Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Հովնանյան կրթաթոշակ՝ ուսանողներին․ մրցույթը կկայանա նոյեմբերին



Բուհերի ընդունելության քննությունների ավարտից հետո դիմորդների համար պարզ կդառնա, թե արդյոք հնարավորություն ունեն պետբյուջեից ստանալ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում: Քանի որ դրանից հետո շատ ուսանողներ սկսում են ավելի ակտիվ փնտրել ֆինանսավորման լրացուցիչ տարբերակներ, մենք հարցեր էինք ուղարկել «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամին», որը Հայաստանում կրթաթոշակներ է տրամադրում հայաստանյան բուհերում սովորող հայ ուսանողներին։ 

«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը» ստեղծվել է 1986 թվականին Միացյալ Նահանգներում ամերիկահայ բարերարներ Հրայր և Աննա Հովնանյանների կողմից։ Հիմնադրամը տարբեր ծրագրեր է իրականացրել կրթության ոլորտում, որոնցից մեկը հայ ուսանողներին կրթաթոշակների տրամադրումն էր՝ արտերկրի համալսարաններում սովորելու նպատակով: Այս ծրագիրը, ինչպես մեզ տեղեկացրին հիմնադրամից, այժմ չի գործում։

Փոխարենը հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրում հայ ուսանողներին՝ մասնակի (ուսման տարեկան վարձի մինչև 50 տոկոսի չափով) փոխհատուցելով նրանց ուսման վարձը հայաստանյան բուհերում։

«Հետք»-ի գրավոր հարցերին պատասխանում է հիմնադրամի երևանյան մասնաճյուղը։

Հիմնադրամի կայքում նշված է, որ ուսանողական կրթաթոշակի մրցույթը կազմակերպվում է ամեն կիսամյակ: Ե՞րբ է կայանալու հերթական մրցույթը և քանի՞ ուսանողի եք կրթաթոշակ տրամադրում ամեն մրցույթի արդյունքում:

Հերթական մրցույթը կկայանա նոյեմբերի 1-ից 10-ը: Ուսանողների քանակը հաստատուն չէ, 600-800 ուսանող՝ յուրաքանչյուր կիսամյակում։

Դուք նշել եք, որ կարող են դիմել բարձր առաջադիմությամբ ուսանողները։ Կրթաթոշակի ընտրության միակ սկզբունքը բարձր առաջադիմությո՞ւնն է:

Ոչ, միակ սկզբունքը չէ առաջադիմությունը, կարևոր է նաև ընտանիքի սոցիալական վիճակը: Նախապատվությունը տրվում է սահմանին ծառայածներին, ազատամարտիկների երեխաներին, սահմանամերձ գյուղերում բնակվողներին, ինչպես նաև ակտիվ կամավորական աշխատանքներին ներգրավված լինելուն։ 

Ո՞ր բուհերի և մասնագիտությունների ուսանողներին եք առաջնահերթություն տալիս: Կա՞ն համալսարաններ կամ ֆակուլտետներ, որտեղ սովորող ուսանողներին չեք ֆինանսավորում:

Բոլոր պետական բուհերը ներառված են, սակայն նախապատվությունը տրվում է Հայաստանի համար արդի մասնագիտություններին, օրինակ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, արվեստ, դիզայն, գյուղատնտեսություն, լրագրություն, իրավաբանություն, բժշկություն, և այլն։

Կարո՞ղ են Հովնանյան կրթաթոշակի մրցույթին դիմել նաև հայաստանյան բուհերում սովորող, արտերկրի քաղաքացիություն ունեցող հայ ուսանողները:

Այո։

Ուսանողները հաճախ հետաքրքրվում են՝ ուսման վարձը լրի՞վ, թե՞ մասնակի եք փոխհատուցում:

Հիմնականում տրվում է մեկ ամբողջ կիսամյակի համար։

Կրթաթոշակները տրամադրվում են միայն բուհում ուսումնառությա՞ն, թե՞ նաև կրթական այլ նպատակով, օրինակ՝ արտերկրում կոնֆերանսի կամ վերապատրաստման մասնակցություն:

Ոչ, կրթաթոշակը տրամադրվում է միայն բակալավր կամ մագիստր ծրագրով սովորողներին։

«Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամից կրթաթոշակ ստանալու դիմումը կարող եք գտնել այս հղմամբ։ Հետևյալ երկու հղումներով կարող եք գտնել ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություն, և հիմնադրամի կոնտակտային տվյալներ։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ