հավաքագրում էինք, և ըստ ուղղությունների սպառազինում և նշված տրանսպորտային միջոցներով տեղափոխում էինք, այդ տրանսպորտային միջոցներին ուղեկցում էին ոստիկանության հատուկ մեքենաները։ ՊՆ-ից վերահսկող անձնակազմ չի եղել։

Ոստիկանությունն այդ դեպքում ինչպես է թույլ տվել նրանց ճանապարհից շեղվել կամ հասցնել ապրանքն ու հետ բերել։

Ես չեմ կարող դա ասել, ճանապարհային ոստիկանությունը նրանց ուղեկցում էր․ միայն ու միայն ուղեկցող բնույթ է կրել, ոչ թե վերահսկողական։ Ջոկատի հրամանատարներն էին վերահսկում, որ մեքենաները չկանգնեին, մարդ չիջներ, մարդ չբարձրանար, որովհետև այդ օրերին բոլորը զենք-զրահ ստացած գնում էին տարբեր ուղղություններով։

Արդյոք Ձեր ղեկավարած «Պահեստազորի սպաների համահայկական միությունն» այդ ժամանակ նույնպես օգնություն է հավաքել զինվորների համար։ 

Ոչ, հավաքել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը», այդ կազմակերպությունն էլ եմ ես ստեղծել։ Այդ կազմակերպության հավաքած օգնությունն ըստ նպատակի ուղարկվել է ջոկատների հետ Արցախ, բայց շատ քիչ օգնություն է եղել, մեծ քանակի, մեծ թվերի մասին խոսք չկար։

Մանվել Գրիգորյանը միայնակ չէր կարող այդ ամբողջ օգնությունը տեղափոխել իր պահեստ, ի՞նչ եք կարծում՝ դա մոտ քանի հոգու համակարգված աշխատանք էր։

Չեմ կարող ասել, չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Եկեք ես գնահատականներ չհնչեցնեմ, գնահատականն իրավապահ մարմինները կհնչեցնեն։ Մանվել Գրիգորյանը մեր մարտական ընկերն է եղել, ես չեմ ուզում գնահատական հնչեցնել իր վերաբերյալ։ Ես պարզապես երևույթը, երբ արդեն ես ականատեսը եղա, խորը հիասթափություն ապրեցի, ուրիշ ոչ մի բան։

Երևույթի՞ց, ոչ թե Մանվել Գրիգորյանից։

Երևույթի հետևում ով ուզում է կանգնած լինի, Մանվելը կանգնած լինի, նրա թիմակիցները կանգնած լինեն, ով ուզում է կանգնած լինի։ Եթե աշակերտն իր բերանից, իր ընտանիքից խտացրած կաթ է բերում, որ ուղարկի ռազմաճակատ, ու դա հավաքվում է արջանոցում, գայլանոցում կամ չգիտեմ, ես դատապարտում եմ այդ երևույթը, ով ուզում է լինի․ Ավետիսյան Վարդանը լինի, Մանվել Գրիգորյանը լինի, ով ուզում է լինի, ես հիասթափված եմ։

Դուք անձամբ երբևէ եղե՞լ եք Մանվել Գրիգորյանի ամառանոցում։

Անձա՞մբ, չէ, այդպիսի բախտ չի վիճակվել։

Իր տանն է՞լ չեք եղել։

Չէ, ես իր մերձավոր մարդկանցից չեմ։ Բախտ չի վիճակվել ինձ, չեմ եղել ոչ անձամբ իր տանը, ոչ էլ ամառանոցում։ Ամառանոցի տեղը մոտավորապես գիտեմ, բայց չեմ եղել էլի։

Իր մեքենաները չե՞ք տեսել։

Չէ, չէ, ընդհանրապես։ Ես նույնիսկ այդ մեքենաները երեկ որ տեսա, ապշած եմ, հավաքածու կար։

Իսկ զինվորականների շրջանում էլ տեղյակ չէի՞ն, որ Մանվել Գրիգորյանը մեքենաների հավաքածու ունի։

Կարող է շատերը տեղյակ են եղել, ես առանձնապես չեմ հետաքրքրվել, ինձ չի էլ հետաքրքրել, թե ինչ ունի ինքը, ինչ չունի, բայց իմ մտքով չէր անցել, որ այդքան մեքենա կունենա Մանվելը։  

Ես ուզում եմ նաև իմանաք, որ այդ օգնությունների մեծ մասը հիմնականում բերվել է Երկրապահի պահեստներ։ Չեն բերել 5-րդ բանակային կորպուսի անձնակազմի կենտրոնացման հավաքատեղի։ Դպրոցները, շատ հասարակական կառույցներ, բարերարներ իրենց օգնություններն անմիջապես ուղարկել են «Երկրապահի» ենթակա պահեստներ։

Ուղարկել են «Երկրապահի» պահեստներ, բայց Ձեզ տեղյա՞կ են պահել՝ որպես ՊՆ պաշտոնյա, որ ուղարկել ենք օգնություն։

Շատերը տեղյակ են պահել, շատերը՝ ոչ։ Շատերը չեն ուզել որևէ մեկին իրենց օգնության մասին հայտնել։ Նրանք, ովքեր տեղյակ են պահել, նրանց մասին իմացել ենք մենք։ Ես գիտեմ, որ շատ դեպքերում մարդիկ օգնությունն ուղարկել են միանգամից «Երկրապահի» պահեստներ՝ անմիջապես կապ ունենալով նրանց հետ և շրջանցելով ՊՆ կազմակերպչական աշխատանքները։

Այն օգնությունը, որը դրսից ուղարկվել է ՊՆ հասցեով, մենք գնացել ենք, մաքսազերծել ենք և ուղարկել՝ ըստ առաջնահերթությունների, նպատակային ուղղություններով։ Իսկ այն օգնությունը, որն անմիջապես եկել է «Երկրապահի» հասցեով, իրենք են այդ գործառույթները լրիվ կատարել, դրա մասին մենք տեղյակ չենք եղել։ Ես, համենայնդեպս, իրազեկված չեմ եղել։

Կարելի՞ է ասել՝ ստեղծված իրավիճակը Պաշտպանության նախարարության վերահսկողական մեխանիզմի թերացումն է։

Ոչ, չի կարելի ասել, որովհետև նախարարությունը հասարակական կառույցների կողմից օգնություն տրամադրելը վերահսկելու իրավասություն չունի։

Լուս․՝ razm.info-ի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. armengalstyan10 18:18 - 18 հունիսի, 2018
Այ... եսսիմինչ,հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրվելիքը գուցե չվերահսկի,բայց արդեն տրամադրածը տեղ հասցնելը պարտավոր է վերահսկել;
2. Սուրեն Պետրոսյան07:27 - 19 հունիսի, 2018
Էդ որ ասում են."օգնությունը կամ ճանապարհից է շեղվել, կամ էլ գնացել է Արցախ, նորից հետ եկել", տեսնես ինչու չի շեղվել ու եկել մեր տուն, այլ գնացել է մանվելի առանձնատուն:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ