HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արծրուն Հովհաննիսյան․ «Կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ օրինական չէին կարող լինել»

ՊՆ-ն տարիներ շարունակ ԵԿՄ-ին օրինական ճանապարհով տրամադրել է սնունդ, հագուստ և այլ պարագաներ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կատարած խուզարկությանը։ Հովհաննիսյանը ներկայացրեց ընթացակարգը, թե ինչպես են տարիներ շարունակ ԵԿՄ-ին տրամադրվել մի շարք պիտույքներ։

«Այն իրերը և առարկաները, որոնց վրա գրված է, որ արտադրված է ԶՈՒ-ի համար, օրինական ճանապարհով փոխանցվել են ԵԿՄ-ին երկու ճանապարհով։ ԵԿՄ-ն արդեն ավելի քան քսան տարի ակտիվ պահեստազորի ամենամյա բանակումներ է իրականացնում, որի ժամանակ դիմում է ՊՆ-ին ու ստանում տարբեր տեսակի պիտույքներ։ Երկրորդ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում և ՊՆ-ի մատակարարման վրա են եղել, այսինքն՝ ստացել են սնունդ, հագուստ և այլն»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ չի կարող ասել, թե հայտնաբերված տեսանյութում պիտույքները որ ճանապարհով են հայտնվել, «քննությունը ցույց կտա»։

Ինչ վերաբերում է նվիրաբերված իրերին, Հովհաննիսյանն ասաց, որ չի կարող պաշտոնապես մեկնաբանել այդ հարցը, քանի որ այդտեղ ՊՆ-ն որևէ վերահսկողական գործառույթ չի ունեցել։ Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ վերահսկողական գործառույթ չի եղել նաև ԵԿՄ-ին տրամադրված պիտույքների նպատակային կիրառությունը ստուգելու հարցում։ ՊՆ-ն նման պիտույքներ է տրամադրել ոչ միայն ԵԿՄ-ին, նաև այլ կառույցների, ՀԿ-ների, որոնք պահեստազորի պատրաստվածությամբ են զբաղվել։

Հովհաննիսյանն ասաց, որ իրավասու չէ պատասխանել հայտնաբերված զենքի հետ կապված հարցին, քանի որ քննություն է ընթանում։ «Բայց կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ օրինական չէին կարող լինել»,- ասաց նա։

Մեր հարցին, որ կան դպրոցներ, որոնց ֆեյսբուքյան էջերում ժամանակին լուսանկարներ են տեղադրվել, թե ինչպես են օգնություն ուղարկել սահման, ՊՆ-ից էլ շնորհակալություն են հայտնել դպրոցի տնօրենին, Հովհաննիսյանն ասաց․ «Հետք»-ի հրապարակումը տեսել եմ, բայց մանրամասներին չեմ տիրապետում, չգիտեմ, թե այդ դպրոցը ում է օգնություն տվել, ինչ, ինչքան»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter