HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Ո՞րն է Հայաստանի «խորքային պետությունը»

«Խորքային պետություն» բառակապակցությունը մեզ մոտ ասոցացվում է  Թուրքիայի հետ։ Բարձրաստիճան զինվորականներից կազմված «Էրգենիկոն» և մյուս գաղտնի կառույցների դեմ Թուրքիայում ընթացող մի շարք  դատավարությունների շնորհիվ այդ արտահայտությունը մտել է քաղաքաքագիտական բառապաշար։ Այդ արտահայտությունը սկսել են հաճախ կիրառել Միացյալ Նահանգներում։ Ըստ հիմնական թեզի` ամերիկյան «խորքային պետությունը» պատերազմ է հայտարարել Թրամպին։ Մյուս երկրներում նույնպես սկսել են փնտրել իրենց «խորքային պետությունները»։ Այնուամենայնիվ, ինչ երևույթ է դա, և արդյոք նման բան Հայաստանում ևս գոյություն ունի։

«Խորքային պետություն»-ն անգլերեն deep state  արտահայտության թարգմանությունն է, որն ունի նաև այլ անվանումներ` Parallel state (զուգահեռ պետություն), Shadow Government (ստվերային կառավարություն)։ Այդպես են անվանում մարդկանց այն խմբավորումները, որոնք ոչ ֆորմալ կառույցների միջոցով, ստվերային եղանակներով կառավարում են երկրները և պետական ապարատի համար կադրային դարբնոց են։

Տարբեր երկրներում «խորքային պետություն»-ները տարբեր տեսք են ունենում։ Օրինակ՝ Թուրքիայում մինչ Էրդողանի կառավարումը բանակի գլխավոր շտաբի խորքում ձևավորված խմբավորմանն էին վերագրում նման դերակատարումը, հիմա, ըստ որոշ տեսակետների, այդ դերը կատարում են տարբեր դերվիշական կրոնական միաբանությունները, որոնք իսլամիստական կուսակցությունների համար կադրային դարբոց են դարձել։ Հիմնական ընդդիմադիր կառույցը նույնպես համարվում է կրոնական կազմակերպությունը՝ Գյուլենի գլխավորությամբ։ Ոմանք Թուրքիայի խորքային պետության ծագումը տանում են դեպի օսմանյան ժամանակաշրջան։

Թուրքիայում համարվում է, որ «խորքային պետության» (Derin devlet) գաղափարական հիմքն ազգայնականությունն է և կորպորատիվիզմը, որոնք, ըստ իրենց պատկերացումների, ծառայում են պետության շահերին ու երկրի ազդեցության տարածմանը։ Նախկին վարչապետ Բյուլենտ Էջևիթը, բնութագրելով այդ երևույթը, ասել էր, որ դա մեկ միասնական կառույց չէ, այլ բաղկացած է տարբեր խմբավորումներից, որոնք կուլիսներում միմյանց դեմ են պայքարում։ Կան նաև այլ կարծիքներ, որ ստվերային կառավարությունները ստեղծվում են նաև արտասահմանյան երկրների հատուկ ծառայությունների աջակցությամբ` աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար, մասնավորապես` ժամանակին Թուրքիայում ամերիկացիները նման կառույցներ էին ստեղծել Սովետական Միության ազդեցությունը չեզոքացնելու համար։ Մի խոսքով, տեսակետները տարբեր են և պարտադիր չի, որ միմյանց հակասեն։

Նման թեժ քննարկումներ են ընթանում նաև Միացյալ Նահանգներում։

Բյուրոկրատիայի օրինաչափությունների մասին Պարկինսոնի հայտնի օրենքներից մեկում ասվում է, որ մարդկանց ցանկացած մեծ խմբում, որը կազմավորվում է կառավարելու նպատակով, միշտ ձևավորվում է մի այլ, ավելի փոքր խումբ, հաճախ` ստվերային, որը ստանձնում է որոշումներ ընդունելու և աշխատակազմի  ընտրության պատասխանատվությունը։ Ըստ այդ «օրենքի»` դա բնական և ինքնաբուխ գործընթաց է։

«Խորքային պետությունների» մասին կան տարբեր կարծիքներ՝ բացասական ու դրական։

Բացասական կարծիքների հիմքում ընկած է այն թեզը, որ ստվերային կառավարումը ժողովրդից խլել է կառավարության ձեւավորման թափանցիկ մեխանիզները, որի արդյունքում ընտրությունները զուտ ձևական միջոցառումներ են, իսկ իրականում իշխանությունը պատկանում է ստվերային կառավարությանը։

Օրինակ` 2014 թվականին ԱՄՆ Կոնգրեսի` Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող աշխատակից Մայք Լոգֆրենն այսպես է բնութագրել  այդ երևույթը. «Դա պետական ծառայողների, բարձր դիրքեր զբաղեցնող ֆինանսական և արդյունաբերության մասնավոր կազմակերպությունների ղեկավարների հիբրիդային միավորում է, որը ղեկավարում է ԱՄՆ-ն` առանց հարցնելու ամերիկացիների կարծիքը, դրանով ձևախեղելով քաղաքական գործընթացը»։

Սակայն, կան նաև հակառակ կարծիքներ։ Մասնավորապես, ամերիկյան հայտնի իրավապաշտպան և լրագրող Դեն Կովալիկը կարծում է , որ. «Խորքային պետությունը կառավարության մի հատվածն է, որը ցանկացած վարչակարգի ժամանակ պահպանում է իր դիրքերը։ Այն բաղկացած է կառավարության բոլոր աստիճաններում ծառայող հազարավոր պետծառայողներից (մասնավորապես` ՊՆ-ում, հետախուզության և հետաքննության ծառայություններում), որոնք, անկախ իշխանության փոփոխությունից, մնում են իրենց տեղերում»։ Ըստ Կովալիկի` իրերի նման վիճակն անհրաժեշտ է, որպեսզի ընտրությունների միջոցով իշխանության եկած կուսակցություններից պաշտպանի պետական ծառայողներին, նաև՝  ընտրողների կամայականություններից։ Այսինքն, նրանք պահպանում են պետության կուրսը, անգամ, եթե ընտրողները դա չեն ցանկանում։

Նման կերպ են բացատրում Թրամփի դեմ պետական ապարատի դիմադրությունը։ Ըստ Կովալիկի` «խորքային պետությունը» կարող է ավելի ազդեցիկ լինել, քան անգամ նախագահը։

Կալիֆոռնիայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ջոն Մայլզի կարծիքով`  «ազդեցիկ երկրների խորքային պետությունից պետք չէ վախենալ, հակառակը՝ պետք է համագործակցել։ Դա ոչ թե ինչ-որ գաղտնի, յուրահատուկ ու մենաշնորհային ինստիտուտ է, այլ բաց, միմյանցից տարանջատված, բազմապլանային ինստիտուցիաներ»։ Նրանց նպատակը կայունությունը և երկրի բարգավաճումն ապահովելն է։

Ինչպես տեսնում ենք, կարծիքները տարբեր են, և գուցե իրականությունը դրանց մեջտեղում է։

Իսկ որքանով է Հայաստանում այդ երևույթն արդիական, քննարկումների թեմա։

Արդյո՞ք Հայաստանում կա ստվերային կառավարում

Հայաստանում «խորքային պետության» գոյության մասին կասկածներ միշտ էլ եղել են։ Ըստ քաղաքական «նախասիրությունների»` դրանք տարբեր են.

 

  • խորհրդային «ԿԳԲ»-ն և նրա նախկին աշխատակիցները դեռևս գործում են և նրանք են ստվերային պայմաններում Հայաստանի իրական որոշում կայացնողները, իսկ նրանց «կառավարման վահանակը» գտնվում է Մոսկվայում,
  • արևմտյան հատուկ ծառայությունները ՀԿ-ների և Արևմուտքում ուսում ստացած շրջանավարտների միջոցով փորձում են զավթել պետությունը և այն ծառայեցնել իրենց նպատակներին,
  • «ղարաբաղյան կլանը» ծագումնաբանական սկզբունքով ընտրում է իր կադրերը և գրավել է պետությունը, իսկ նրանց ծառայում են մի շարք «ոչ ղարաբաղցիներ», որոնք ապահովում են այդ կլանի արտաքին դիմակը,
  • իշխանափոխությունից հետո նոր տեսակետ է առաջացել, թե նախկին իշխանությունը, իր ձեռքում պահելով փողը և միջին ու ներքին կառավարման օղակները, պատրաստվում է հակահեղափոխության։ Պետության իրական «կառավարման վահանակը» դեռևս նրանց ձեռքերում է։

Այս հոդվածում մեր խնդիրը չի քննարկել այդ տեսակետների իրավացիությունը կամ իրավացիության աստիճանը, այլ թե որքանով է օբյեկտիվ «խորքային պետություն» հասկացությունը պետությունների կառավարման գործում։

Ըստ վերը բերված Պարկինսոնի օրենքի` կառավարման մեծ համակարգերում որոշումներ ընդունող նեղ խմբի առաջացումն անխուսափելի է, սակայն ի՞նչ գաղափարախոսության և կազմավորման ի՞նչ կանոնների վրա է այդ խմբավորումը ձևավորվում, արդեն արդիական խնդիր է։

Ցանկացած պետության ողնաշարը բյուրոկրատական մեքենան է։ Այդ մեքենան կարող է «ցեմենտվի» կոռուպցիայի միջոցով, ինչպես դա եղել է մինչև վերջերս։ Կարող է կառուցվել որևէ գաղափարախոսության վրա և հասարակության համար լինել ընդունելի, կամ էլ՝ անընդունելի, ունենա լեգալ կամ անլեգալ կանոնակարգ։

Իշխանափոխությունից հետո մենք երկու՝ դրական և բացասական երևույթների ականատեսը եղանք։

  • Ոստիկանության, զինված ուժերի և ազգային անվտանգության ծառայություններում, դատախազությունում և դատական համակարգում գործեցին համապատասխան օրենքները, և ընտրվեցին համակարգի չափորոշիչներին համապատասխան նոր ղեկավարներ։ Այդ ինստիտուտների անկախության և կոմպետենտության չափորոշիչները պահպանվեցին։ Դրանց կոռումպացվածության աստիճանը և առողջացման մեթոդների խնդիրն այստեղ չենք քննարկի։
  • Բացասական երևույթն այն է, որ բյուրոկրատական կոմպետենտության և կարիերայի աստիճանականության խնդիրը խաթարվեց, երբ «փողոցից» հայտնված մարդիկ զբաղեցրեցին ոչ միայն քաղաքական, այլև մյուս պաշտոնները, որոնք խախտեցին կոմպետենտության աստիճանակարգը։ Ինչո՞ւ պետք է մարդը պլանավորի իր պետական ծառայողի կարիերան ու իր մասնագիտական կյանքը, եթե ավելի հեշտ է զբաղվել քաղաքականությամբ և միանգամից հայտնվել համապատասխան դիրքում։ Դա մեծ հարված է պետծառայողների հոգեբանությանը։

1988-ից հետո շատ երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի մարդիկ ազատեն Ազատության հրապարակը և փորձեն մասնագիտական կյանքով ապրել։ Այժմ նույնպես տարբեր կուսակցությունների դռների մոտ հերթեր են առաջացել։ Կուսակցությունները նորից վերածվում են աշխատանքի տեղավորման բյուրոների։

Այսպիսով, «Խորքային պետության» մասին կան տարբեր պատկերացումներ, բայց պետության կայունության համար պետք է արժեքների որոշակի համակարգ լինի, սկզբունքներ, պետական գաղափարախոսություն, որոնք անհրաժեշտ են` լուծելու այն խնդիրները, որոնց համար հասարակությունն ապստամբեց, սակայն որոնց կայացման ճանապարհը դեռ ձևակերպված չէ։

Մեկնաբանություններ (3)

Խոսրով Հարությունյան
Անշուշտ Պարկինսոնի օրենքը գործում է անվրեպ և Անկախ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններում եղել է մարդկանց մի նեղ խումբ, որը դե ֆայտո որոշումներ է կայացրել: Սակայն, ըստ իս, մեզանում իրական պրոբելմն այն է, որ եղել է լուրջ խզում որոշումների հետևանքների քաղաքական պատասխանատվության առումով՝ միշտ չէ, որ որոշման հետևանքների քաղաքական պատասխանատվությունը կրել են դե ֆակտո որոշում կայացնողները, քանի որ հաճախ դե ոյւրե որոշում կայացնելիս նրանք կամ նրանց մի մասը չեն երևակվել հանրությանը: Բայց եթե այդ որոշումները կայացնում են մարդիկ, որոնք ուղղակի ներգրավված են (կապ չունի շատ թե քիչ) իշխանության մեջ, այսինքն շահագրգռված են իշխանության գործունեության արդյունաներում, ապա դա դեռ կարելի է հանդուրժել: Սակայն կարող են լինել դեպքեր, երբ որոշումները ձևավորվում են դե յուրե իշխանությունից գտնվող անձանց շրջանում, ինչը ոչ միայն անթույլատրելի է, մեր պարագայում նաև վտանգավոր: Ուստի, խնդիրն այն է, որ խորքային կամ ստվերային կառավարությունները լինեն հնարավորինս լեգալ, նույնիսկ օրենքներով կանխանշված (օրինակ կուսակցությունների, ՀԿ-ների , լոբինգի մասին և այլն): Իսկ ինչ վերրաբերրվում է քաղաքացիական ծառայությանը կամ հատուկ ծառայություններին, ապա այս համակարգերում աշխատանքի կայունության և մասնագիտական որակներով պայմանավորված կարիերային առաջխաղացման սկզբուները պետք է լինեն սահմանադրական պահանջներին հավասար անխախտելի, քանի որ այդ համակարգն է նախապատրաստում ( հետևաբար և երաշխավորում) ընդունվող որոշումների որակը, ուստի,բոլոր հավասար պայմաններում, նաև արդյունքների որակը: Մի բան, որ ներկայումս կարծես թե չի կարևորվում:
Գիշյան
Ես կադացել եմ Ձեր ՚՚Ինչ կառավարման համակարգ է ձևավորվում Հայաստանում՚՚ հոդվածը: Լրիվ համաձայն եմ հոդվածում հնչեցված մտքերի հետ: Հիմա երբ նախապատրաստվում են նոր ընտրությունների, Դուք ինչ փոփոխություններ կառաջարկեիք, որ կատարվեր ընտրական օրենսգրքում: Հարգանքներով Ս. Գիշյան 077-57-03-77
Վահիկ
Ինձ ևս կհետաքրքրի հեղափոխության և նրա առաջնորդ ուժերի,կուսակցությունների գաղափարը որը կարտացոլվի նոր կառավարության երկիրը վարելու տեսլականում· Բացի այդ եթէ նրանք կամենում են օրվա քամով զանազան մարտահրավերներին արձագանքել, այս դեպքում, բարի գիշեր հեղափոխություն:Կենսաթոշակների հարցը ցոյց տվեց որ հեղափոխության ներընկնված անձանք և կազմակերպությունները ինչ քաղաքական կողմնորոշություն ունեն,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter