HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կուրսանտի գործով երրորդ ամբաստանյալը ևս հերքեց իր առնչությունը սպանությանը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալ Վաչե Սահակյանը: Ըստ գործի նյութերի՝  սպանության մեջ մեղադրվող կուրսանտները դեպքի օրը՝ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը, Սահակյանի ծննդյան օրն են նշելիս եղել ու խմել:

Սահակյանը հերքեց իր առնչությունը դեպքին, նշեց, որ Հայկազ Բարսեղյանի սպանության մասին իմացել է հունվարի 29-ի առավոտյան:  Ինչպես սպանության գործով ամբաստանյալ Գնել Թևոսյանը, նա ևս հայտարարեց, որ իր դեմ ցուցմունքներ տված անձինք դա արել են ֆիզիկական ու  հոգեբանական ճնշման պայմաններում: Ըստ վկայի՝ ռազմական ոստիկանությունում, որտեղ իրենք դեպքից հետո տարվել են, ճնշումներ եղել են ոչ միայն իր  դեմ ցուցմունք տված անձանց, այլ նաև իր ու մյուս ամբաստանյալների  նկատմամբ:

Ամբստանյալների և վկաների նկատմամբ բռնություն գործադրելու հարցը մշտապես քննարկման առարկա է եղել այս գործով դատական նիստերի ընթացքում: Մեղադրող դատախազ Կարեն Հարությունյանը դատարանին առաջարկեց ամբաստանյալին ևս մեկ անգամ զգուշացնել սուտ մատնություն կատարելու դեպքում նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Դատավոր Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ իր կողմից գործով անցնող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարություններից հետո ինքը Գլխավոր դատախազությանն այդ  առնչությամբ գրություն է ուղարկել,  որն առ այսօր անպատասխան է մնացել: Դատախազ Կարեն Հարությունյանը նշեց, որ վերը նշված հանգամանքի առնչությամբ քննություն իրականացրել է, գործով անցնող որևէ անձի նկատմամբ բռնության փաստ  չի հաստատվել:

Ամբաստանյալներ Վաչե Սահակյանի և Գնել Թևոսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանն էլ դատախազին  հակադարձեց, թե գործը սահմանված կարգով չի քննել Հատուկ քննչական ծառայությունը, այլ նույն  կառույցում գտնվող մի քննիչը ստուգել  է մեկ այլ քննիչի կողմից ենթադրյալ խոշտանգման փաստը, ինչպիսի պայմաններում անիրատեսական է ակնկալել օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն:

Նշենք, որ Վաչե Սահակյանը դատարանում  հրաժարվեց ենթադրյալ բռնության վերաբերյալ մանրամասներ հայտնել՝ թեև պնդում է, որ իրենց նկատմամբ բռնությունների մասին նախաքննության ընթացքում չի խոսել՝  նպատակահարմար գտնելով դրանք բարձրաձայնել դատարանում:

Դատարանը տևական ժամանակ փորձում էր պարզել Վաչե Սահակյանի և վերջինիս պաշտպան Արա Զաքարյանի դիրքորոշումը, թե արդյոք վերջիններս կողմ են, որ դատարանը ևս մեկ անգամ գրություն ուղարկի Դատախազություն՝ կապված դատարանում ամբաստանյալի կողմից արված հայտարարությունների հետ այն մասին, որ իրենց  և գործով մի շարք այլ անձանց նկատմամբ բռնություն է եղել: Երկար ժամանակ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում չհայտնելուց հետո ի վերջո Արա  Զաքարյանն ասաց, որ թեև ինքը չի առարկում, որ դատարանը գրություն  ուղարկի Դատախազություն՝ ինքն անձամբ այս պահին դեռևս նպատակահարմար չի գտնում  նման քայլի դիմել: Ըստ Արա Զաքարյանի՝ շուտով ինքը միջնորդություններ է ներկայացնելու, որոնք բավարարելու դեպքում բռնության հանգամանքը մերկացնող փատեր են ի հայտ գալու:

Այսօրվա դատական նիստին հրապարակվեցին ամբաստանյալ Վաչե Սահակյանի և Հայկազ Բարսեղյանի սենյակում քնող կուրսանտների միջև առերես հարցաքննության արձանագրություններ: Հատկանշական է, որ նրանցից մեկի՝ Սամվել Սերոբյանի հետ Սահակյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել, սակայն Սերոբյանը ևս նրա դեմ ցուցմունքներ է տվել, պնդել, որ Վաչե Սահակյանը մասնակցել է Հայկազ Բարսեղյանի սպանությանը, ապա հարց ուղղել Սահակյանին, թե ինչո՞ւ են նման բան արել: Ինչպես դատարանում, առերես հարցաքննության ժամանակ ևս Վաչե Սահակյանը չի ընդունել, որ առնչություն է ունեցել Հայկազ Բարսեղյանի սպանությանը

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել է ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակից:

Դատական նիստն այսօր ավարտվեց, և մյուսը նշանակվեց հունիսի25-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter