HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը

Հունիսի 18-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը՝ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորությամբ: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության կազմում էին Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ռումինիայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Կիպրոսի և Լիտվայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականները:

ԱԳՆ-ն հայտնում է, որ ԱԳՆ ղեկավարը ողջունեց եվրոպացի խորհրդարանականների պարբերական այցերը Հայաստան՝ կարևորելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում խորհրդարանական համագործակցության հարթակը:

Եվրոպացի խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին, և այցը լավ առիթ է՝ անդրադառնալու ՀՀ-ԵՄ օրակարգի բազմաոլորտ հարցերին, ինչպես նաև առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին:

Նշելով, որ ապրիլի 11-ին Հայաստանի Ազգային Ժողովը միաձայն վավերացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ զրուցակիցները հույս հայտնեցին, որ Եվրոպական խորհրդարանը շուտով կվավերացնի համաձայնագիրը։

Հանդիպման մասնակիցները կարևորեցին Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը։

ԱԳ նախարարը զրուցակիցներին տեղեկացրեց, որ վաղը մեկնելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու Եվրամիության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ:

Հյուրերի խնդրանքով ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին և առաջնահերթություններին՝ ընդգծելով գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը եվրախորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ, ինչպես նաև երկրի դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter